| «ԵՒ
ԿԵՆԴԱՆԵԱՑ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ ՏԷՐ
ԾԱՆՈՒՑԻՆ ԶՔԵԶ ՄՈՎՍԷՍ ԵՒ ԵՂԻԱ»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
«Եւ մինչդեռ իջանէին ի լեռնէ
անտի, պատուիրեաց նոցա զի մի՛ ումեք
պատմեսցեն զոր տեսինն, բայց յորժամ Որդի մարդոյ ի մեռելոց յարիցէ»:
ՄԱՐԿ. Թ 8
 իսուսի
Այլակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար կամ
գլխավոր տոներից մեկն է: Այն նշվում է Ս. Զատկից 14 կամ Հոգեգալստից
յոթը շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը, խորհրդանշում է Տիրոջ
լուսաշող կերպարանքով երեւալն այս բացառիկ հայտնության երեք վկաներին՝
Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս Առաքյալներին: Ըստ Եկեղեցական ավանդության՝
Պայծառակերպությունը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, եւ այդ առիթով
ստացել նաեւ Աղոթքի լեռ անվանումը: Տոն է պայծառության եւ հոգենորոգման:
Ահա այսպես կարելի է բնորոշել բոլորիս համար սիրելի տոնը, որ ոչ
միայն ներքին ծածուկ շքեղություն ունի, այլեւ արտաքին եւ գրավիչ:
ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՈՒՄ
Այս գեղեցիկ ու աստվածային տոնը հիմնված է Ավետարանների վկայության
վրա: Ըստ Ավետարանների՝ Քրիստոս Իր երեք աշակերտների հետ բարձրանում
է Թաբոր լեռն աղոթքի եւ այնտեղ պայծառակերպվում: Հետո Նարեկացին
պիտի ասեր. «Շուշանն շողեր…շողշողեր դեմ արեգականն»: Երեք աշակերտները՝
Պետրոսը, Հովհաննեսն ու Հակոբոսը, լինելով մահկանացու, դեռեւս մահ
չճաշակած, արժանացան Տիրոջ աստվածային փառքը տեսնելուն, քանզի, պայծառակերպվելուց
օրեր առաջ, Հիսուս Իր աշակերտներին ասել էր. «Ճշմարիտ եմ ասում ձեզ,
որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ
որ չտեսնեն մարդու Որդուն եկած իր արքայությամբ» (Մատթ. ԺԶ 28):
Ավետարանները պատմում են, որ երեք աշակերտները երբ տեսան այլակերպյալ
Քրիստոսին, վախեցան ու զարմացան, բայց միեւնույն ժամանակ հիացան,
եւ ոչ մեկը չէր համարձակվում ինչ-որ բան հարցնել: Այդ ժամանակ Քրիստոսի
կողքին հայտնվեցին Մովսես եւ Եղիա մարգարեները: Մովսեսը, ինչպես
եւ հայտնի է, մահացել էր Քրիստոսի ծննդից հարյուրավոր տարիներ առաջ
եւ եկել էր մեռյալների մոտից, իսկ Եղիան եկել էր երկնքից, քանզի
մահը չէր ճաշակել, այլ մարմնով երկինք էր համբարձվել: Ահա այս երկու
հինկտակարանյան մարգարեների ներկայությունն աղաղակում է կարեւոր
մի հանգամանքի մասին, որ, այո, Քրիստոս է այն ճշմարիտ փրկիչը, Ով
պիտի գար եւ արդեն եկել է: Նա է մեռյալների ու ողջերի, երկնավորների
ու երկրավորների Տերն ու Աստվածը: «Աստված մարդացավ, որ մարդն Աստվածանա»,-
ասում է Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին:
Թաբոր
լեռան վրա գտնվող երեք աշակերտներից եւ ոչ մեկը չէր շտապում ներքեւ
իջնել կամ հեռանալ, այլ, ընդհակառակը, ուզում էին որքան հնարավոր
է երկար մնալ աստվածային ներկայության մեջ:
Պետրոսն ասում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք
տաղավար շինենք, մեկը՝ Քեզ, մեկը՝ Մովսեսի եւ մյուսը՝ Եղիայի համար»
(Ղուկ. Թ 33): Ինչպես Ավետարանիչներն են միաբան վկայում՝ Պետրոսը
«Ոչ գիտէր զինչ խօսէր» (Ղուկ. Թ 33): Ըստ այդմ` Պետրոսը խորհրդանշում
էր հույսը, Հակոբոսը՝ հավատը, Հովհաննեսը՝ սերը: Եվ Աստծո ներկայությունն
առավել կատարյալ եղավ, քանի որ երկու մեծ մարգարեների երեւմանը հաջորդեց
Ամենասուրբ Երրորդության հայտնությունը: Շուտով ամպը հովանի եղավ
նրանց վրա, որի միջից Հայր Աստված ձայնեց. «Դա է իմ սիրելի Որդին,
դրան լսեցեք» (Մարկ. Թ 6): Երբ աշակերտներն այս լսեցին, բերանքսիվայր
ընկան եւ սաստիկ վախեցան: Հիսուս մոտենալով՝ դիպավ նրանց ու ասաց.
«Ոտքի ելեք եւ մի վախեցեք»: Նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից
բացի ոչ ոքի չտեսան (Մատթ. ԺԷ 1-8): Միանշանակ հայրերը նույնպես
Աստծուն լեռան վրա տեսան, ինչպես Աբրահամը, Մովսեսը, Եղիան, Սողոմոնը:
Քանի որ Մովսեսին լեռան վրա տրվեց Հին Օրենքը, հետեւաբար Նոր Օրենքն
Առաքյալներին նույնպես պիտի լեռան վրա տրվեր:
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից երրորդը
հավատավոր հայորդուն է մեկնում մեր Տիրոջ Պայծառակերպության կամ
Այլակերպության խորհուրդը, որ, համաձայն եկեղեցական տոնացույցի,
մեծ շուքով նշվում է հրաշափառ Սուրբ Հարությունից 98 օր հետո: Պայծառակերպության
տոնը կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Վարդավառն այս տարի տոնախմբվեց
հուլիսի 27-ին:
Տոնի ուրախ առիթով հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ
անմահ Պատարագ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս
մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն.
Գրիգորյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ,
պատարագիչ Տեր Հայրը հանգամանալից մեկնեց տոնի խորհուրդը:
ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՋՐԱԽԱՂ
Վարդավառի
տոնին մեծ ու փոքր, տղամարդ ու կին կժերով, սափորներով եւ դույլերով
իրար վրա ջուր են ցանում: Հնում այս տոնին ծաղիկներ էին հավաքում,
փնջեր կազմում եւ միմյանց նվիրում: Ցարդ ճշգրտված չէ, թե հեթանոսական
որ աստվածության հետ է կապվել Վարդավառը, թեեւ կան մի քանի բացատրություններ:
Հին մատենագրության մեջ առաջին անգամ Ս. Սահակ Պարթեւի անունով հասած
կանոնների մեջ ենք հանդիպում Վարդավառ բառին: Ս. Գրիգոր Լուսավորիչը
Վարդավառի փոխարեն հաստատեց Հովհաննու եւ Աթանագինեի տոնը, իսկ Լուսավորչից
հետո՝ Ե կամ Զ դարերում, հայերն Այլակերպության տոնը միացրին Վարդավառին:
Դարձյալ համաձայն ժողովրդական սովորույթների, իմանում ենք, որ Վարդավառի
տոնն իր մեջ պահում է նաեւ պտղաբերության, բերքահավաքի խորհուրդը:
Ջրի միջոցով սրբվեց երկրագունդը Նոյի ժամանակ, իսկ Քրիստոսի ավանդած
մկրտությամբ մարդիկ վերստին ծնվում են ջրից ու Սուրբ Հոգուց եւ սրբագործվում:
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
Հուլիսի 28-ին, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց
հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ
քհն. Գրիգորյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՍՐԿ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
>>>
|
|