Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ

«Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»:
Ա ԿՈՐՆԹ. Գ 11

իրելի՛ հավատավոր ժողովուրդ,

Հայրապետիս համար հոգեւոր անհուն ուրախություն է, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ այս օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների՝ հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից եւ սփյուռքի համայնքներից: Հայրական սիրով ողջունում ենք ձեզ եւ բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ամենքիդ:

Հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում՝ վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտն առ Աստված ու հայրենին եւ առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգեւոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը եւ նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին, մեր բազմադարյա պատմության ընթացքին: Աստված մեզ ընդունեց իբրեւ ազգ սուրբ եւ ժողովուրդ սեփական (Ա Պետր. Բ 9) եւ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տեսիլքով, ազգիս պարգեւեց Սուրբ Էջմիածինը՝ որպես փրկության տապան եւ մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն: «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. Գ 11),- ասում է Պողոս Առաքյալը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է, որ դրոշմված է ամեն հայի հոգում: Սուրբ Էջմիածինը մեր հոգեւոր էությունն ու ազգային դիմագիծն է, մեր սիրտն ու ոգին, մեր անցյալն ու ներկան եւ մեր ապագան: Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը: Չկա Սուրբ Էջմիածին՝ առանց հայության, եւ չկա հայություն՝ առանց Սուրբ Էջմիածնի: «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապեալ կան»,- ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը:

Սուրբ Էջմիածինն անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին: Կաթողիկոսանիստ Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ Հայրապետական առաջնորդություն եւ օրհնություն է բաշխվում համայն հայությանը: Քրիստոսաէջ այս վայրում, դարեր առաջ Հայրապետական Աթոռի վերահաստատումով, ազգս հայոց համախմբվեց Հայաստանում եւ վերականգնեց իր անկախ պետականությունը: Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Սուրբ Եկեղեցու առաքելությունը եւ ենթարկեցնել իրենց շահերին: Այդ ճանապարհը, ցավալիորեն, կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում: Բայց հավատավոր մեր ժողովուրդը, ունկնդիր Տիրոջ խոսքին, թե՝ «ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. ԺԲ 25), միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը եւ ի սեր հայրենյաց համախմբվածությունը:

Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում: Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջեւ միավորման ջանքերի փոխարեն՝ շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները: Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը եւ ուղիղ հարված՝ հայոց պետականությանը: Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երեւույթի՝ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում: Արդարեւ, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի՛ ծնվի, բռնաճնշումներով երկիր չի՛ կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի՛ հաստատվի: Սուրբ Էջմիածինը, հավատարիմ հոգեփրկչական եւ ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը, հետեւողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը եւ համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային ու հայրենական կյանքի առջեւ ծառացած դժվարություններն ու մարտահրավերները:

Սիրելինե՛ր, որդիական հավատարմության զգացումներով այսօր դուք, որպես ուխտավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եք՝ օրհնություն ստանալու տոնի առիթով դուրս բերված Տերունական Սուրբ Խաչի Մասունքից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջից, Սուրբ Գեղարդից եւ երկրպագության համար ձեզ մատուցված սրբություններից: Այս սրբությունների հրաշագործ զորությամբ, մեր բարդ ու վտանգաշատ ժամանակներում, փորձությունների մեջ մխիթարություն պիտի գտնենք, ուժ առնենք՝ նեղությունները դիմագրավելու, բարօր կյանք ու լուսավոր ապագա կերտելու:

Սուրբ Էջմիածնի տոնի այս նվիրական օրը, Առաքյալի խոսքով, պատգամում ենք ձեզ. «Հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք: Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ. ԺԶ 13-14): Հավատարիմ մնացեք Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածնին, ձեր ինքնությանը: Հաստատակամությամբ պաշտպանեք մեր պատմությունն ու սրբազան մեր արժեքները, մեր հավատքը, սրբությունները եւ նախանձախնդիր եղեք ազգաշեն ու հայրենօգուտ բարի գործերի մեջ: Ապրեցեք համերաշխությամբ, միմյանց հանդեպ հոգատարությամբ եւ միշտ ընթացեք աստվածահաճո ուղիներով: Հավատում ենք, որ մեր ժողովրդի սերն առ Աստված եւ նվիրումն առ հայրենին ամուր հիմք ու երաշխիք են մեր համընդհանուր իղձերի ու տեսիլքների իրականացման, մեր խաղաղ ու անվտանգ կյանքի:

Այս հոգենորոգ օրը Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում ձեզ եւ Մեր բոլոր զավակներին, ովքեր մշտապես, ինչպես եւ Եկեղեցու դեմ իրականացվող դատապարտելի արշավի այս օրերին, իրենց անսակարկ սերն ու աջակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն:

Միասնական աղոթքով հայցենք հավատքի մեր Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Սուրբ Տրդատ թագավորի բարեխոսությունը, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգեւ հավատով ու հույսով: Աղոթենք արցախցի մեր քույրերի ու եղբայրների համար` զորակից լինելով նրանց նեղությունների ու դժվարությունների հաղթահարման գործում: Աղոթենք Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զավակների ազատ արձակման, ինչպես նաեւ մեր երկրում հանիրավի կալանավորված մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանի ազատության համար: Խնդրենք Ամենակալից, որ Իր Սուրբ Աջի պահպանությունն ու հովանին եւ Քրիստոսադրոշմ Սուրբ Էջմիածնի առատ օրհնությունները միշտ տարածյալ լինեն մեր ազգի եւ հայոց աշխարհի վրա:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը եւ խաղաղությունը թող լինեն մեզ եւ ամենքի հետ: Ամեն:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները