Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

«Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար,
ովքեր պահում են Նրա ուխտն ու վկայությունը»:
ՍԱՂՄ. 24-10

ունիսի 15-ին՝ Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, այցելեցին Լոռու եւ Տավուշի մարզերի պատմական սրբավայրեր: Այգաբացին ճանապարհորդությունն սկսեցին աղոթքով՝ հայցելով Աստծո օգնությունը:

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

Առաջին հանգրվանը Մակարավանքն էր՝ կառուցված 10-13-րդ դարերում: Միանշանակ Հայաստանը մի մեծ թանգարան է բաց երկնքի տակ: Այդ թանգարանի մի հատվածն էլ ամփոփված է Արեւելան Հայաստանի Աղստեւ գետի հովտի գեղատեսիլ, բնական պաշարներով հարուստ տարածքում: Գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արեւմուտք՝ Պայտաթափ կոչվող սարահարթի վրա: Գլխավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին 10-րդ դարի կառույց է եւ պատկանում է գմբեթավոր սրահատիպ ճարտարապետական կառուցվածքին: Գլխավոր խորանի կիսակլոր պատի մեջ քանդակված է տասներեք գոգավոր խորշ՝ իրարից բաժանված կամարակապ որմնասյուներով: Եկեղեցին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, իսկ խաչքարը կանգնեցվել է եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո՝ ի հիշատակ կառուցողի եւ աջակցողների: Օծվել է Ընդհանրական Եկեղեցու Սուրբ Մակար Եգիպտացու (Մակար Մեծ, 301-391) անունով: Մակարավանքի մյուս եկեղեցին նույնպես կրում է Ս. Աստվածածին անունը, գտնվում է գլխավոր եկեղեցուց արեւելք: Այն կառուցվել է վանքի առաջին վանահոր՝ Հովհաննես Ա-ի կողմից՝ 1198 թվականին: Նշենք, որ Մակարավանքն անվանվել է նաեւ Ագռավավանք: Ինչպես վերն ասվեց՝ եկեղեցին հարուստ է մեծաթիվ քանդակներով: Դրանցից ամենաուշագրավը եկեղեցու հարավային պատին պատկերված երկու կռվող առյուծներն են, որոնք համարվում են Բագրատունիների արքայական խորհրդանիշը:

Ուխտագնացներն այստեղ ներկա եղան մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Արշավիր քհն. Ասատրյանը: Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ ուխտավորներ ստացան Սուրբ Հաղորդություն:

ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Երկրորդ հանգրվանը Նոր Վարագավանքն էր՝ կառուցված 13-րդ դարում, որն այսօր խոնարհված է: Հիրավի՝ կյանքի վերընձյուղման շարունակության խորին խորհուրդն է կրում իր մեջ Վարագավանքը: Եկեղեցու խորհրդավոր կամարների ներքո, ուխտավորներն իրենց աղոթքն առաքեցին առ Տեր Աստված՝ խնդրելով հայոց ազգին սեր, միություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անսասանություն:

ԳՈՇԱՎԱՆՔ

Իջեւանի տարածաշրջանի Գոշ գյուղում է գտնվում Գոշավանքը, ուր այցելողի հոգուն երկնային թովիչ խաղաղություն է իջնում: Զորավոր է, որովհետեւ վանքի հիմքն ու շաղախը սերն է, խնդրակատար է, որովհետեւ աղոթքն առ Աստված լսելի է: Եթե արաբ շեյխը, ականջը մոտեցնելով Հաղարծնի պատին, ասել է. «Ես լսեցի Աստծո ձայնը», ապա ես Գոշավանքում զգացի Տիրոջ ներկայությունը: Ուխտավորներն այստեղ վառեցին իրենց հավատի մոմերը, խնկարկեցին եւ ծնրադիր աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին: Երեկոյան, զորացած հոգիներով, բոլորը շարժվեցին Գյումրի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները