Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՅԿԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉՈՒՄ

ունիսի 21-ին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հայկաձորի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որ գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին, չեզոք գոտում: Տարին երեք անգամ է սահմանը բացվում հայոց կողմից՝ աղոթատան սուրբ կամարների ներքո հյուրընկալելու Հայաստանի տարբեր մարզերից եկած ուխտավորներին:

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

985 թվականի կառույց է, գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Ըստ հարավային ճակատի արձանագրության՝ աղոթատունը կառուցել է Հոռոմոս վանքի առաջնորդ Տ. Սարգիս եպիսկոպոսը: Նրա մահվանից հետո եկեղեցու կառուցումը շարունակել է Սողոմոն եպիսկոպոսը՝ Սամեհան ճարտարապետի ձեռամբ: Կառուցված է կարմիր սրբատաշ տուֆաքարով եւ կրաշաղախով: Սելջուկների արշավանքներից հետո, որոնց ընթացքում եկեղեցին ենթարկվել է մեծ ավերումների, հավանաբար 13-րդ դարասկզբին ամբողջապես վերակառուցվել է, վերականգնվել են գմբեթը, ինչպես նաեւ ճակատների երեսապատումը:

2021 թվականին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, օծվեց գմբեթի խաչը եւ տեղադրվեց երկնաբարձ գագաթին: Գմբեթի հին խաչը, որի վրա թշնամին կրակել էր մի քանի տեղով, նախաձեռնությամբ թեմակալ Առաջնորդի, այժմ գտնվում է Ս. Յոթվերք եկեղեցու բակում՝ ժողովրդին հիշեցնելով թշնամու վայրագության մասին: Հավելենք նաեւ, որ 1921 թվականին, բոլշեւիկյան տիրապետության ժամանակարշրջանում, եկեղեցու շրջակայքն ամբողջությամբ պատվել է փշալարերով, եւ դեպի եկեղեցի մուտքն արգելափակված է ռուս սահմանապահների կողմից:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հունիսի 21-ին, առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, ուխտավորները ներկա գտնվեցին առավոտյան ժամերգությանը, ապա շարժվեցին դեպի Հայկաձորի սահման: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Սարգիս քհն. Սարդարյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Ներկա ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին եւ Ս. Արյանը, ապա, մաքրված ու զորացած, շարունակեցին ճանապարհը դեպի Անիպեմզա, ուր գտնվում է Երերույքի խոնարհված տաճարը: Այստեղ նրանք վառեցին իրենց հավատքի մոմերը, խնկարկեցին:

ՋՐԱՓԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾՒՆ ԵԿԵՂԵՑԻ

Վերջին կանգառը Ջրափիի 1860 թվականի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Գյուղը հիմնվել է 1974 թ., ուր վերաբնակվել են Ներքին եւ Վերին Ջրափիների բնակիչները: Նշված գյուղերը մնացել են Ախուրյան ջրամբարի տակ: Երկու գյուղերի Ս. Սարգիս (19-րդ դար) եւ Ս. Աստվածածին (1860 թ.) եկեղեցիներից վերջինը քար առ քար տեղափոխվեց եւ նոր գյուղի մերձակա բլրի վրա նույնությամբ վերակառուցվեց՝ շնորհիվ գյուղաբնակ բարերար Կարեն Մելիքյանի: Սակայն Ս. Սարգսի տեղափոխված քարերը մինչեւ այսօր էլ դեռ համբերությամբ սպասում են իրենց բարերարին: Հավելենք նաեւ, որ 2019 թ. հունիսի 1-ին, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, օծվեց Ս. Աստվածածին եկեղեցու զանգը: Այստեղ եւս իրենց աղոթն առ Աստված ուղղելուց հետո ուխտավորները բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները