| «Ի
ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ, ՀԱՅՐ
ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ»
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՆ Ի ՎԻՐԱՊԵՆ ՏՈՆԸ
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ
«Թեպետ ուրիշ ազգերի հավատացյալները
եւս սուրբ հովվապետեր եւ լուսավորիչներ
ունեն, սակայն նրանք երկար տարիներ բազմատեսակ չարչարանքների
բովում չեն մաքրվել, ինչպես մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը»:
ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ
այ
Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս
Առաքյալներից շուրջ 250 տարի հետո Ս. Գրիգորը, հավատի զորությամբ
եւ կենդանի նահատակությամբ, դարձավ հայոց երկրորդ լուսավորչը: Հոր
մեղքի համար ապաշխարության բազում տանջանքներով լի ուղին Ս. Գրիգորին
տարավ Խոր Վիրապ, որտեղից էլ սկսվեց առաքելապատիվ հովվապետությունը,
քրիստոսատու փառքի առաջնորդությունը, քահանայապետություն տանող ճանապարհը:
Թունավոր զեռունների հարեւանությամբ վիրապում Գրիգոր Լուսավորիչը
մնաց գրեթե 14 տարի: Նրան կերակրում էր մի այրի կին, ամեն օր գաղտնի
մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Սուրբն ազատվեց վիրապից Հռիփսիմյանց
կույսերի նահատակությունից ինն օր անց:
Տրդատ
թագավորը հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ: Նրա քույրը երազ տեսավ՝
համաձայն որի Տրդատին կարող էր բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված
Գրիգորը: Մարդիկ կարծում էին, թե նա արդեն մահացել է, սակայն երազը
երեք անգամ կրկնվելով, ստիպեց վերջիններիս փորձել ու համոզվել՝ արդյո՞ք
Գրիգորը ողջ է: Տասներեքամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում
հայոց մեծագույն սուրբը: Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան:
Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում
է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին Հովվապետ: Վիրապից ելնելուց
հետո Սուրբը նահատակության վայրերում ամփոփում է կույսերի մարմինները
եւ ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում
է Հայ Եկեղեցում եւ կոչվում «Առաջավորաց» (առաջին պահք): Շուրջ երկու
ամիս նա քարոզում է Քրիստոսի վարդապետությունը: Քարոզության վերջին
օրը Լուսավորչին հայտնվում է Միածին Փրկիչը՝ լույսերի մեջ երկնքից
իջնելով: Աստվածային հրաշալի տեսիլքով նրան ցույց է տրվում Մայր
Տաճարի հիմնադրման վայրը: Տերը պատգամում է նաեւ վկայարաններ կառուցել
խաչազգեստ Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում:
Մեզ մնում է հոգով ցնծալ եւ հանապազ աղոթել՝ մեր երախտագիտությունը
հայտնելով Աստծուն, որ նման հայրապետ է մեզ պարգեւել, եւ որին ժողովուրդը
Լուսավորիչ է անվանել, հոգիների Լուսավորիչ, որ դուրս բերեց իր ժողովրդին
կռապաշտության խավարից ու փոխարենը լուսավորեց Հիսուսի անմար կրակով:
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵՎ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
21 հունիսի: Ս. Գր. Լուսավորչի ելն ի վիրապեն տոնի ուրախ առիթով
հայոց եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սուրբ Պատարագ
մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին առաջնորդանիստ եւ Ս. Գր.
Լուսավորիչ եկեղեցիներում: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, մեծաթիվ
հավատացյալների ներկայությամբ, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց
Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվան պատշաճող հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորչում օրվա պատարագիչն ու քարոզխոսն
էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Այստեղ եւս ներկա էին մեծաթիվ ուխտավոր
հավատացյալներ:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՍՐԿ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
>>>
|
|