Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 5 (305), մայիս 2025 թ.  


 

       

«ՄՏԷՔ ԱՌԱՋԻ ՆՈՐԱ ՑՆԾՈՒԹԵԱՄԲ,
ԾԱՆԵՐՈՒՔ, ԶԻ ՆԱ Է ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

«Հին ձեռագրերն ամբարաններում հնագույն զենքեր են,
որոնցով ժողովուրդը դարերով պաշտպանել է իրեն...»:
ԿԻՄ ԲԱԿՇԻ

այիսի 14-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ մի խումբ հավատացյալներ բռնեցին Երեւանի սրբավայրեր տանող ճամփան:

ԶՈՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սուրբ Մովսես Գ Տաթեւացի Հայրապետի (1629-1632) հիշատակի օրվա առիթով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց Զորավոր հրաշագործ Ավետարանը: Եկեղեցին զորավոր է կոչվել այստեղ հանգչող Ս. Անանիա Առաքյալի հրաշագործ մասունքների շնորհիվ:

ԶՈՐԱՎՈՐ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Զորավոր Ավետարանը պահվում է Ս. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտում: Ավետարանի հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանը, այլեւ եկեղեցին ուր այն պահվել է, մարդիկ կոչել են Զորավոր: Սուրբ Մոսես Գ Տաթեւացին երկար տարիներ ճգնել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու անապատ-վանքում: Հայտնի է եկեղեցական իր մեծ բարեգործություններով եւ շուրջ հինգ հազար հայերի գերությունից ազատելու ջանքերով:

4060 համարը կրող՝ 292 մագաղաթյա թերթ ունեցոզ, Զորավոր Ավետարանի գրման ստույգ թիվը, գրչի անունը եւ գրչության վայրը պահպանված չեն, միայն հիշատակարաններից հասկանալի է, որ այն գնել է Վիշապիկի որդի Հակոբը եւ նվիրել Երեւանի Երկուերեսանի եկեղեցուն (Նորքի զանգվածի եկեղեցիներից մեկն է եղել): Ձեռագրում պահպանված է նաեւ կազմողի, նորոգողի հիշատակարանը, որ գրել է, թե ականատես է եղել Ավետարանի հրաշագործություններին: Ուսումնասիրողները ենթադրել են, որ այդ հիշատակարանի հիման վրա էլ ստեղծվել է այն գաղափարը, թե ձեռագիրն ունեցել է հզոր ուժ:

Ըստ մանրանկարների գույների՝ Ավետարանը համարվում է 15-րդ դարի ձեռագիր: Այն, ի պատիվ ընթերցողի, կոչվում է նաեւ Վիշապենց Ավետարան: Զորավոր Ավետարանի հետ կապված հետեւյալ ավանդությունն էլ կա, համաձայն որի այն գրի է առել Ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանության ճանաչված ուսումնասիրողներից Գ. Ինճիճյանը: Ըստ նրա՝ թշնամական արշավանքների ժամանակ կողոպտվել է Սեւանա կղզու վանքը, իսկ գողացված արժեքների թվում է եղել հրաշագործ զորավոր մի Ավետարան, որն ինչ-որ ձեւով լիճն է ընկել: Լճից Զանգու (Հրազդան) գետի ջրով Ավետարանը հասնում է մինչեւ Երեւան եւ հայտնվում մի կնոջ մոտ, ով եւ Սուրբ Գիրքը հանձնում է Ս. Անանիայի վանքին: Այստեղ Ավետարանը պահվում է մինչեւ 19-րդ դարավերջ:

Հայտնի չէ, թե երբ եւ ինչ պարագաներում է Զորավոր Ավետարանը տարվել Արտազի Ս. Թադեոս Առաքյալի վանք, որտեղից եւ 1911 թ. մագաղաթյա ձեռագիրը բերվել է Էջմիածին, իսկ 1939-ին կրկին Երեւան:

Մայիսի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած մեծաթիվ հավատացյալների փափագն էր հաղորդակից լինել Զորավոր հրաշագործ Ավետարանին եւ ներկա գտնվել Ս. Պատարագին՝ խնդրելով, այդ օրը հիշատակվող, Ս. Մովսես Գ Տաթեւացի Հայրապետի բարեխոսությունը: Ուխտավորները նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:

ԵՐԵՎԱՆԻ Ս. ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների փոքրիկ քարավանը, հավատքով զորացած, շարժվեց դեպի Ս. Աննա եկեղեցի: Այն կառուցվել է 2015 թվականին եւ հարակից է Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն: Այստեղ նրանք սիրով վառեցին իրենց հավատի մոմերը, աղոթք առաքեցին առ Աստված: Վերջին կանգառը Արաբկիրի՝ 2017 թ. կառուցված, Ս. Խաչ եկեղեցին էր, ուր ուխտավորները վառեցին ի-րենց հավատքի մոմերը եւ երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները