| «ՏԷ՛Ր,
ՈՒՂՂԵԱ ԶԳՆԱՑՍ ՄԵՐ Ի ՃԱՆԱՊԱՐՀՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ…»
որ
կիրակին կամ Կրկնազատիկն իր մեջ ներառում է վերջին օրվա խորհուրդը
եւ նոր է կոչվում, որովհետեւ Աստված այս օրն է ստեղծելու «Նոր երկինքն
ու նոր երկիրը»: Կրկնազատիկ է, որովհետեւ այն նաեւ ազատության ու
հարության խորհուրդն ունի: Մեզ՝ քրիստոնյաներիս համար կիրակին հանգստի
եւ հոգեւոր մտորումների օր է:
Ապրիլի
27-ին՝ Կրկնազատկի տոնի ուրախ առիթով, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա
Խաչատրյանի նախաձեռնությամբ, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցիների մի խումբ հավատացյալներ ուխտավորաբար այցելեցին Արագածոտնի
մարզի երեք նշանավոր եկեղեցիներ՝ Մուղնու Ս. Գեւորգ, Արուճի Ս. Գրիգոր
Լուսավորիչ եւ Կոշի Ս. Աստվածածին:
ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ
Ուխտավորների առաջին հանգրվանը Մուղնու՝ 14-րդ դարի Ս. Գեւորգ եկեղեցին
էր: Այստեղ նրանք ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին:
Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր քրեակատարողական հիմնարկների հոգեոր
տեսուչ Տ. Ռուբեն վրդ. Զարգարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր Սուրբն ի մասնավորի նշեց, որ
արդեն մի քանի տարի է, ինչ Կրկնազատկին եկեղեցի է բերվում Շուրիշկանի՝
1498 թ. ձեռագիր մատյանը, որ պահվում է Մատենադարանում:
ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ
1973 թ. հրաշագործ, խնդրակատար Ավետարանը, երկար դեգերումներից հետո,
հանգրվանում է Մատենադարանում՝ հայրենադարձ Ներսես եւ Մաթեւոս Ծառուկյանների
ընծայաբերմամբ: Վասպուրականի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում
Թուրվանդա իշխանը Տեր Բարսեղ քահանային պատվիրում է ընդօրինակել
Ավետարանը: 17-րդ դարում, Շահ Աբաս 5-րդի տեղահանությունների ժամանակ,
հայ գաղթականներն իրենց հետ Սուրբ Գիրքը տեղափոխել են Իրանի ամենահայաբնակ
Փերիա գավառ, ուր ապրում էր Տեր Գրիգորը, ով եւ Ավետարանը տեղափոխում
է Շուրիշկան: Այստեղից էլ ծագում է Ս. Գրքի անունը՝ Շուրիշկանի Ավետարան:
Շուրիշկանում վանեցիները թաքցնում են Ավետարանը Սուրբ Բարսեղ Կեսարացու
վանքի տարածքում եւ մի ծառ տնկում այդ վայրում՝ իբրեւ նշան: Ավանդության
համաձայն՝ Արաքսն անցնելիս Ս. Գիրքն ընկնում է գետը եւ յոթը տարի
շարունակ մնում այնտեղ: Երբ կրկին հաջողվում է Արաքսի ջրերից հանել
Մատյանը, այն ունենում է սկզբնական տեսքը: 322 թերթերից միայն առաջին
երեք թերթերի եզրերն են փոքր-ինչ թրջված լինում: Ջրի հետքերն առ
այսօր նկատելի են, սակայն չեն վնասվել մանրանկարները: Ս. Գրքի կաշեպատ
կազմը պատված է արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով՝ ընդելուզված
թանկարժեք քարերով: Ըստ ավանդույթի՝ այդ քարերը պարսիկ փաշայի նվիրատվությունն
են՝ իր որդուն Ավետարանի միջոցով բժշկելու համար:
ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Երկրորդ սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Արուճի Ս. Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցին էր, որ 666 թվականին կառուցել է հայոց ամենանշանավոր
իշխաններից մեկը՝ Գրիգոր Մամիկոնյանը: Կաթողիկե եկեղեցու օծումը
կատարվել է ձեռամբ Անաստաս Ակոռեցի Կաթողիկոսի: Վերջինս նորոգվել
է 973 թ. եւ 15-րդ դարում: Այժմ աղոթատունը խոնարհված է եւ սպասում
է վերակառուցողին: Եկեղեցու կամարների տակ ուխտավորները հնչեցրին
շարականներ ու աղոթքներ, խնկարկեցին, վառեցին իրենց հավատքի մոմերը:
ԿՈՇԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
Վերջին հանգրվանը Կոշի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այն կառուցվել
է 1897 թվականին: Այստեղ եւս ուխտագնացները երգեցին մի քանի շարականներ,
իրենց հոգու աղոթքն առաքեցին առ Տերը՝ խնդրելով խաղաղություն աշխարհին,
անսասանություն Հայ Առաքելական մայր Եկեղեցուն, առողջություն հիվանդներին
եւ բարօրություն հայ ժողովրդին, իսկ երեկոյան զորացած հոգիներով
շարժվեցին Գյումրի:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|