| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Աստված կյանք տա ամենքին,
Ջա՜ն ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ուրախ կըլնի էս տարին,
Ջա՜ն վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
 այիսի
31-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի
օրհնությամբ, Երիտասարդաց միությունը, Համբարձման տոնի խորհրդով,
կազմակերպել էր ուխտագնացություն Արագածոտնի թեմ:
Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում (Ս. Յոթվերք), Շիրակի
թեմի արժանապատիվ Տեր Մակար եւ Տեր Գարեգին քահանաների գլխավորությամբ,
ուխտավորներն աղոթք բարձրացրին առ Աստված եւ ճանապարհ ընկան:
Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան հաղորդվում է անցյալի սրբազան
ժառանգությանը եւ կապ հաստատում ապագայի հետ:
Ուխտագնացների առաջին կանգառը Ծաղկեվանքն էր, ուր միասնական աղոթք
վերառաքեցին մեր հայրենիքի անսասանության ու խաղաղության համար:
Տ. Գարեգին քհն. Սարգսյանը երիտասարդների հետ զրուցեց ուխտագնացությունների
կարեւորության մասին՝ նշելով, որ, Համբարձման տոնի խորհրդով նախաձեռնված,
այս ուխտագնացությունը եւս մեկ քայլ է՝ Աստծուն ավելի մոտ գտնվելու
համար: Ուխտավորները միասին երգեցին նաեւ հոգենորոգ շարականներ:
Հաջորդ հանգրվանը Տեղերի Սուրբ Աստվածածին վանքն էր: Այստեղ երիտասարդներն
ունեցան հոգեւոր զրույց Տեղերի հովվության հոգեւոր հովիվ Տ. Մխիթար
քհն. Ահարոնյանի հետ:
Ըստ
ժողովրդական սովորության՝ տոնի մասնակիցները նախ ծաղիկներ հավաքեցին,
այնուհետեւ կժի մեջ յոթն աղբյուրից յոթը բուռ ջուր, յոթը տեսակի
ծաղկից յոթը տերեւ, յոթը տեսակի ծաղիկ, յոթը տեսակի քար հավաքեցին:
Ծաղիկները հավաքելուց հետո միասին հյուսեցին ծաղկեպսակները: Կատարվեց
նաեւ վիճակահանություն:
Տ. Մակար քհն. Գալամդարյանը երիտասարդների հետ զրուցեց Համբարձման
տոնի խորհրդի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը
Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրվա
մասին:
Վանքի հարակից տարածքում ուխտավորները համախմբվեցին նաեւ սիրո ճաշի
շուրջ, որը կազմում է միության ուխտագնացությունների անբաժան մասը:
Երիտասարդներն այցելեցին նաեւ Աղձքի արքայական դամբարան, որտեղ ամփոփված
են եղել հայոց Արշակունի արքաների աճյունները:
Ուխտավորների հաջորդ հան-գրվանը Արագածոտնի թեմի սրբավայրերից Աշտարակի
Սուրբ Մարիանե եկեղեցին էր, ուր տեղի հոգեւոր հովիվ Տ. Հովել քհն.
Օհանյանը հակիրճ ներկայացրեց եկեղեցու պատմությունը եւ օրհնեց երիտասարդներին:
Ուխտավորներն
այցելեցին նաեւ Աշտարակի Սուրբ Կարմրավոր, Ծիրանավոր եւ Սպիտակավոր
եկեղեցիներ՝ իրենց աղոթական ներկայությամբ Բարձրյալից հայցելով Հայոց
Եկեղեցուն անսասանություն եւ հայրենիքին պայծառություն:
«Ով սիրում է Աստծուն, պահում է նրա պատվիրանները եւ հաղթում աշխարհին»,-
ասում է Հովհաննես Ավետարանիչն իր Ընդհանրական առաջին թղթում: Աստծո
սիրուց դրդված՝ այսօր մենք հաղթահարեցինք դժվարությունները եւ ուխտավորաբար
եղանք մեր սրբավայրերում, նորից ուխտեցինք լինել Տիրոջ Խոսքն ու
պատվիրանները պահողներ, որպեսզի հաղթենք աշխարհին եւ պահպանենք այդ
հաղթությունը՝ Աստծո ներկայության մեջ ապրելով եւ ուղենշած ճանապարհով
քայլելով, անբաժանելի մասը եւ անդամը լինելով մեր Տիրոջ Սուրբ Եկեղեցու՝
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու»,- իր խոսքում նշեց Տ. Մակար քհն.
Գալամդարյանը՝ ամփոփելով հոգենորոգ ուխտագնացությունը:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|