Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 5 (305), մայիս 2025 թ.  


 

       

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

այաստանյայց Առաքելական Եկեղեցին Ս. Հարության տոնից 40 օր հետո` մայիսի 29-ի հինգշաբթի օրը, տոնախմբեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը եզրափակում է Նրա երկրավոր առաքելության եւ ավետարանական պատմության շրջանը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու հիշատակն է:

Քրիստոսի համբարձման պատմությունը շարադրված է Նոր Կտակարանում (Մարկ. ԺԶ 19-¬20, Ղուկ. ԻԴ 50¬-53, Գործք Ա 9-¬11): Սուրբ Հարության մեծ եւ պատմական դեպքից անցել էր քառասուն օր, որի ընթացքում հարուցյալ Տերը բազմիցս երեւաց վշտաբեկ ու հուսահատ Իր աշակերտներին` նրանց վերահաստատելով իրենց հավատի եւ առաքելական կոչման մեջ: «Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում խոսելով Աստծու արքայության մասին» (Գործք Ա 3¬4): Հարուցյալ Քրիստոս այդ քառասուն օրերի ընթացքում չդադարեց քարոզել: Երեւալով Իր աշակերտներին, մորը եւ յուղաբեր կանանց՝ Նա միշտ խոսում էր Երկնքի արքայության մասին, հուսադրում, քաջալերում ու մխիթարում, որպեսզի Իր` երկինք գնալու պատճառով չտրտմեն: Հիսուս նրանց մեջ սերմանեց նաեւ համբերություն ու արիություն. համբերություն` հույսով սպասելու Նրա` նախապես տված խոստման իրագործմանը. «Եթե Ես գնամ, ձեզ համար տեղ կպատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես եմ, այնտեղ նաեւ դուք լինեքե (Հովհ. ԺԴ 3), եւ արիություն` ընդդեմ գալիք փորձությունների, որպեսզի կարողանան աներկյուղ քարոզել Ավետարանը:

Նրա քառասնօրյա երեւումները եւ անկասկածելի ներկայությունն առաքյալների մտքում ու գիտակցության մեջ հաստատեցին, որ անհավատալին իրականացել է, եւ խաչի ու մահվան մթությանը հաջորդել է հարուցյալ կյանքի եւ հավիտենության լույսը:

«ԵՎ ԲԱԺԱՆՎԵՑ ՆՐԱՆՑԻՑ՝
ԲԱՐՁՐԱՆԱԼՈՎ ԵՐԿԻՆՔ»

Մայիսի 29-ին Գյումրու Անի թաղամասում տոնական յուրահատուկ մթնոլորտ էր: Սուրբ Հակոբ եկեղեցում, ձեռամբ Տ. Վարուժան ավագ քհն. Տերտերյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի պատարագիչ Տեր Հայրը հանգամանալից քարոզ խոսեց՝ մեկնելով օրվա խորհուրդը:

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «Վիճակ» եւ «Ջանգյուլում» անուններով: Վիճակ գցելու ավանդությունը զուգորդվում է Համբարձման տոնի հետ: Երբ Հուդան, դավաճանության պատճառով, դուրս մնաց Առաքյալների շարքից, վերջիններս, իրենց թիվը կրկին տասներկու դարձնելու համար, վիճակ գցեցին երկու արժանավորների՝ Հովսեփ Բարսաբայի ու Մադաթիայի միջեւ:

Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին՝ «Սուրբ Հակոբ» կիրակնօրյա դպրոցի սաները նույնպես տոնակատարությունն սկսել էին մեկ օր առաջ. կժով յոթն աղբյուրից ջուր էին հավաքել: Այնուհետեւ նրանք ջրով լի սափորի մեջ էին գցել իրենց իրերը, ավելացրել յոթը տեսակի ծաղիկ եւ եկեղեցու խորանի առջեւ աղոթքի կանգնել:

Սուրբ Պատարգից հետո երեխաները մեկտեղվեցին մշակութային բաժնում, ուր նրանց միացավ Շիրակի թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

Բոլոր ներկաները մասնակցեցին վիճակահանությանը եւ օգտվեցին հյուրասիրությունից:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները