| ՍՈՒՐԲ
ԽԱՉԻ ԵՐԵՎՄԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ
«Ի յերկնից երեւալ նշանն յաղթութեան այսօր
հեթանոսաց ծագեաց
լոյսն ողորմութեան»:
ՇԱՐԱԿՆՈՑ
մեն
տարի Սուրբ Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը (այս տարի՝ մայիսի
18), մեր երանաշնորհ հայրապետների տնօրինության համաձայն, Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երեւման տոնը՝
մեկ անգամ եւս հիշելով Տիրոջ չարչարանքները, Նրա խաչելությունը եւ
խաչի վրա Նրա թափած անմեղ արյամբ մարդկային ցեղի փրկությունը: Այս
տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է, որ տեղի ունեցավ 351
թվականի մայիսի 7-ին՝ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, երբ
երկնքում ուժեղ լույս փայլեց եւ մարդիկ ականատես եղան զարմանալի
մի հրաշքի: Երկնքում երեւաց փրկչական խաչի նշանը, որի պայծառությունից
մթագնեց արեգակը: Այն շատ գեղեցիկ էր եւ շողարձակում էր ծիածանագույն
շրջանակի մեջ: Լույսը տարածվելով՝ անցավ Գողգոթայից մինչեւ Ձիթենյաց
լեռը:
Քրիստոնյաները շտապեցին դեպի Սիոնի մայր եկեղեցի եւ այնտեղ երկար
աղոթեցին ու իրենց գոհությունը հայտնեցին Աստծուն, որ արժանացան
մեծագույն փառքի՝ խաչյալ Հիսուսի նշանը տեսնելուն: Այդ հրաշքին ականատես
եղան ոչ միայն քրիստոնյաները, այլեւ Երուսաղեմի՝ տարբեր կրոններ
դավանող, մյուս բնակիչները: Հրեաներից շատերը հավատացին աստվածային
նշանին եւ, գալով քահանաների մոտ, խնդրեցին իրենց մկրտել, որպեսզի
Քրիստոնեական Եկեղեցու անդամ դառնան:
Տարիներ անց Երուսաղեմի երկնքում դարձյալ շողարձակեց տերունական
խաչը եւ, աստվածային հրաշքով, դրոշմվեց անհավատների հագուստների
վրա՝ ինչպես կրակից խանձված տեղեր: Մեծ մասը ցանկանում էր սրբել
խաչի նշանը հագուստի վրայից կամ լվանալ, բայց անօգուտ, որովհետեւ
դա Աստծո հանդիմանության կնիքն էր: Շատերը դարձի եկան, հավատացին
Հիսուսին, Սուրբ Կյուրեղի ձեռքով մկրտվեցին՝ համալրելով քրիստոնյաների
շարքերը:
Կյուրեղ Հայրապետը նամակ գրեց Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, պատմեց
Երուսաղեմում Ս. Խաչի երեւման մասին եւ խնդրեց, որ ամուր մնա քրիստոնեական
ճշմարիտ հավատի մեջ: Նամակը 5-րդ դարում թարգմանվեց հայերեն եւ մինչ
օրս, Ս. Խաչի երեւման տոնին, կարդացվում է հայոց եկեղեցիներում:
Հայոց պատմության մեջ եւս քիչ չեն խաչի երեւումները: Կորյունն ու
Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցի մահն ու թաղումը նկարագրելիս,
հիշում են, որ Վաղարշապատում լուսավոր խաչանշանը մի քանի օր շարունակ
փայլել է երկնքում այն տան վրա, ուր Սուրբն ավանդել է հոգին, ինչպես
նաեւ ուղեկցել թաղման թափորը մինչեւ հուղարկավորության վայր եւ անհետացել
միայն Սրբի մարմինը գերեզման իջեցնելուց հետո: Սուրբ Խաչի երեւումները
տարբեր ժամանակաշրջաններում մատնանշում են Աստծո ներկայությունը
մարդկանց մեջ, եւ ապացույցն են մարդկանց հանդեպ Նրա սիրո ու հոգատարության:
Մայիսի 18-ին՝ տոնի ուրախ առիթով, Գյումրու Ս. Յոթվերք, Ս. Նշան,
Ս. Հակոբ, Ս. Հռիփսիմե, Ս. Ամենափրկիչ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս.
Մինաս, Ս. Սարգիս եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր
Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց եւ օրվա խորհուրդը
մեկնեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|