| «ԾԱՓՍ
ՀԱՐԷՔ, ԱՄԵՆԱՅՆ ՀԵԹԱՆՈՍՔ, ԱՂԱՂԱԿԵՑԷՔ
ԱՌ ԱՍՏՈՒԱԾ Ի ՁԱՅՆ ՑՆԾՈՒԹԵԱՆ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Հիացան վերնական իշխանութիւնք
եւ սոսկալի ձայնիւ աղաղակէին առ միմեանս.
ով է սա թագաւոր փառաց, եկեալ մարմնով եւ սքանչելի զօրութեամբ»:
ՇԱՐԱԿՆՈՑ
ամբարձման
տոնը բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումն է, որոնք,
սկսվելով Սուրբ Ծննդից, կարգով գալիս են դեպի խաչելություն, մահ
եւ Հարություն:
Հարության մեծ ու պատմական դեպքից անցել էր քառասուն օր, որի ընթացքում
հարուցյալ Տերը խորհրդավոր, բայց միշտ մարդկային կերպարանքով բազմիցս
երեւաց վշտից հուսահատված Իր աշակերտներին՝ նրանց վերահաստատելով
իրենց առաքելական կոչման ու հավատի մեջ:
«Խորհուրդ մեծ եւ սքանչելի»-ն, հարուցյալ մարմնով, աշխարհային քառասնօրյա
հրաժեշտի օրերն էր ապրում Իր փոքրածու հոտի հետ, երկնային խաղաղությունն
էր հովանի դարձրել՝ որպես ջրհեղեղից հետո հաշտության ուխտի կամարակապ
ծիածան: Նա Նոր Ուխտով ապրելու վերջին պատգամներն էր փոխանցում առաքյալներին՝
հայտնվելով Երուսաղեմում, Էմմավուսի ճանապարհին, Գալիլիայում, Տիբերիայի
լճի ափին… մինչեւ Ձիթենյաց լեռ:
Ձիթենյաց ծառերով առատ սրբավայրը դեռեւս ունի երկհազարամյա «բնակիչներ»,
որոնք սրբատեղիներում հնչող աղոթքներին ու ծեսերին միախառնում են
մեղմ թափահարող իրենց ճյուղերը՝ որպես ականատես վկաներ պատմելով
Քրիստոսի հրաշափառ Համբարձման դեպքը: Աստծո Միածին Որդին Իր ոտքի
վերջին հպումը թողեց աշխարհի վրա եւ փառքով համբարձվեց երկինք՝ բազմելով
աջ կողմում Հայր Աստծո:
Շարականագիրը, նկարագրելով Քրիստոսի հրաշափառ Համբարձումը, ասում
է. «Զարհուրեցին երկնային իշխանությունները՝ տեսնելով վերելքը Քո,
Քրիստոս, խումբ առ խումբ սարսափած երկնում էին՝ ո՞վ է սա՝ փառքերի
Թագավորը»:
Աստված հոգում է Իր ստեղծած արարածների մասին արարչագործության առաջին
իսկ վայրկյանից եւ առ այսօր էլ խնամում ու զորացնում է Իրեն հուսացողներին:
ԱՎԱՆԴՈՒՅԹ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ
Համբարձման տոնը ժողովրդական մշակույթում հայտնի է «Վիճակի տոն»,
«Ջանգյուլում», «Կաթնապուրի տոն» անվանումներով: Այն շարժական է
եւ սովորաբար համընկնում է հինգշաբթի օրվա հետ:
Համբարձումը հայոց ավանդական տոնացույցի գարնանային տոներից է, որը
եւս ներառվել է քրիստոնեական տոնացույցում՝ ստանալով նաեւ կրոնական
մեկնաբանություն:
Տոնի գլխավոր արարողությունը «վիճակ» հանելու սովորույթն է, որի
համաձայն աղջիկների խմբերը նախապես դաշտերից ծաղիկներ էին քաղում,
փնջեր կապում, այնուհետեւ շրջում տնե-տուն՝ երգելով օրվան համահունչ
երգեր:
«Կաթնապուրի տոնը» պտղաբերության խորհուրդ ուներ, քանզի պատրաստվում
էր կյանքի շարունակելիության խորհրդանիշ հատիկով եւ աճ, բազմացում
ապահովող կաթով: Զատկից մինչեւ Համբարձում կաթնապուր չէին պատրաստում,
որ կովերի կաթը չպակասեր, եւ Համբարձմանն առաջին անգամ եփվող կաթնապուրը
ճաշակվում էր մեծ հանդիսավորությամբ, անցորդներին հրավիրում էին
ճաշակելու եւ դրանից բաժին էին հանում դրկիցներին:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՍԻ
Մայիսի 29-ին՝ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ
առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում վերստին հնչեղ ղողանջեցին զանգերը:
Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս հավաքվել էին մեծաթիվ
հավատացյալներ՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին:
Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզով պատարագիչ
Տեր Հայրը դիմեց ներկաներին՝ մեկնելով տոնի խորհուրդը:
ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ
«ԷՋ ՄԻԱԾԻՆՆ Ի ՀՕՐԷ ԵՒ ԼՈՅՍ ՓԱՌԱՑ ԸՆԴ ՆՄԱ»
Համբարձման տոնը հայերիս համար առանձնահատուկ է նաեւ պայմանավորված
պատմական այն իրողությամբ, որ Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Հայոց աշխարհում
հիմնադրած սրբազան, նախամեծար Աթոռը, որ, իրադարձությունների բերումով
տարագրվել էր հայրենիքից, ԺԵ դարում, հենց Համբարձման տոնին, վերահաստատվեց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Դեպքերին ժամանակակից Թովմաս Մեծոփեցին վկայում է. «Այն պահին, երբ
հավատացյալները եւ արեւելյան ամբողջ աշխարհի վարդապետները հավաքվել
էին այստեղ՝ այս սուրբ տաճարում, սավառնաթեւ մի արծիվ գալիս է եւ
բազմում այս տաճարի խաչի վրա…: Այդժամ բացում են Ավետարանը, ընթերցում
սուրբգրային մի հատված, ուր Քրիստոս ասում է. «Այս աշխարհի մեջ նեղություն
կտեսնեք, բայց քաջալերվեք, քանի որ Ես հաղթեցի աշխարհին»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հենց Հիսուսի ոտնահետքն է այս
աշխարհում: Եթե մենք կամենում ենք ծնրադիր համբուրել այդ ոտնահետքը,
բավական է, որ մենք խոնարհվենք Սուրբ Էջմիածնի սրբացած քարերի առջեւ:
Որքան էլ հայ քրիստոնեական քաղաքակրթական միտքը զարգանա, միեւնույնն
է, այն երբեք չի բարձրանալու Սուրբ Էջմիածնի գմբեթից ավելի, որովհետեւ
Էջմիածինը մեզ համար երկիր է երկրի եւ երկինք՝ երկնքի մեջ:
Ի հիշատակություն այդ օրվա եւ ի հավերժություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի,
հընթացս սրբազան արարողակարգի, կատարվեց գոհաբանական մաղթանք, քանզի
«Զամենայն ազգս կապեալ կայ ի վերայ Սուրբ Աջոյն եւ Սուրբ Էջմիածնի…»:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|