| «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԶՔԵԶ
ՈՒՆԻՄՔ ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ՅԻՍՈՒՍ ՄԻԱԾԻՆՆ»
այոց
տոնացույցում Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից մեկը վիրապ
մտնելու հիշատակն է:
Ապրիլի 5-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մի խումբ հավատացյալներ,
նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի, Ժաննա Խաչատրյանի եւ հովանավորությամբ
Արմինե Ասատրյանի, ուխտագնացության մեկնեցին Խոր Վիրապ: Ս. Գրիգորը
վերանորոգիչն ու վերակենդանացնողը եղավ Հայ Եկեղեցու: Նրանով հաստատվեց
Հայոց Կաթողիկոսությունը: Բարեկամ էր Աստծուն՝ ինչպես նահատակներրը,
կանխագետ էր՝ ինչպես մարգարեները, Աստծո խոսքն էր տարածում՝ ինչպես
Առաքյալները, ուսուցանում էր՝ ինչպես վարդապետները, ճգնության բոլոր
ճանաարհներն անցավ՝ ինչպեդ ճգնավորները: Սոսկալի չարչարանքները պատկերացնելը
միայն մարդկային տկար մտքին եւ զգացողություններին անհասաելի են:
Սակայն Ս. Գրիգորը պիտի հասներ կատարելության բարձրակետին եւ կատարեր
ի վերուստ իրեն տրված առաքելությունները:
ԽՈՐԱԽՈՐՀՈՒՐԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԽՈՐ ՎԻՐԱՊ
Դեռ
հեռվից, ժայռին բազմած, Արարատ լեռան հայացքի ներքո, մեզ իր գիրկն
էր կանչում սքանչելի սրբավայրը: Որքան մոտենում էինք, այնքան ավելի
շատ էինք ցանկանում րոպե առաջ հասնել առասպելական վայր, ուր մատուցվում
էր Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Գարեգին Ա Կրթական կենտրոնի տնօրեն
Տ. Վահան եպս. Հովհաննիսյանի:
Չարչարանաց վիհը մութ ու փոքր տարածություն է, իսկ հողե հատակը մշտավառ
մոմերի կաթիլներով է պատվել: Մոմի լույսը, լուսավորելու փոխարեն,
անհայտ խորհրդավորության շամանդաղ-քող է տարածում շուրջբոլորը: Ես
էլ, հոգուս մեջ վիրապացած, ջանում եմ «տեսնել» տասնյոթ դար առաջ
այստեղ ապրած մարդուն: Աչքերս դեպ վեր, դեպ ձեղունը հառած խորհում
եմ, թե այս աննշան բացվածքներից ինչպե՞ս է արեգակի լույսը ներս թափանցել:
Թվում է, թե խորանից ժպտում է Սուրբը՝ հանդարտորեն ու վեհությամբ,
որից թրթռում է, մեղքի մութ քողից զատված, ապաշխարյալ հոգին: Շիրակցի
ուխտավորներն իրենց մոմերն են վառում եւ, անչար սրտով միանալով Սրբի
աղոթքին, հայցում Բարձրյալից. «Քո անպատում խոնարհութեամբ եւ կամաւոր
խաչելութեամբ հաշտեա ընդ մեզ, Տէ՛ր, գթութեամբ եւ թող զմեզ ողորմութեամբ»:
Հավարտ մատուցվող Սուրբ Պատարագի եկեղեցում, Լուսավորչի մասունքակիր
Ս. Աջով, վանորեից տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի ձեռամբ, կատարվեց
ջրօրհյնաց կարգ: Այնուհետեւ օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին:
«ՕԹԵԱՑ ԽԱՉ» ՍՐԲԱՎԱՅՐԸ ՄԱՐՄԱՇԵՆԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ Ուխտավորները
եղան նաեւ, Խորվիրապից արեւմուտք գտնվող, «Օթեաց խաչ» սրբավայրում,
ուր, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս եւ Բարդուղիմեոս Առաքյալները:
1869 թ. վանքի վանահայր Վարդան Ալեքսանդրապոլսեցին «Օթեաց խաչ»-ում
կառուցել է մատուռ: Ս. Առաքյալների հանդիպման խորհրդանշական տեղում
կանգնեցվել է յոթը մետրանոց խաչարձան, որը 2015 թվականին, Խաչի գյուտի
տոնի օրը, օծվել է Մայր Աթոռի վանորեից տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի
ձեռամբ:
Ուխտավորների վերջին հանգրվանը Մարմաշենի Ս. Գեւորգ եկեղեցին էր:
Այստեղ եւս վերջիններս վառեցին իրենց հավատի մոմերը՝ Բարձրյալից
հայցելով բարերար շնորհներով գթալ Իր արարածներին:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|