Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

«ՕՐՀՆԵՑԷՔ, ԳՈՎԵՑԷՔ ԵՒ ԲԱՐՁՐ ԱՐԱՐԷՔ ԶՆԱ ՅԱՒԻՏԵԱՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Զգալուստ քո, Քրիստոս, այսօր,
Երուսաղէմ՝ նոր եկեղեցի սուրբ,
Յաղթական երգով բարեբանեմք.
Օրհնեալ, եկեալ անուամբ Տեառն»:
                                   ՇԱՐԱԿՆՈՑ

եծ պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդ՝ ի հիշատակ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Իր երկրային կյանքում Աստվածորդին շատ անգամներ եղել էր Սուրբ քաղաքում, սակայն այդ այցելություններն Ավետարանում ներկայացված չեն որպես «հաղթական մուտքեր» եւ Հիսուս ուրիշ առիթներով էլ ժողովրդական խանդավառության պատճառ էր եղել, սակայն այսպիսի հորդ զգացումների հորձանք դեռ չէր ստեղծել Իր շուրջ: Զատկական օրեր էին եւ մոտենում էր ժամը Տիրոջ խաչելության, երբ Նա, որպես Դավթի թագավորության մեծազոր թագաժառանգ, հոծ բազմության խանդավառ ուղեկցությամբ մուտք գործեց Երուսաղեմ: Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով բողբոջած ոստերը, ասում էին. «Օրհնություն Դավթի Որդուն» (Մատթ. ԻԱ 15), իսկ ներկաները բարձրաձայնում. «Ահա ես եւ իմ մանուկները, որ Աստված ինձ պարգեւեց» (Եսայի Ը 18), «Բոլորս կանք եւ ակնկալում ենք տենել Քրիստոսին եւ լսել Նրա երանավետ խոսքը» (Մաշտոց): Հիսուս շատ է սիրում մանուկներին եւ հորդորում է, որ նրանց պես մաքուր ու անարատ լինենք, որպեսզի արժանանանք Իր տեսությանն ու Երկնքի արքայությանը. «Թույլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ եւ արգելք մի եղեք նրանց» (Մարկ. Ժ 14):

Երուսաղեմում Փառաց Թագավորն Իր հաղթական մուտքով ազդարարեց փրկագործության սկիզբը: Հիսուս ներկաներին ցույց տվեց, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամավոր հանձնառությամբ պատարագվելու է մարդկության փրկության համար: Պահեցողության այս օրերի մեջ արմավենիներով ընդառաջ գալը խորհրդանշական է յուրաքանչյուրիս համար: Ամենքս էլ Տիրոջ առաջ պիտի ելնենք զանազան առաքինություններով հանդերձավորված՝ մեր ձեռքում ունենալով սիրով ու բարությամբ արարված բազմաթիվ գործեր: Ծաղկազարդի կիրակի օրը եկեղեցիներում օրհնվում եւ հավատացյալ ժողովրդին են բաժանվում ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղեր՝ ի հիշատակ Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 12-ին՝ հընթացս երեկոյան ժամերգության, բացվեցին հայոց բոլոր, այդ թվում եւ Շիրակի թեմի Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Ամենարկիչ, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սարգիս, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե եկեղեցիների Սուրբ խորանների վարագույրները, որ փակված էին Մեծ պահքի քառասնօրյա շրջանում:

Ապրիլի 13-ը՝ Ծաղկազարդի կիրակին, նշանավորվեց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագով: Առաջնորդանիստ Ս. Աստվածածնում օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Ծաղկազարդի ցնծագին երթով Քրիստոս մտնում է Երուսաղեմ՝ օրհնաբանելով մանուկների բերանով. «Օվսաննա, օրհնություն Նրան, որ գալիս է Տիրոջ անվամբ»: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդի օրը սահմանել է մանուկների օրհնության օր:

Ս. Յոթվերքում ներկա երեխաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

«ԶՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՔՈ ԶԴՈՒՌՆ ԲԱՑ ՄԵԶ ՏԷՐ»

Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: Նույն օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց Դռնբացեքի գեղեցիկ արարողությունը, որի իմաստն ու խորհուրդը բացահայտող «Բաց մեզ, Տէր, զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ» աղաչանքն անպատասխան չի մնում:

Ի դեպ՝ հնում եկեղեցու դռները փակվում էին, եւ ժողովուրդը մնում էր դրսում: Դրսում էր մնում նաեւ մի քահանա, եւ մյուս քահանան մնում էր ներսում: Դրսում գտնվողը թակում էր դուռը՝ խնդրելով բացել, իսկ ներսում գտնվողն ասում էր այն պայմանները, որոնց շնորհիվ նա կարող էր ներս մտնել: Մեր օրերում դռնբացեքի արարողությունը կատարվում է ներսում՝ երկխոսության ձեւով, փակ խորանի առջեւ ծնկած՝ վարագույրից այն կողմ գտնվող հոգեւորականների միջեւ: Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնքի արքայությունը: Դռնբացեքի խորհրդով ցույց է տրվում, թե ովքեր կարող են դրախտ մտնել կամ ժառանգել Երկնքի արքայությունը: Անշուշտ, դրախտ կարող են մտնել ինչպես արդարները, այնպես էլ մեղավորները, ովքեր կարդարանան զղջումով, մեղքերի խոստովանությամբ ու ապաշխարությամբ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները