| ԱՎԱԳ
ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
վագ
շաբաթվա այս իրադարձությունները ներկայացնում են Հիսուսի՝ հանուն
մարդկության սիրո ու փրկության կատարած ինքնազոհողությունը՝ չարչարանքները,
խաչին գամվելը, մահը եւ թաղվելը: Ավագ շաբաթը Քրիստոս Աստծո մարմնավոր
կյանքի վերջին շաբաթն է, եւ յուրաքանչյուր օր նվիրված է ավետարանական
մի հիշատակի:
ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Ավագ
երկուշաբթի օրը չորացած թզենու հիշատակն է: Քրիստոս Իր գործունեությամբ
բոլորին բուժում էր եւ կյանք պարգեւում, սակայն միայն մեկ անգամ
Իր զորությունը հակառակ գործածեց եւ չորացրեց թզենին՝ ցույց տալու
համար, որ Իր խոսքը կենդանարար է, Ինքն է կենդանացնում, նաեւ դատում:
Նա չորացրեց կանաչ թզենին եւ բուժեց չորացած ձեռքը:
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Քրիստոս Երկնքի արքայությունը նմանեցրեց կույսերի: Ավետարանական
առակում տասը կույսերից հինգը կոչվում են հիմարներ, հինգը՝ իմաստուններ:
Նրանցից հինգը խորհրդանշում են այն հավատավոր քրիստոնյաներին, ովքեր
հարատեւում են հոգեւոր արթնության մեջ եւ միշտ պատրաստ են Փրկչի
գալստյանը: Իսկ մյուս հինգը, այսինքն՝ հիմարները, որ պատրաստ չէին,
մնացին ձեռնունայն:
ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Հիշատակվում է մեղավոր կինը, որ օծեց Քրիստոսի գլուխը թանկագին յուղով
եւ համբուրեց ոտքերը՝ ի հակադրություն Հուդայի, որ մատնեց Տիրոջը
երեսուն արծաթով: Խորհրդանշական այս օծումը մատնանշում է Հիսուսի՝
ամենայնի Տեր եւ Թագավոր լինելը, ինչպես նաեւ նախագուշակում Նրա
չարչարանքներն ու մահը: Բայց Նա կարեւորեց այդ կնոջ արածը, որովհետեւ,
հավատով օծելով Հիսուսի գլուխը, բեթանիացի կինը, նախքան Հարությունը,
վկայեց Հիսուսի Օծյալ Փրկիչ լինելը:
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
Ավագ
հինգշաբթի օրը հիշատակվում է Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը,
որով այսօր եւ մինչեւ աշխարհի վախճանը քրիստոնյաներս ունենք նորոգվելու
ու Տիրոջը միանալու հնարավորություն: Առանց Քրիստոսի Մարմինն ու
Արյունը պարբերաբար ճաշակելու՝ չենք կարող հավիտենական կյանք ունենալ:
Այս խորհուրդը քրիստոնեության հարատեւությունն է ապահովում եւ մեզ
Իրենով միավորված է պահելու մինչեւ Տիրոջ գալուստը:
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս.
Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝
հավուր պատշաճի եւ ամենայն հանդիսավորությամբ: Օրվա պատարագիչն էր
Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս Սուրբ Պատարագի թեմակալ
Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ընթերցեց, Սուրբ Հաղորդության
մասին, Ս. Բարսեղ Հայրապետի ճառը:
ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ
Երուսաղեմում՝ Վերնատանը, աշակերտների հետ զատկական սեղան նստելուց
առաջ, Հիսուս մեկ առ մեկ լվանում է աշակերտների ոտքերը: Աստված լվանում
է արարածների ոտքերը՝ ցույց տալով Իր կատարյալ սերը նրանց հանդեպ
եւ, խոնարհության ու հեզության օրինակ դառնալով, հորդորում նույն
կերպ վարվել միմյանց հանդեպ:
Երեկոյան՝ Ոտնալվայի մեծախորհուրդ արարողության ընթացքում, որ հիշատակն
է մեր Տիրոջ տված խոնարհության ամենամեծ դասի, Տ. Շիրակ ավգ. քհն.
Առաքելյանը լվաց եւ յուղօվ օծեց տասներկու ընտրյալների ոտքերը՝ Տիրոջ
օրինակով: Ոտնալվայի արարողությունից հետո ներկա հավատացյալներին
բաժանվեց օրհնված յուղը, որը եկեղեցուն նվիրաբերել էր խաչքավոր Արմեն
Տոնոյանը:
Ի դեպ՝ այս կարգը հեղինակել է Սուրբ Եփրեմ Ասորին Դ դարում եւ հայերեն
է թարգմանվել ԺԱ դարի Հայրապետ Գրիգոր Բ Վկայասերի կողմից: Հետագայում
ճոխացվել է՝ զուտ հայկական շարականների ու աղոթքների հավելումով:
ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ
Օրը
եզրափակում է Խավարման կարգը, որ խորհրդանշում է Քրիստոսի մատնվելը
հրեաների ձեռքը Գեթսեմանի պարտեզում: Հրեական իրականության մեջ օրվա
սկիզբը գիշերն էր, ուստի դեպքը թեեւ համարվում է կատարված ուրբաթ
օրը, բայց մեր ընկալմամբ այն Հինգշաբթիի իրադարձություններից վերջինն
է, ուստի եւ այս խորհրդի կատարումով էլ ավարտվում են օրվա ծիսական
արարողությունները:
Նույն օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց հսկման կամ
Խավարման կարգ: Խորանի վրա վառվում էին տասներկու մոմ, իսկ մի մեծ
մոմ դրված էր կենտրոնում: Ավետարանական յուրաքանչյուր հատվածի ընթերցումից
հետո ամեն կողմից մեկական մոմ էին հանգցնում: Վերջում մնաց միայն
մեծ մոմը, որ խորհրդանշում էր Քրիստոսին, որ մենակ էր մնացել: Արարողությունն
ավելի ազդեցիկ դարձավ, երբ խավարում հնչեց «Ուր ես, մայր իմ» հոգեզմայլ
տաղը, ընթերցվեց «Կտակը» (Եբր. Թ 16-17), որն ուղեկցվեց տաղերի ու
շարականների երգեցողությամբ: Այնուհետեւ լսվեց բարեշնորհ Հարություն
սրկ. Տերտերյանի ազդեցիկ քարոզը՝ «Եւ հիմա իշխանութիւն խաւարի» բնաբանով:
Ապա «Փառք ի բարձունս» երգի ավարտին եկեղեցու լույսերը վերստին վառվեցին:
Սրբազան արարողակարգին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ:
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ ԿԱՐԳ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ
Ավագ ուրբաթը խաչելության եւ չարչարանաց օրն է, ամենատխուր օրը հավատավոր
քրիստոնյայի համար: Երեկոյան ժամը 17:00-ին, Տ. Շիրակ ավգ. քհն.
Առաքելյանի հանդիսապետությամբ, կատարվեց թաղման կարգ, հընթացս որի
Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, ծաղիկներից ու դալար ոստերից
հյուսված, որի մեջտեղում քողածածկ խաչն էր, մեծաթիվ հավատացյալների
ուղեկցությամբ դուրս բերվեց Ս. Յոթվերքից՝ ի խոնարհություն ներկաների:
Եկեղեցու շուրջը պտտեցնելուց հետո կրկին ներս բերվեց, իսկ հոգեւորականները
երգեցին «Խաչի Քո Քրիստոս» օրհներգը:
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Ապրիլի
19-ը Սուրբ Զատկի խթման օրն էր կամ Ճրագալույցը: Ավագ շաբաթ օրը
հիշատակվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների
ազատումը: Ինչպես ուսուցանում է Եկեղեցու վարդապետությունը՝ Քրիստոս,
գերեզման դրվելով, իջավ դժոխք եւ ավերեց այն՝ փրկություն շնորհելով
արդարների հոգիներին. «Ո՞ւր է մահ, յաղթութիւն քո, ո՞ւր է, դժոխք,
խայթոց քո» (Օսէէ ԺԳ 14): Ավագ շաբաթը սգո եւ տրտմության օր է: Երեկոյան
ժամերգությունից հետո՝ ժամը 20:00-ին, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ
Պատարագ, որին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Նախ ընթերցվեց Դանիելի
թուղթը: Երեք ընթերցողները խորհրդանշում էին բոցավառ հնոց նետված
երեք երիտասարդներին: Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը:
Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Շիրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Հավարտ Սուրբ Պատարագի
կատարվեց Սուրբ Հարության նախատոնակը: Գիշերվա խորհրդավոր լռության
մեջ հաղթականորեն հնչեց ցնծության եւ հույսի մեծագույն ավետիսը՝
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Սրբազան արարողակարգից հետո ներկա հավատացյալները
վառվող մոմեր տուն տարան՝ որպես Հիսուսի կենսատու լույսի խորհրդանիշ:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|