Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:


իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփյուռս, Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով եւ աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները: Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի. hաղթանակ, որի համար Աստվածորդին Իր անձը զոհաբերեց, հաղթանակ, որը հաստատվեց որպես մարդկության հանդեպ աստվածային սիրո լուսաշող վկայություն: Մեր Տերը հալածվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչվեց եւ մահը ճաշակեց: Աստվածորդու անձնազոհության վշտագին իրողության հանդիման, ինչպես վկայում են ավետարանիչները, Տիրոջ աշակերտներին ու հետեւորդներին համակեցին վհատությունն ու հուսահատությունը: Մահվան թվացյալ հաղթության տագնապի մեջ, սակայն, մշտավառ հույս, զորություն ու ոգեշնչում դարձավ Քրիստոսի թափուր գերեզմանից հնչած Սուրբ Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. ԻԴ 6): Այս ցնծալի ավետիսը, արդարեւ, հաղթերգն է Քրիստոսի փրկչական առաքելության:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հրաշափառ Հարությամբ կյանքն ազատագրեց մահվան շղթաներից, փրկության լույսը ծագեցրեց աշխարհում եւ Իրեն հավատացողներին ժառանգորդ դարձրեց հավիտենական կյանքի ու երկնքի արքայության՝ ըստ Իր կենարար խոստման. «Ով հավատում է Ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի» (Հովհ. ԺԱ 25): Տիրոջ փրկչական առաքելությունը եղավ չարի դեմ Բարու, խավարի դեմ Լույսի, մահվան դեմ Կյանքի պայքար, որ պսակվեց Հարության փառապանծ հաղթանակով: «Ո՞ւր է մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55),- քաջալերված բարձրաձայնում է առաքյալը: Աստվածորդու Հարությամբ աշխարհի առջեւ բացվում է հավիտենության եւ փրկության ճանապարհը, եւ երկրավոր իրականությունը սահմանավորից ընդարձակվում է դեպի անսահմանը, դեպի երկնայինը:

Սիրելի՛ բարեպաշտ հավատավոր զավակներ, Քրիստոսի Սուրբ Հարությամբ, հիրավի, վերափոխվում է մարդկության պատմությունը, բացահայտվում է կյանքի իմաստը: Հարության շնորհը փրկություն է պարգեւում բարի, արդար եւ հավատավոր կյանքի համար, Տիրոջ հետեւորդներին արժանացնում աստվածային առատ օրհնությունների ու բարիքների, ուրախակից դարձնում երկնայիններին եւ մասնակից՝ հավերժական երանության անանց բերկրանքին: Տիրոջ փրկարար կամքին հակառակ՝ չար ու մեղսալի ընթացքը, սակայն, դատապարտություն է եւ հավիտենական պատիժ՝ անվերջանալի տանջանքների մեջ:

Այսօր, ցավոք, ականատես ենք կործանարար դրսեւորումների աշխարհի տարբեր կողմերում, ուր մոլեգնում են անարդարություններ, ատելություն ու թշնամանք: Պատերազմն ու ավերածությունները, մահն ու սովն ահասարսուռ արհավիրքներ են սփռում, խեղում մարդկային կյանքեր, թշվառության մատնում բազմահազար ընտանիքների: Քաղաքական, տնտեսական ու ռազմական հակամարտությունների հորձանուտում ոտնահարվում են ազգերի ու պետությունների իրավունքներ, անտեսվում խղճի եւ բարոյականության արժեքներ, ավերվում հոգեւոր-մշակութային համամարդկային ժառանգություն: Այս փոթորկահույզ իրավիճակներում տառապող մարդկությունը տենչում է խաղաղություն, փափագում աղետների ու բռնությունների ավարտ, համերաշխություն ու երջանկություն:

Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը եւս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջեւ: Անվտանգային մարտահրավերների հետեւանքով ստեղծված բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով: Մտահոգիչ են նաեւ մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային եւ քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի: Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք է շարունակում մնալ քսաներորդ դարասկզբին՝ 110 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում իրագործված հայոց Ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով եւ աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով: Ոճրագործ այդ դրսեւորումներից էր վերջերս մեր ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը՝ Արցախի բռնազավթումը եւ արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից:

Մենք, սիրելի՛ ժողովուրդ հայոց, Տիրոջ Հարության շնորհի ժառանգորդներն ենք եւ այդ անխախտ հավատով ի զորու ենք մեր տառապանքներն ու կորուստները վերափոխել ազգային վերածննդի՝ հավատարիմ մնալով տերունավանդ պատգամներին, անսակարկ սեր ու նվիրում դրսեւորելով մեր ժողովրդի ու հայրենիքի հանդեպ: Հայրապետական Մեր հորդորն է՝ ազգի շահը վեր դասել անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից: Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը: Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության եւ ապագայի համընդհանուր տեսլականի, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է ամենքիս որպես ազգ՝ ի Հայաստան եւ ի սփյուռս: Միաբանությունն է մեր ազգի հզորացման ու արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր եւ հուսալի հիմքը:

Արդ, լինենք միաբան ու միասնական՝ համախոհությամբ եւ մեր ողջ ներուժի գործադրումով դիմագրավելու մեզ պատուհասած փորձությունները: Ողբերգություններն ու դժվարությունները կդադարեն, եթե ապրենք հավիտենական կյանքի համար, ամենուր Փրկչի օրինակով խավարի մեջ լինենք լույսի ջահակիրներ, լինենք մարտիկներ ընդդեմ անարդարության ու չարիքի: Մեր ազգի ու հայրենիքի վերհառնումը նաեւ իրական դարձնենք նոր զավակների ծնունդով եւ մատաղ սերնդի արժանավոր կրթությամբ ու դաստիարակությամբ՝ ապահովելով հայության հարատեւ ընթացքը դեպի գալիքի հուսառատ հորիզոններ: Մեր ժողովուրդը, որ Փրկչին ապավինած ավերներ ու նախճիրներ է հաղթահարել, չի կարող այսօր հանձնվել ու տրվել մահին, այլ պիտի լինի կրողը հարության հույսի ու շնորհի՝ աննկուն ոգով եւ անխախտ հավատով միշտ ազդարարելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քրիստոսի Հարության կենսապարգեւ այս ավետիսով Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ մաղթելով գահակալության արդյունավոր, արեւշատ տարիներ: Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում նաեւ մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ համայն հավատավոր ժողովրդին: Տիրոջ սերը, օգնականությունն ու ողորմությունը թող պահապան լինեն ազգիս ու հայրենյաց:

Սուրբ Հարության այս լուսաշող առավոտ, սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք միասին առ Հարուցյալ Քրիստոս՝ աշխարհի, մեր ժողովրդի եւ հայրենիքի խաղաղության, ապահովության ու անվտանգության համար: Մեր հայցն է, որ Հարության կենսանորոգ շնորհները վերափոխեն մարդկության կյանքը բարությամբ, արդարությամբ ու համերաշխությամբ: Թող աստվածային երկնառաք պարգեւներով գոտեպնդվի մեր ազգը, հաղթահարի առկա բոլոր նեղություններն ու դժվարությունները եւ կերտի նորանոր նշանակալի ձեռքբերումներ՝ ի զորացում եւ ի փառս մեր հայրենիքի եւ ի հավետ պայծառություն համայն հայության այսօր եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները