Կյանքը Աստված կուտա տեսակ մը իբրեւ պաստառ: Մարդն է, որ Աստուծո տված այդ պաստառին վրա պիտի գծե իր կյանքին պատկերը: Եվ ինչ գծեց, այդ է, որ պատասխան կըլլա Աստուծո տվածին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 2 (302), փետրվար 2025 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՍՊԱՍՎԱԾ ՀՅՈՒՐԸ

րբ Ռութը բացեց փոստատուփը, այնտեղ մի ծրար գտավ: Նա վերցրեց այն եւ, նախքան բացելը, մեկ անգամ էլ նայեց ծրարին. ծրարն արտասովոր էր, նրա վրա չկային ո՛չ կնիք, ո՛չ էլ նամականիշ, այլ միայն իր անունն ու հասցեն էին: Նամակում ասվում էր. «Սիրելի՛ Ռութ, շաբաթ հետկեսօրեին լինելու եմ մոտակայքում եւ կցանկանայի այցելել քեզ: Միշտ սիրով Հիսուս»:

Նամակը ծրարի մեջ դնելիս Ռութի ձեռքերը դողում էին. «Ինչո՞ւ պիտի Տերը կամենար այցելել ինձ, ես սովորական մեկն եմ»: Այդ պահին Ռութը հիշեց խոհանոցի իր դատարկ դարակները: «Աստված իմ, ես հյուրասիրության համար ոչինչ չունեմ: Պիտի շտապել խանութ եւ մթերք գնել»,- մտածեց նա: Իսկույն բացեց դրամապանակն ու հաշվեց ունեցած դրամը՝ հինգ դոլար եւ քառասուն սենթ: «Դե լավ, կարող եմ գնել հաց եւ նախուտեստ», - որոշեց Ռութը:

Պիջակը հագավ եւ շտապ տանից դուրս եկավ: Խանութում գնեց ֆրանսիական հաց, մի քանի կտոր տապակած հնդկահավ, մեկ տուփ կաթ, դրամապանակում մնաց ընդամենը քսան սենթ, որով նա պիտի ապրեր մինչեւ երկուշաբթի: Այնուամենայնիվ տան ճանապարհին Ռութը լավ տրամադրություն ուներ՝ տանելով հյուրասիրության համար նախատեսված գնումները:

Հանկարծ մի ձայն լսվեց.

- Տիկին, օգնե՛ք, խնդրում եմ:

Ռութն այնքան տարված էր առաջիկա հյուրասիրությամբ, որ չէր նկատել փողոցի անկյունում կանգնած զույգին. տղամարդն ու կինը ցնցոտիների մեջ էին:

- Տիկին, ես աշխատանք չունեմ,- ասաց տղամարդը,- տուն էլ չունենք, ապրում ենք փողոցում: Արդեն ցրտում է, մենք էլ քաղցած ենք, եւ եթե կարողանայիք մեզ ինչ-որ բանով օգնել, երախտապարտ կլինեինք:

Ռութը նայեց նրանց. նրանք կեղտոտ էին, անկեղծ ասած՝ նրանցից անգամ տհաճ հոտ էր գալիս, սակայն ցանկության դեպքում կկարողանային որեւէ աշխատանք գտնել՝ մտածեց նա:

- Պարոն, իսկապես կցանկանայի օգնել ձեզ, բայց ես էլ ունեւոր չեմ: Ունեմ ընդամենը հաց եւ որոշ նախուտեստ եւ այսօր, կեսօրից հետո, սպասում եմ շատ կարեւոր հյուրի, ում մտադիր եմ հյուրասիրել:

- Լավ, տիկին, հասկանում ենք: Ամեն դեպքում շնորհակալ ենք:

Տղամարդը բռնեց կնոջ ձեռքը, եւ նրանք շրջվեցին՝ հեռանալու: Ռութը հայացքով հետեւում էր նրանց, եւ հանկարծ խղճի խայթ զգաց.

- Սպասե՛ք, պարոն,- կանչեց նա:

Զույգը կանգ առավ ու շրջվեց: Ռութն արագ մոտեցավ նրանց:

- Վերցրեք այս ուտելիքը, իսկ ես մի ուրիշ ելք կգտնեմ հյուրիս հյուրասիրելու համար:

Այդ խոսքերի հետ Ռութը նրանց մեկնեց մթերազամբյուղը:

- Շնորհակալություն, տիկին, շատ շնորհակալ ենք:

- Իսկապես շնորհակալ ենք, - երկրորդեց կինը, եւ Ռութը նկատեց, որ նա ցրտից դողում էր:

- Գիտեք, ես տանը մի վերարկու ունեմ: Վերցրեք սա,- ասաց Ռութը եւ արձակելով իր պիջակի կոճակներն ու հանելով այն՝ իսկույն գցեց կնոջ ուսերին: Ապա ժպտալով շրջվեց ու գնաց դեպի տուն՝ առանց վերարկուի եւ հյուրասիրության համար որեւէ բանի:

Երբ հասավ տան մոտ, կրկին անդրադարձավ առաջիկա հյուընկալությանը. նա հյուրասիրելու համար ոչինչ չուներ: Պատրաստվում էր պայուսակից հանել դռան բանալին, երբ փոստատուփում տեսավ մի նոր ծրար: «Տարօրինակ է, փոստատարը սովորաբար օրական մեկ անգամ է գալիս, իսկ այսօր՝ երկու անգամ»,- մտածեց Ռութը եւ բացեց ծրարն ու կարդաց նամակը. «Սիրելի՛ Ռութ, շատ ուրախ էի հանդիպել քեզ: Շնորհակալություն համեղ ուտելիքի համար: Նաեւ շնորհակալություն գեղեցիկ պիջակի համար: Միշտ սիրով, Հիսուս»:

Թեպետ օդը սառն էր, սակայն Ռութը ցուրտը չէր զգում՝ անգամ առանց պիջակի…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները