Կյանքը Աստված կուտա տեսակ մը իբրեւ պաստառ: Մարդն է, որ Աստուծո տված այդ պաստառին վրա պիտի գծե իր կյանքին պատկերը: Եվ ինչ գծեց, այդ է, որ պատասխան կըլլա Աստուծո տվածին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 2 (302), փետրվար 2025 թ.  


 

       

«ՍԷՐ ՈՉ ԵՐԲԷՔ ԱՆԿԱՆԻ… ԶՀԵՏ ԵՐԹԱՅՔ ՍԻՐՈՅ ԵՒ
ՆԱԽԱՆՁԱՒՈՐ ԼԵՐՈՒՔ ՀՈԳԵՒՈՐԱՑՆ ԱՌԱՒԵԼ»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

«Որդեակ, ես երթամ անկանիմ առ ուտս սրբոյ Նշանին, որ յանուն սրբոյն Սարգսի,
խնդրել նովաւ ի Տեառնէ վասն քո եւ այլ եղբարցն, որք կան ի ձեռս անօրինացդ,
զի թերեւս զերձուսցէ եւ զքեզ Աստուած գթութեամբն իւրով»:
ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ

ուրբ Սարգիսը՝ Քրիստոսի քաջ զորականն ու անհաղթ վկան, ազգությամբ հույն էր: Ապրել է Դ դարում, Կապադովկյան Կեսարիայի՝ Հայաստանին սահմանամերձ կողմերում: Սուրբ Սարգիսը հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, սակայն Հայոց Եկեղեցին ամեն տարի փետրվար ամսին նշում է նրա հիշատակը՝ իբրեւ ժողովրդականություն վայելող սիրելի Սրբի:

Ըստ հին վկայաբանի՝ «Սարգիսն այր էր, շնորհով լի, եռում էր Աստծո հոգով եւ ինչ խնդրում էր, Աստված նրան տալիս էր: Ս. Սարգիսը քրիստոնյա էր եւ սիրում էր Աստծուն իր ողջ սրտով, զորացած էր Սուրբ Հոգով: Ինչ ձեռնարկում էր, Աստված հաջողությամբ էր պսակում»: Ս. Սարգիսը մեծամեծ հրաշքներ գործող Սուրբ է: Նա հատկապես հանդես է գալիս իբրեւ գերյալներին, բանտարկյալներին եւ հիվանդներին օգնող: Պարսիկներն անգամ նրան անվանում էին «անհաղթ վկա եւ կատարիչ ամենայն խնդրվածոց»: Անմնացորդ նվիրված լինելով իր հավատքին՝ պարաստ էր կյանքն էլ զոհաբերել եւ դիմանալ բոլոր արհավիրքներին ու հալածանքներին:

Անուրանալի է Սրբի հավատը, քանզի գիտեր, որ նեղություններ, տառապանքներ կրելով այս կյանքում, հանգստի կարժանանա հավիտենականում: Զորավարի կյանքը նվիրագործման ու սրբագործության օրինակ է, հավատքը՝ հեղափոխիչ ու կենսագործող, իսկ արիաշունչ ոգին եւ քրիստոսասիրությունը՝ ներշնչող ու ներգործուն: Չէ՞ որ ոչ թե հոգին է ունեցվածքի ու մարմնի համար սահմանված Աստծուց, այլ ունեցվածքն ու մարմինը՝ հոգու համար. «Մի՛ երկնչեք յայնցմանէ, որ սպանանեն զմարմին եւ զհոգի ոչ կարեն սպանանել…» (Մտթ. Ժ 28): Ճերմակ ձիավոր Սուրբն իր արագավազ նժույգով դարեր շարունակ սլանում է երկնքից երկիր, իրականություն դարձնում մեր երազներն ու իղձերը: Նրա ձիու սմբակի հաստատուն ձայնն ու հետքը լսում ու տեսնում են արժանավորներն ու հատկապես սիրահար զույգերը, ովքեր հավատում են Աստծո ամենազորությանը եւ իրենց խնդրանքներով դիմում Ս. Սարգսի բարեխոսությանը:

ՏՈՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սուրբ Սարգսի տոնի հետ են կապվում մի շարք գեղեցիկ սովորույթներ: Այս տոնին մայրերը փոխինդ են դրել դռան հետեւում, որպեսզի Սուրբը, ձիով անցնելիս, պայտի հետքը թողնի վրան: Իսկ երիտասարդները քնելուց առաջ աղաբլիթ են ուտում, որ Սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ապագա ընտրյալին: Հաջորդ առավոտյան այդ բլիթից օրիորդները մի պատառ դրել են տանիքին, որպեսզի այն վերցնող թռչնի թռիչքի ուղղությունից իմանան, թե ո՞ր կողմից է գալու իրենց ապագա ընտրյալը:

Ժողովրդական սովորույթների առատությունը ցույց է տալիս, թե Սուրբը որքան սիրելի է մեր ժողովրդին: Նրա անձնուրաց հավատն առ այսօր ընդօրինակելու կարիք բոլորս էլ ունենք: Ըստ «Յայսմավուրք»-ի՝ Ե դարում լուսահոգի Ս. Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանի Դաղման (այժմ՝ Համիազ) քաղաքից Ուշի է տեղափոխել եւ այնտեղ ամփոփել Սարգիս զորավարի նշխարները, որոնց վրա կառուցվել է եկեղեցի:

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Փետրվարի 14-ին, առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով հավաքվել էին մեծաթիվ երիտասարդներ՝ ներկա գտնվելու երեկոյան ժամերգությանը: Հավարտ ժամերգության՝ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանն օրհնեց ներկաներին՝ ի մասնավորի շեշտելով, որ «ոչ միայն այս առիթով, այլ մշտապես է պետք սեփական հոգին, սիրտը բաց պահել Ս. Ավետարանի ու Տիրոջ պատգամների առջեւ…»: Արժանապատիվ Տեր Հայրն իր հայրական օրհնությունը հղեց ողջ երիտասարդությանը՝ բարեմաղթելով, որ յուրաքանչյուրի հոգում արթնանա սերն առ Աստված եւ առ հայրենին հայոց, որպեսզի շենանան մեր երկիրն ու առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին, ինչպես նաեւ համայն ազգը:

Վերջում աղաբլիթներ բաժանվեցին նրանց, ովքեր ներկա էին նախատոնակին ու ժամերգությանը:

ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Արդեն մի քանի տարի է, ինչ երիտասարդների օրհնության օրն առանձնանում է օրվա խորհրդով պայմանավորված ժամերգությամբ, խաչերթով, Սուրբ Պատարագով, խոկման եւ օրհնության կարգով:

Փետրվարի 15-ին, Սուրբ Յոթվերք եկեղեցուց, հավարտ առավոտյան ժամերգության, հանդիսապետությամբ Տ. Մակար քհն. Գալամդարյանի, մի խումբ երիտասարդներ խաչերթով ուղղվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ: Երթի մասնակիցների առջեւից տանում էին խաչվառներ: Հասնելով մատուռ՝ նրանք միացան բարեպաշտ հավատացյալներին ու ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Սարգիս քհն. Սարդարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում ներկաները հաղորդվեցին մեր Տիրոջ Կենարար Մարմնին ու Արյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց Եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր: Այս առիթով՝ հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի, պատարագիչ Տեր Հայրն իր մաղթանքն ու օրհնության խոսքը հղեց ներկա երիտասարդներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները