| ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ,
ՍԵՐ, ՄԻՈՒԹՅՈՒՆ...
իրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց
միությունը, Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնին, կազմակերպել
էր ծանոթության հանդիպում բոլոր այն երիտասարդների համար, ովքեր
հետաքրքրված էին միության գործունեությամբ, ցանկանում էին համալրել
միության շարքերը: Հանդիպմանը ներկա էին Տեր Մակար եւ Տեր Սարգիս
քահանաները, ինչպես նաեւ բարեշնորհ Արտաշես եւ Գրիգոր սարկավագները:
Միասնական
աղոթքից հետո միության պատասխանատու Գոհար Գալտագազյանը երիտասարդներին
փոխանցեց Սրբազան Հոր օրհնության խոսքը, այնուհետեւ ներկայացրեց
հանդիպման օրակարգն ու անցկացման կարեւորությունը: Երիտասարդաց միության
պատասխանատուներից Մարիամ Սուքիկյանը ներկայացրեց միության հիմնական
գործունեությունը, նպատակը, առաջնահերթություններն ու տեսլականը՝
շեշտադրելով երիտասարդների մասնակցության կարեւորությունը եկեղեցանպաստ
գործունեության ասպարեզում:
«Խաչմերուկ կրթական-խորհրդատվական կենտրոն» հիմնադրամի աշխատակիցներից
Գոհար Գյուրջյանը խոսեց, հիմնադրամի կողմից առաջարկվող, երիտասարդական
ծրագրերի ու հնարավորությունների մասին: Ներկաներն ունեցան հնարավորություն՝
առաջադրել իրենց հուզող հարցերը՝ ստանալով անհրաժեշտ ուղղորդումներ
ու պատասխաններ:
Ծանոթացման ակտիվացնող խաղից հետո երիտասարդները, խմբային աշխատանքի
շրջանակում, ներկայացրին կարծիքներ թեմատիկ այնպիսի հարցերի շուրջ,
ինչպիսիք են ընտանիքը, հայրենիքը, սերը եւ այս բոլորը միավորողը՝
Աստված: Խմբերում ներգրավված էին նաեւ արժանապատիվ Տեր Հայրերն ու
բարեշնորհ սարկավագները:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ երիտասարդության, սիրո, Սուրբ Սարգսի
բարեխոսության, քրիստոնեական ընտանիքի մոդելի մասին հոգեւոր զրույց
անցկացրեց Իսահակյանի հովվության հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քահանա
Սարդարյանը:
«Սերը զոհաբերություն է: Սիրո բարձրագույն արժեքին պիտի հասնենք
փոխադարձ զոհողության միջոցով: Սերը ոչ միայն զգացմունք է, այլեւ
մշտամնա գործողություն: Միայն զգալը, որ սիրում ենք, խոսելը դրա
մասին, քիչ է: Մշտապես անհրաժեշտ է գործողություն՝ սերը ցույց տալու
համար. օրինակ՝ ուշադրություն, աշխատանք, աջակցություն, ժամանակ»,-
իր խոսքում նշեց Տեր Հայրը:
Մինչ հանդիպման ավարտը ներկաները, KAHOOT կրթական հարթակի միջոցով,
մասնակցեցին վիկտորինայի, որի ընթացքում հնչեցին թեմատիկ հոգեւոր
հարցեր: Առավել արագ եւ ճշգրիտ պատասխաններ հնչեցրած երիտասարդներից
Տիգրան Դավթյանը ճանաչվեց հաղթող՝ ստանալով նվեր Խրիմյան Հայրիկի
«Դրախտի ընտանիք» աշխատությունը:
Հրաշալի օրն ամփոփվեց համատեղ լուսանկարով, ստեղծված թեմատիկ տաղավարում
անցկացված «Վիճակ»-ով ու խորհրդանշական անակնկալներով:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|