| ՆՇՎԵՑ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԽՈՍ
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ
ետրվարի
15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Սարգիս զորավարի,
Նրա որդի Մարտիրոսի եւ տասնչորս զինվորների հիշատակը: Ամենայն Հայոց
Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը
հռչակվել է երիտասարդների օրհնության օր:
Ներսես
Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սուրբ Սարգիսը համարվում
է Կեսարիայի հռոմեական զորավար, որը, խուսափելով Հուլիանոս Ուրացող
կայսեր (361-363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի
մոտ, ապա, վերջինիս խորհրդով, անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ
Բ-ի զորահրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով քաջ զորավարի
բարեպաշտությունը, նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված եւ աղոթքներով
Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում են հեթանոսությունից եւ դառնում
քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ
մատուցել: Զորավարը մերժում է՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված`
Ամենասուրբ Երրորդությունը, Արարողը երկնքի եւ երկրի: Իսկ կրակը
կամ կուռքերն ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է
փչացնել»: Այս խոսքերից հետո Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած
ամբոխը հարձակվում է Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության
պսակն ընդունում է որդին՝ Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է եւ ապա
գլխատվում՝ աներեր մնալով իր հավատքի մեջ: Նահատակվելուց հետո Սարգսի
մարմնի վրա լույս է իջնում:
Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով,
այլեւ ժողովրդական սովորույթներով, ինչը նվիրական ավանդույթ է: Շիրակի
թեմի երիտասարդների համար այն շատ սիրելի եւ սպասված տոն է: Տոնացույցի
ամենասիրառատ տոնին նրանք պատրաստվում են մանրակրկիտ: Երիտասարդաց
միություններում երիտասարդները հավաքվում են, թխում ավանդական աղաբլիթները,
եւ պատրաստվում նախատոնակին:
Փետրվարի
14-ին՝ Սուրբ Սարգսի նախատոնակին, Շիրակի թեմի եկեղեցիներում, երեկոյան
ժամերգությունից հետո, քահանաները կատարեցին օրհնության կարգ, այնուհետեւ
բաժանվեցին, երիտասարդների կողմից պատրաստված, աղաբլիթները:
Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
Գյումրու Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը,
«Հրայրք» ավանդական պարի խմբի եւ Սարիբեկյան բենդի հետ, նախաձեռնել
էին տոնախմբություն: Եկեղեցու բակում, հավարտ Նախատոնակի, ազգային
եւ հայրենասիրական երգ ու պարով երիտասարդները միասին նշեցին Սուրբ
Սարգսի տոնը:
Փետրվարի 15-ին Երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտերթ՝
Սուրբ Աստվածածին եկեղեցուց (Ս. Յոթվերք) դեպի Սուրբ Սարգիս մատուռ:
Ուխտավորներին առաջնորդում էր Զորավարին խորհրդանշող ձիավորը:
Մասնակիցները, հոգեւոր դասի գլխավորությամբ, շարականների երգեցողությամբ
ու խնկարկությամբ հասան ուխտավայր՝ Սուրբ Սարգիս մատուռ, ուր մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ արժանապատիվ Տ. Սարգիս քհն. Սարդարյանի:
Սրբազան արարողակարգի ընթացքում ներկաները խնդրեցին Սուրբ Սարգիս
Զորավարի բարեխոսությունը, որ արագահաս սլացքով իրենց աղոթքները
հասցնի Բարձրյալին:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|