| «ԼՈՅՍ
Ի ԼՈՒՍՈՅ Ի ՀՕՐԷ ԱՌԱՔԵՑԱՐ ԵՒ ՄԱՐՄՆԱՑԱՐ ՍՈՒՐԲ ԿՈՒՍԷՆ»
ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ
«Ըստ օրինացն Մովսէսի ընծայեցար
ի տաճարին, Զի բնութիւնս մարդկային,
ընծայեսցես Հօրն ի յերկինս, խնդրուածովք սուրբ ծերունւոյն,
Քեւ ի կապից արձակելոյն»:
ՇԱՐԱԿԱՆ
ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՎԱՆԴՈՒՄ Է
 րկչին՝
Հիսուս Քրիստոսին, ընդառաջ գնալու, մեր սրտի դռները Նրա առջեւ բացելու
սրբազան խորհուրդն է կրում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում
իր ուրույն տեղը զբաղեցնող, այս տոնը: Ինչպես մյուս բոլոր տոնախմբությունների,
նույնպես եւ Տյառնընդառաջի ակունքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկավետ
տնօրինության ու երկրային կյանքի մի հանգրվանն է: Հիսուս Ինքն իսկ
է գլխավոր խորհուրդը, բոլոր խորհուրդները ծագում եւ հանգում են Աստվածորդու՝
որքան սուրբ ու երկնային, նույնքան էլ իրական ու մարմնեղեն Անձին:
Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, ով արդար ու աստվածավախ
էր: Նա ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, եւ Սուրբ Հոգին էր
նրա մեջ: Նաեւ Սուրբ Հոգուց հրամայված էր իրեն մահ չտեսնել, մինչեւ
տեսներ Տիրոջ Օծյալին: Սիմեոնը, Ս. Հոգով առաջնորդված, եկավ տաճար,
եւ երբ ծնողները, Մովսեսի հաստատած օրենքի համաձայն, բերեցին Հիսուս
մանկանը, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն եւ ասաց. «Այժմ,
ո՛վ Տեր, համաձայն քո խոստման՝ խաղաղությամբ արձակիր Քո ծառային,
քանզի աչքերս տեսան Փրկչին, որ ուղարկեցիր բոլոր ժողովուրդներին,
որպես լույս՝ լուսավորելու հեթանոսներին եւ լինելու փառքն Իսրայելի՝
Քո ժողովրդի» (Ղուկ. Բ 29-32): Ահավասիկ, եթե, աստվածավախ ծերունու
նմանողությամբ, Տիրոջ հանդեպ հավատք եւ երկյուղ ունենանք, նույն
Ինքը՝ Տերը, մեզ պիտի լցնի եւ շնորհազարդի Սուրբ Հոգու զորությամբ՝
կարող դարձնելու տեսնել, հաղորդակցվել եւ շոշափել ճշմարիտ Լույսը,
որ հայտնություն է անհավատների համար եւ փառք Աստծո ժողովրդի՝ մեզ
համար: Այդ Լույսն ընդունելու, փոխադարձաբար փարվելու եւ Նրան գրկախառնվելու
ներուժը, սակայն, ամենքիս կամքից է կախված: Քրիստոս քայլում է մեզ
ընդառաջ, ուրեմն ի՞նչ է մնում անել մեզ՝ քրիստոնյաներիս, եթե ոչ,
Սուրբ Հոգու զորությամբ գոտեւորված, ելնել Տիրոջն ընդառաջ ու օրհներգությամբ
բացականչել. «Իմ այս մարմնեղեն աչքերը տեսան Քո երկնային փրկությունը,
Տե՛ր», որ, խաչի սրբազան Նշանի ճառագայթումով, պարուրում է քրիստոնյաներիս:
Ուստի եկ ու բնակվիր իմ հոգու օթեւաններում, քանզի Դու իսկ ես Ճանապարհը,
Ճշմարտությունը եւ Կյանքը:
ՆԱԽԱՏՈՆԱԿ
ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԽԱՐՈՒՅԿ ՎԱՌՈՒՄ
Տյառնընդառաջի
խարույկի մասին քրիստոնեական կամ եկեղեցական որեւէ օրենք կամ կանոն
չկա: Հավանաբար այս սովորույթը հեթանոսական է եղել՝ կապված նորապսակների
եւ բերքի օրհնության հետ: Քրիստոնեության պետականացումից հետո այն
վերարժեւորվել, քրիստոնեական իմաստ է ստացել՝ առավելաբար շեշտելով
աստվածային լույսի խորհուրդը: Եռամեծ Վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին
այսպես է բնութագրում այն. «Ինչպես Անանիան եւ իր ընկերները, երբ
հրի մեջ ընկան, գովում եւ օրհնում էին Աստծուն…եւ բոլոր արարածներին՝
ջրին, հրին, ցրտին, տոթին ու մյուսներին, օրհնության էին հրավիրում,
նույնպես եւ մենք, խոսքով ու գործերով, վառված հուրը, ի պատիվ արարածների
Արարչի, ընծայում ենք Քրիստոսին»: Արդ՝ հետեւենք միակ ու Ճշմարիտ
Լույսին, քանզի ով Նրա հետեւից է գնում, «խավարի միջով չի քայլի,
այլ կընդունի կյանքի լույսը»:
Փետրվարի 13-ին՝ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, երեկոյան ժամերգությանը
ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Հնչեցին հոգեպարար աղոթքներ ու
շարականներ, որից հետո կատարվեց նախատոնակ, որը եւ ավետեց Տերունի
տոնի սկիզբը: Այնուհետեւ հանդիսավոր թափորը, Տ. Թաթուլ ավգ. քհն.
Հակոբյանի գլխավորությամբ, ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր
կատարվեց անդաստան եւ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ինչը խորհրդանշում
է խստաշունչ ձմռան ավարտը եւ ջերմ գարնան սկիզբը, որի առնչությամբ
հարկ է հիշատակել Ս. Գրիգոր Տաթեւացու խոսքերը. «Ինչպես Տիրոջ տաճարին
ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով ու կանթեղներով ելավ Նրան
ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ
գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծու պատիվը կրակին
էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք
Նրան ծառայեցնելու»: Անդաստանին հաջորդեց մոմերի օրհնությունը, որոնց
կրակով, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, վառվեց, հրապարակի
կենտրոնում պատրաստված, ավանդական խարույկը: Այնուհետեւ խարույկի
շուրջը բոլորեց ուրախ շուրջպարը:
ՆՈՐԱՊՍԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Տյառնընդառաջի
հնօրյա ավանդույթներին մեր օրերում հավելվել է եւս մեկը: Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տյառնընդառաջի
տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր: Ս. Յոթվերք եկեղեցի
եկած զույգերը ոչ միայն օրհնություն ստացան, այլեւ տուն տարան վառվող
ճրագներ՝ իրենց բակերում խարույկներ վառելու համար:
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Փետրվարի 14-ին մեծաթիվ հավատացյալներ Ս. Յոթվերք եկեղեցում ներկա
գտնվեցին Տյառնընդառաջի Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն
էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝
մեկնելով նաեւ տոնի խորհուրդը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|