Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ
իրելինե՛ր,
Մուտք ենք գործում Մեծ պահքի շրջան, որն աղոթքի, ինքնաքննության,
զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ
մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն:
Պահեցողությունն
առիթ ու հնարավորություն է՝ առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու
մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն
մնալու հավատով ու ոգով եւ ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական
պտուղը մաքրությունն է սրտի, որ ձգտում է կատարելության՝ ըստ տերունական
կոչի. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»
(Մատթ. Ե 48): Այսպես կարող պիտի լինենք՝ ունկնդիր Մեծ պահքի խորհրդին
եւ պահոց կիրակիների պատգամներին, հաստատելու մեր կյանքն աստվածապատվեր
սիրո, արդարության ու բարության շավիղներում:
Յուրաքանչյուր հավատացյալի աստվածահաճո կենցաղավարությամբ է նաեւ,
որ հավելվում է մեր ժողովրդի ներուժը՝ Տիրոջն ապավինած դիմագրավելու
առկա մարտահրավերները եւ դառնալու զորեղ ազգ ու պետություն: Հայցենք,
որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք եւ շեն
ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը:
Թող Աստծո ամենախնամ Սուրբ Աջի ներքո խաղաղ ու անվտանգ լինի մեր
հայրենիքը, եւ բարօր ու ապահով՝ համայն մեր ժողովուրդն ի հայրենիս
եւ ի սփյուռս, այսօր եւ միշտ. ամեն:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
>>>
|
|