«ՄԱՀ
ՈՉ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀ Է, ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ
այոց
Եկեղեցին Սուրբ Վարդանանց հիշատակը տոնում է Բարեկենդանին նախորդող
հինգշաբթի օրը, քանի որ Սուրբ Հարությունից հետո 50-օրյա շրջանը
(մինչեւ Հոգեգալուստ) համարվում է Տերունի, եւ այս ընթացքում սրբերի
հիշատակության օրեր չեն նշվում:
720 թվականին Ս. Վարդանանց տոնի կանոն է առանձնացրել Հովհան Օձնեցին
եւ այն 8 -14-րդ դարերում տոնվել է Բուն բարեկենդանից առաջ ընկնող
երեքշաբթի օրը: Այնուհետեւ 14-րդ դարի առաջին կեսին այն տեղափոխվեց
նույն շաբաթվա հինգշաբթի օրը եւ այդպես տոնվում է մինչեւ այսօր:
Վարդանանց տոնը հիշատակն է այն մեծագույն սիրո եւ հավատքի, հանուն
որի մեր պապերն աներկյուղ պատերազմեցին պարսկական բազմահազարանոց
զորքի դեմ:
1036 քաջերն ընկան մարտի դաշտում եւ գիտակցված մահով անմահացան՝
իրենց սուրբ անունները թողնելով պատմության փառավոր էջերում: Ինքնազոհաբերություն,
նահատակություն վասն հավատո, վասն հայրենյաց, վասն Քրիստոսի. ահա
այն մեծ պատգամը, որ ավանդեցին մեզ Վարդանանք: Նրանք մեկ անգամ եւս
փաստեցին, որ հայ ազատատենչ եւ հզոր ոգին, միավորվելով, մեկ բռունցք
դառնալով եւ Քրիստոսի Ամենահաղթ Խաչին զորավիգ լինելով, կարող է
պարտության մատնել ցանկացած թշնամու:
Վարդանանք կորցնելով իրենց երկրային ժամանակավոր կյանքը՝ հաստատվեցին
երկնայինի եւ հավիտենականության մեջ՝ համաձայն Տիրոջ այն խոսքի,
թե «ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, եւ ով որ իր
կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն» (Մատթ. Ժ 39): Արդ՝
անաղարտ պահենք մեր լեզուն եւ մեր հավատքը, կարողանանք ըստ արժանվույն
գնահատել մեր հարստությունները, մեր անգին գանձերը եւ պատվով ու
հպարտությամբ փոխանցենք գալիք սերունդներին, քանզի հավերժ է Վարդանանց
ոգին, իսկ ներշնչանքը՝ հավերժացնող:
ՀԻՇԱՏԱԿԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, վերստին
ղողանջեցին հայոց եկեղեցիների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով Վարդանանց
Սուրբ նահատակների պատգամը. «Վեր կաց, վերցրու քո խաչը եւ արի իմ
ետեւից…»:
Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում եւս մատուցվեց հիշատակի
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Նարեկ քհն. Անտոնյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Հընթացս սրբազան արարողակարգի կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցական
դասը եւ բարեպաշտ գյումրեցիներն աղոթք առաքեցին առ Աստված՝ Ամենայն
Հայոց Հայրապետության պայծառության եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն
Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատության ու երկարամյա արգասավոր հայրապետության
համար:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|