ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕՁՈՒՆ
«Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված
հոգեւոր ճամփորդություն է՝
միջնորդված սրբավայրերով»
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
այ
Առաքելական Սուրբ Եկեղեցին Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող
շաբաթ օրը տոնախմբում է Ս. Հովհան Իմաստասեր Օձնեցի Հայրապետի հիշատակը:
Սրբի հիշատակը հարգելու նպատակով, Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի
բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ,
Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կատարվեց մի
խումբ հավատացյալների ցանկությունը: Թեեւ մարտի 22-ին երկինքը մռայլ
էր, առատ ձյուն էր տեղում, սակայն չէր ստվերել ուխտավորների սրտերը:
Նրանք վաղ առավոտյան ճանապարհ ընկան՝ աղոթասացությամբ եւ շարականների
երգեցողությամբ:
8-րդ
դարասկզբին՝ պատմական թոհուբոհի երկփեղկման ու քայքայման վտանգներով
լեցուն շրջանում, որպես փրկության փարոս, Լուսավորչի գահին բազմեց
Ս. Հովհան Օձնեցին, ում գործունեությունը հատկանշվում է ոչ միայն
քաղկեդոնականների, այլեւ աղանդավորների դեմ պայքարով: Վերջիններիս
դեմ Հայրապետը հանդես է գալիս վարդապետական ճառերով, որոնցում, աստվածաշնչային
դիպուկ մեջբերումներով, մերկացնում է աղանդների իսկությունը: Հայ
Եկեղեցու ազգայնացմանն ուղղված Օձնեցու ջանքերը մեծապես նպաստեցին
հայ ժողովրդի աշխարհընկալման, ազգային ինքնագիտակցության ձեւավորման
ու զարգացման գործին:
ՕՁՈՒՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Օձունը գտնվում է Գուգարաց թեմում: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել
է Տրդատ Գ արքան՝ մոտավորապես 303-313 թվականներին: Օծել է այն Ս.
Գրիգոր Լուսավորիչը: Հին եկեղեցին եղել է միանավ բազիլիկ, ունեցել
ավելի փոքր չափեր եւ երկրաշարժից խոնարհվել 5-րդ դարում: Քանդված
աղոթատան մոտ քսանհինգ հարթաքանդակներ 6-րդ դարում օգտագործվել են
ներկայիս եկեղեցին կառուցելիս: Այժմ դրանք իրենց հնությամբ ու գեղեցկությամբ
զարդարում են կառույցը եւ համաշխարհային արժեք ներկայացնում:
Առաջին դարում Օձուն է եկել Քրիստոսի տասներկու աշակերտներից Թովմասը
եւ այստեղ քահանաներ ու եպիսկոպոսներ օծել: Ըստ ավանդության՝ հենց
օծել բառից էլ առաջացել է գյուղի Օձուն անվանումը: Շիրակցի ուխտավորները
տեղ հասնելով՝ ներկա գտնվեցին, ձեռամբ Տավուշի թեմի սպասավոր Տ.
Կորյուն քհն. Պապիկյանի, մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, վառեցին
իրենց հավատի մոմերը եւ, անչար սրտով ձայնակից լինելով Սրբի աղոթքին,
Բարձրյալից ծնրադիր հայցեցին. «Գոհանում ենք Քեզանից, Տեր գթած,
քանզի Դու պարգեւեցիր մեզ այս օրը խաղաղությամբ անցկացնել….»: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ներկաներն ստացան Սուրբ
Հաղորդություն:
Իրոք Հայաստանում ամեն մի քար խոսուն պատմություն ունի, իսկ գարնանային
այդ օրվա ջերմությունը հնարավորություն տվեց հանգստանալ, խորհել,
մի մասնիկ վերցնել օրվա խորհրդից:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|