«ԵԼԻ՛Ր,
ԿԵ՛Ր, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՍ ԳՆԱԼՈՒ»
ՆՇՎԵՑ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
«Քանի որ պահք չպահեցինք,
դուրս ընկանք դրախտից, այժմ պահենք,
որպեսզի վերստին դրախտ վերադառնանք»:
ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ
այոց
եկեղեցական տոնացույցով Բուն բարեկենդանը որոշակիորեն կանոնակարգված
է: Այն նշվում է Քրիստոսի Հարության տոնից յոթը շաբաթ առաջ՝ կիրակի
օրը: Ունի երեսունհինգ օրվա շարժականություն՝ կախված Ս. Հարության
տոնից եւ տոնախմբվում է փետրվարի 1-ից մինչեւ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը:
Մեծ պահքի Բարեկենդանը կոչվում է Բուն բարեկենդան, քանի որ նախորդում
է ամենաերկար պահքին: Այն մարդու երջանկության հիշատակն է, որ դրախտում
վայելում էին Ադամն ու Եվան: Նաեւ դրախտային կյանքի օրինակն է, ինչպես
եւ ավետում է բնության զարթոնքի սկիզբը: Բարեկենդանին թույլատրվում
են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ՝ ի հետեւություն
Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելի՛ր, կե՛ր, որովհետեւ երկար
ճանապարհ ունես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7):
Բարեկենդանի տոնին է, որ հայոց ավանդական սեղանին առատ գինի եւ տեսակ-տեսակ
ուտելիք է դրվել: Մարդիկ կերել ու զվարճացել են անվերջ՝ միմյանց
ու անծանոթներին առատորեն հյուրասիրելով, քանի որ Բարեկենդանի հաջորդ
օրը Հայ Առաքելական Եկեղեցին մտնում է Մեծ պահքի շրջան, եւ հավատացյալները
հետեւում են քառասնօրյա պահեցողությանը: Այսպիսով՝ ինչպես մարդը
չպահեց առաջին աստվածադիր պահքը, որ էր չուտել բարու եւ չարի իմացության
ծառի պտղից եւ վտարվեց դրախտից, այնպես էլ դրախտին վերստին արժանանալու
ենք պահքով՝ զղջմամբ ու ապաշխարությամբ առ Աստված դառնալով: Հավելենք
նաեւ, որ Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան ժամերգության
ընթացքում, փակվում են եկեղեցիների Սուրբ Խորանների վարագույրները
եւ շուրջ քառասուն օր չեն բացվում՝ բացառությամբ Եկեղեցու անվանակոչության
կամ մեծ սրբոց տոների ուրախ առիթների եւ մատուցվում է Սուրբ Պատարագ:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ
Բարեկենդանի տոնախմբության կենտրոնում ժողովրդական խաղերն էին, որոնց
ցանկը շատ հարուստ էր: Խաղի ժամանակ մի կողմ էին դրվում քաղաքավարության
կանոնները, պետական ու եկեղեցական օրենքները եւ իշխում էր սոցիալական
ու տարիքային յուրօրինակ հավասարություն: Իսկ երեկոյան, երբ ավարտված
էր լինում խնջույքը, որպես ուտիք եւ ուրախ օրերի ավարտի ծիսական
խորհրդանիշ, փակում էին իրենց բերանները ձվով կամ ձվածեղով եւ միմյանց
դիմում բարեմաղթանքով. «Բերաններս փակում ենք սպիտակ ձվով. Աստված
արժանացնի կարմիր ձվով բացելուն»:
Զվարճություններն ավարտվում էին բարեկենդանի խորհրդանիշ Ուստիս տատին
արտաքսելու եւ Մեծ պահքի խորհրդանիշ Պաս պապին հրավիրելու ծեսով:
Ուստիս տատը, շերեփը ձեռքին, կերած, խմած, գզգզված մազերով տիկնիկ
էր: Երիտասարդներն իրենց վերջին խնջույքից հետո նրան բարձր սարից
գլորում էին ցած: Սկսվում էր Պաս պապի իշխանությունը, որ խստությունների
շրջան էր եւ ընդգրկում էր համեստ, չափավոր կյանքի, բուսական ուտելիքի
եւ հոգեւոր արգելքի յոթը շաբաթները:
Բարեկենդանը նշվել է նաեւ վանքերում՝ հոգեւորականության շրջանում:
Տոնի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ նույնպես թատերախաղեր
են կազմակերպվել եւ կոչվել են «Աբեղաթող»: Ի տարբերություն ժողովրդական
խաղերի, վանքերում հանդիսատես չկար:
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ
Այս տարի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով,
Բուն բարեկենդանը նշվեց մարտի 2-ին՝ կիրակի օրը: Տոնի ուրախ առիթով
Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց կիրակնօրյա Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Տ. Թաթուլ ավգ. քհն.
Հակոբյանը մեկնեց օրվա խորհուրդը եւ հանգամանալից բացատրություն
տվեց տոնի մասին, նկարագրեց, թե ինչպես է այն տոնախմբվել հնում եւ
ինչպես է այսօր տոնում Բուն բարեկենդանը մերօրյա քրիստոնյան:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|