Քրիստոնյա լինելն իրավունք չէ, այլ՝ պարտականություն: Եթե պարտականությունը չես կատարում, կորցնում ես իրավունքը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 3 (303), մարտ 2025 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ
ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակը: Այդ առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին, hայաստանյան թեմերում եւ եկեղեցական կառույցներում սպասավորող, շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը եւ մեծաթիվ հավատավոր հայորդիներ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Ղեւոնդյանց քահանաները Վարդանանց «Վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ» պատերազմի ոգեշնչողները դարձան: «Ղեւոնդյանք եւ Վարդանանք ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ աշխարհին սովորեցրին, որ երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի է ենթարկված, ողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն: Հավատքի ու հայրենիքի աստվածապարգեւ տեսիլքն ունենալով՝ չվախենա թշնամուց եւ ունկնդիր լինի ու վստահի Աստվածաշնչի խոսքին. «Նրանցից մի՛ վախեցեք, հիշեցե՛ք մեր մեծազոր եւ ահարկու Աստծուն եւ պատերազմեցե՛ք ձեր եղբայրների, կանանց եւ որդիների, դուստրերի եւ ձեր տների համար» (Նեեմիա Դ 14),- ասաց Տեր Նշանը՝ հավելելով, որ Ղեւոնդյանք իրենց կյանքի օրինակով այսօր էլ կոչ են ուղղում մեզ՝ տեր ու պաշտպան լինել քրիստոնեական մեր հավատքին ու վտանգված հայրենիքին:

Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների սրահում: Հավաքի առիթով ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի Առաջնորդ եւ քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ եւ արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք: Ավագ քահանայության պատվի արժանացան ԱՄՆ հայոց արեւմտյան թեմից Տ. Վազգեն քհն. Բոյաջյանը, ԱՄՆ հայոց արեւելյան թեմից Տ. Վազգեն քհն. Գուզույանը, Տ. Ստեփանոս քհն. Դուդուկչյանը, Տ. Գրիգոր քհն. Սապունճյանը եւ Տ. Առաքել քհն. Ալճալյանը:

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Սյունյաց թեմից Տ. Ահարոն քհն. Մելքումյանին, Տ. Շիրակ քհն. Խանոյանին, Տ. Ավետիք քհն. Մարտիրոսյանին եւ Տ. Ընծա քհն. Միրզոյանին, Շիրակի թեմից Տ. Հարություն քհն. Պետրոսյանին եւ Տ. Տիգրան քհն. Մխիթարյանին, Մասյացոտնի թեմից Տ. Երվանդ քհն. Բաբայանին եւ Տ. Միքայել քհն. Նուրիջանյանին, Արթիկի թեմից Տ. Լեւոն քհն. Հովհաննիսյանին, Գեղարքունյանց թեմից Տ. Ստեփանոս քհն. Իգնաթեւոսյանին, Գուգարաց թեմից Տ. Ներսես քհն. Ղալայանին, Արագածոտնի թեմից Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանին, Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի հայոց թեմից Տ. Մուշեղ քհն. Խաչատրյանին, Ֆրանսիայի հայոց թեմից Տ. Արշեն քհն. Մովսեսյանին, Տ. Բաբկեն քհն. Ստեփանյանին, Տ. Սահակ քհն. Ղարիբյանին եւ Տ. Շահե քհն. Նազարյանին, ԱՄՆ հայոց արեւելյան թեմից Տ. Հովսեփ քհն. Կարապետյանին, Տ. Գաբրիել քհն. Մուրաճյանին, Տ. Խաչատուր քհն. Քեսաբլյանին եւ Տ. Աբրահամ քհն. Օհանեսյանին:

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան ընդհանուր բաժնի գործավար Տ. Կոմիտաս քհն. Ղեւոնդյանը, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր սպասավոր Տ. Վազգեն քհն. Անդրեասյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ. Վարդան քհն. Հայրապետյանը, Սյունյաց թեմից Տ. Դավիթ քահանա Գիշյանը, Կոտայքի թեմից Տ. Վարդան քահանա Ներսիսյանը, Արագածոտնի թեմից Տ. Նարեկ քահանա Սարգսյանը եւ ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությունից Տ. Ղեւոնդ քհն. Հայրապետյանը:

Պարգեւաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու հայրապետական պատգամը հղելով հոգեւորականաց դասին Սրբոց Ղեւոնդյանց տոնի առիթով, մեծապես կարեւորեց քահանայից հավաքը՝ եկեղեցականաց ոգու զորացման, հոգեւոր ծառայության առավել արդյունավորման եւ ծառայության մեջ նոր առաջնահերթությունների սահմանման առումով: «Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնն առանձնահատուկ ցուցիչ է՝ հայ եկեղեցականի օրինակելի կերպարի ընկալման եւ ազգային-եկեղեցական կյանքում նրա առաքելության ու անձնազոհ սպասավորության վերարժեւորման տեսանկյունից»,- նշեց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ Ղեւոնդյանց ու Վարդանանց տոները պատեհ առիթ են խորհելու ազգային ինքնության եւ արժեքների մասին՝ որպես հայոց ազգի լինելության ու հարատեւության երաշխիքներ:

Իր խոսքում Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Եկեղեցու առաքելության մեջ միաձուլված են հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները. «Սիրելի՛ հոգեւոր հայրեր, դուք գիտեք, թե որքան միաձուլված են մեր առաքելության մեջ հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները: Քրիստոնեությունը հայոց ազգի մաշկի գույնն է՝ այսպես է Սուրբ Եղիշե պատմիչը հանրահռչակում մեր հավատքի եւ ազգային ինքնության անբաժանելի միասնությունը: Այս ճշմարիտ հաստատումը դարձել է ազգային մեր դավանանքի հիմնական եւ առանցքային համոզմունքներից ու գաղափարներից մեկը: Հետեւաբար՝ հայությանը հոգեւոր նկարագրով, ազգային դիմագծով ամուր պահելու եւ մեր ժողովրդի միաբանությունն ու լուսավոր գալիքն ապահովելու համար, պետք է զորացնել ու պաշտպանել մեր սուրբ հավատքն առ Աստված: Հավատքը պարզապես Աստծո գոյության ճանաչումը չէ, այլ այն իրականության ընդունումը, որ Աստված հարատեւ ներկա է մեր կյանքում, եւ մենք պատասխանատվություն ունենք Աստծո առջեւ: Հավատքը Աստծո պատվիրաններին հավատարմություն դրսեւորելու հանձնառությունն է, հավատքը բարոյական սկզբունքներին ու Քրիստոսի վարդապետությանը հետեւելու անընդմիջելի ընթացքն է: Հավատքն անխախտ հիմքն է ամուր ընտանիքի, ամուր հասարակության, ուր գերակայում են արդարությունը, համերաշխությունը, սերն ու գործակցությունը»:

Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության առջեւ ծառացած մարտահրավերներին՝ պայմանավորված ոչ միայն Արցախի կորստով, հազարավոր զոհերով, անհայտ կորած եւ տակավին գերության մեջ գտնվող հայորդիներով, այլեւ մեր կյանքում հայի ինքնության բաղադրիչների թիրախավորմամբ եւ աղճատմամբ: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը նշեց. «Արդ, հարկ է մեր ժողովրդի մեջ հաստատուն պահել դարերով նվիրագործված արժեհամակարգի, հայրենիքի, Հայոց Եկեղեցու, մեր սրբությունների, մեր պատմական անցյալի վերաբերյալ ճիշտ ընկալումները: Այս ճանապարհով է հնարավոր հզորացնել մեր պետությունը, նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը: Այս ճանապարհով է հնարավոր ամրապնդել հասարակության մեջ համերաշխության ոգին, պաշտպանել ազգային շահերն ու հիմնարար իրավունքները թե՛ երկրի ներսում եւ թե՛ երկրից դուրս: Այս նպատակների իրագործման համար մեզ նախ եւ առաջ պետք է առավել նվիրում ու քաջություն, ազգին ու հայրենիքին ծառայելու բարձր գիտակցություն եւ հանձնառություն»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականներին Ղեւոնդյանց քահանայից նմանությամբ ծառայել ու գործել եւ հոգեւորականին հարիր խոսքով ու վարքագծով լինել կենդանի քարոզություն հավատացյալների համար, մեծապես ուշադիր լինել, որպեսզի ոչ միայն չմսխվի դարերի վաստակը, այլեւ նորանոր ձեռքբերումներով ավելանա մեր նախնիների փառքը՝ ի շահ ազգի ու հայրենյաց եւ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:

Վերջում Նորին Սրբությունը, մեկ անգամ եւս իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքն ուղղելով ողջ հոգեւոր դասին, աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Երկնավորի հովանու ներքո խաղաղության, սիրո եւ համերաշխության շնորհներն առատանան ողջ աշխարհում, համազգային եւ հայրենական մեր կյանքում:

Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» ա-ղոթքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները