ՄԱՅՐ
ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԸ
արտի
11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն
Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց
Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը:
Այն
ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս.
Մաշալյանը, իսկ նիստերը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը:
Համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգեւոր
խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին իր օրհնությունն ու
բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակությամբ
ընդգծելով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին:
Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ
Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցեց Սուրբ Հոգու
առաջնորդությունը՝ ժողովի բարեհաջող եւ արդյունավետ ընթացքի համար:
Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Ազգային-եկեղեցական ժողովի
կազմակերպական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական,
վարչական, կարգապահական, սոցիալական եւ Եկեղեցու առաքելության արդյունավորմանն
առնչվող այլ հարցեր: Քննարկման առարկա դարձան hայրենական կյանքի
արտաքին ու ներքին մարտահրավերները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող
գերիների եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրները:
Գերագույն հոգեւոր խորհրդին ներկայացվեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
2024 թվականի գործունեության տեղեկագիրը, լսվեցին հոգեւոր-վարչական
գործունեության զեկույցը, ֆինանսական եւ վերստուգիչ հանձնախմբի տարեկան
հաշվետվությունները:
Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական
աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ
Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը:
Զեկույցի ավարտին քննարկվեցին եւ որոշումներ կայացվեցին թեմերում
ԵՆԺ պատգամավորների ընտրության գործընթացի, ժողովի օրակարգային նյութերի
նախապատրաստման եւ կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ: Եկեղեցական-ներկայացուցչական
ժողովին ներկայացնելու համար համապատասխան հանձնախմբերին հանձնարարականներ
տրվեցին՝ նախապատրաստել զեկույցներ Եկեղեցու առաքելության կարեւորագույն
այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ծխական կյանքի կազմակերպման,
հոգեւորականաց պատրաստության, կրթադաստիարակչական գործունեության,
սոցիալական ծառայության, քրիստոնեական արժեքներին նետված մարտահրավերների,
Սփյուռքի ու հայկական ինքնության պահպանության եւ Եկեղեցու նյութական
ու տնտեսական ոլորտներին:
Գերագույն
հոգեւոր խորհուրդը նաեւ լսեց Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»
հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանի զեկույցն Ադրբեջանում ապօրինաբար
պահվող գերիների վերաբերյալ: Անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության,
զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող
շինծու դատավորություններին՝ խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ:
Հայրենական կյանքի արտաքին եւ ներքին մարտահրավերների մասին զեկուցեց
քաղաքական գիտությունների դոկտոր տիար Արթուր Խաչիկյանը՝ ընդգծելով
ազգային շահերով առաջնորդվելու եւ տարածաշրջանային հավասարակշռությունը
պահպանելու դիվանագիտական ջանքերի հրամայականը:
Մտահոգությամբ անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած
մարտահրավերներին՝ ԳՀԽ-ի անդամները շեշտեցին Հայոց Եկեղեցու կարեւոր
առաքելությունն ի նպաստ առկա հիմնախնդիրների հաղթահարման համազգային
միաբանության ու համերաշխության ամրապնդման, Հայաստան-Սփյուռք գործակցության
եւ համահայկական ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ:
Առանձին զեկույց ներկայացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական
խնդիրների մասին: Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրության
մասնագետ տիար Միքայել Մալխասյանը ժամանակագրական-համեմատական համատեքստում
ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական առկա պատկերը, բնակչության
բնական աճի եւ միգրացիայի վիճակագրությունն անկախության տարիներին:
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներն անհանգստություն արտահայտեցին
ժողովրդագրության մտահոգիչ ցուցանիշների առնչությամբ` միաժամանակ
արձանագրելով այդ ուղղությամբ իրականացված ոչ բավարար նախաձեռնությունների
փաստը: Ընդգծվեց նաեւ այս ոլորտում Եկեղեցու կարեւոր դերակատարությունը,
որպեսզի հովվական խնամքի ու հոգեւոր քարոզչության շրջանակներում
առավել մեծ ջանքեր ներդրվեն` զորացնելու համար հայ ընտանիքները եւ
խրախուսելու որդեծնությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների գործունեության,
կրթական ծրագրերի, ուսումնադաստիարակչական ուղենիշների լրամշակման,
արձանագրված արդյունքների ու կատարելագործման մասին զեկույցներով
հանդես եկան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն
վրդ. Անանյանը, «Գարեգին Ա» կրթական կենտրօնի տնօրեն Տ. Վահան եպս.
Հովհաննիսյանը, ԳՀՃ ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Տ. Դանիել եպս.
Ֆնտգյանը եւ Հառիճի Թրբանճյան հոգեւոր ընծայարանի տեսուչ Տ. Վաչե
աբեղա Մկրտչյանը: Տեղեկացվեց, որ 2023 թվականից առ այսօր վերապատրաստման
դասընթացներին մասնակցել է Հայաստանի եւ սփյուռքի տարբեր թեմերից
ժամանած 354 եկեղեցական:
ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին Գեւորգյան հոգեւոր ճեմարանում
եռաստիճան կրթական համակարգի ամբողջական ներդրման եւ ժամանակակից
չափանիշներին համապատասխան որակյալ կրթության ապահովման առնչությամբ:
Մայր
Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա
ծայրագույն վրդ. Բաղումյանը եւ Կրթական հանձնախմբի անդամ Հասմիկ
Մարգարյանը ժողովականներին ներկայացրին Կիրակնօրյա դպրոցների դասագրքերի
պատրաստման աշխատանքների ընթացքը: Հիշյալ նախաձեռնության նպատակն
է ներդնել, ժամանակակից պահանջներին համապատասխան, միասնական հոգեւոր-կրթական
ծրագիր՝ կրակնօրյա դպրոցներում երեխաների հոգեւոր, ազգային կրթությունն
ու դաստիարակությունն ապահովելու համար:
ԳՀԽ խիստ կենսական ու առաջնահերթ համարեց մատաղ սերնդի հոգեւոր-բարոյական
նկարագրի ձեւավորմանն ու ազգային ինքնության պահպանմանն ուղղված
այս նախաձեռնությունը՝ թելադրելով շարունակել ծրագրի իրագործմանն
ուղղված աշխատանքները:
Մայրավանքի շինարարական ծրագրերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց
Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպս. Բաբայանը՝ մասնավորաբար
տեղեկացնելով, որ առաջիկայում կսկսեն գործել Մայր Տաճարի թանգարանը,
«Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատունը եւ նորակառույց մոմավառության
սրահը: Ընթացքի մեջ են Գեւորգյան ճեմարանի կացարանային շենքի, Հառիճավանքի
ննջարանային մասնաշենքի նորոգության ու բարենորոգչական այլ աշխատանքերը:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն առնչված հարցերի վերաբերյալ ժողովականներին
իրազեկեց Պատրիարքության տնօրեն ժողովի ատենապետ Տ. Թեոդորոս եպս.
Զաքարյանը՝ անդրադարձ կատարելով «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության
գործարքի, Պատրիարքության կալվածքների նկատմամբ ներկայացված գույքահարկի
հարցերին եւ այդ ուղղությամբ իրականացված քայլերին:
Գերագույն հոգեւոր խորհուրդն իր զորակցությունը հայտնեց Երուսաղեմի
Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը եւ հայ համայնքին՝ կարեւորելով
հիշյալ խնդիրների արդար հանգուցալուծումը եւ այդ ուղղությամբ գործադրվող
հետեւողական ջանքերը:
Դամասկոսի հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը ժողովականներին
համապարփակ տեղեկություններ փոխանցեց Սիրիայում տիրող իրավիճակի,
երկրի քաղաքական համակարգում շարունակվող փոփոխությունների, ինչպես
նաեւ առկա անվտանգային, տնտեսական խնդիրների եւ հայ համայնքի առջեւ
ծառացած մարտահրավերների մասին:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի
գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը
եւ Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը: Մասնավորաբար տեղեկացվեց, որ
հաշվետու տարում Հայ Եկեղեցու կառույցներում ու թեմերում շարունակվել
են իրականացվել հոգեւոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային,
բարեսիրական բազմաբնույթ ծրագրեր:
Անդրադարձ կատարվեց 2024 թ. ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
կողմից իրականացված մարդասիրական ծրագրերին՝ ուղղված սոցիալապես
անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների եւ բազմազավակ
ընտանիքներին ու սփյուռքյան համայնքներին:
Ընդհանուր առմամբ Մայր Աթոռի եւ թեմերի կողմից հատկացվել է 1.551.115
(մեկ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար հարյուր տասնհինգ) ԱՄՆ
դոլարին համարժեք դրամի (608.037.073 ՀՀ դրամ) օժանդակություն:
Գերագույն հոգեւոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու
լայնածավալ գործունեությունը ներկայացնող զեկույցը:
Ժողովն ավարտվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության
խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով:
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|