Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 1 (301), հունվար 2025 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Եկիր ի փրկութիւն ազգի մարդկան, Թագաւոր փառաց,
Քո անճառ խոնարհութեամբդ»:
ՇԱՐԱԿԱՆ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության լուսաշող տոնին, համախմբված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ, մարդկության հանդեպ անհուն սիրով ու ողորմությամբ, ուղարկեց Իր Միածին Որդուն՝ ազատելու մարդ արարածին մեղքից ու մահվան կապանքներից: «Փառքի Թագավոր, Քո անճառ խոնարհությամբդ եկար մարդկության փրկության համար»,- օրհներգում է շարականագիրը:

Այսօր Սուրբ Ծննդյան հրաշազարդ իրադարձությունն է վերստին հառնում մեր հայացքի առջեւ: Երկնային բարձունքներում գահին բազմող Փառքի Թագավորը ծնվում է աղքատիկ մսուրում: Փրկչի Ծննդյան հրեշտակաձայն ավետիսին ունկնդիր՝ պարզասիրտ հովիվները խոնարհվում են Մանուկ Աստվածորդու առջեւ: Իմաստուն մոգերը երկրպագում են Փրկչին, Ով աստվածային խնամքով մարդկությանն առաջնորդում է դեպի բարիք, հաճություն ու համերաշխություն:

Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդն անճառելի խորհուրդ է՝ մտքին անհասանելի, բայց հավատքով ճանաչելի եւ ընկալելի: Փրկիչը խոնարհվեց եւ մարմին առավ՝ նյութականից դեպի հոգեւորն ու աստվածայինը բարձրացնելու մարդկային սրտերն ու մտքերը: Անմահը մահկանացու դարձավ՝ ճշմարիտ կյանքի եւ հավիտենության ճանապարհը ցույց տալու մարդկությանը՝ համաձայն Իր խոսքի. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությունը եւ Կյանքը» (Հովհ. ԺԴ 6): Այսօր էլ Բեթղեհեմյան պայծառափայլ աստղը, փորձություններով խռովահույզ աշխարհում, փրկության հույսի ճանապարհն է ուղենշում: Սուրբ Ծննդյան գիշերը վկայում է, որ անգամ նեղությունների խավարում փայլատակում է Աստծո լույսը, ծագում է Արդարության Արեգակը, ինչպես անվանվում է Քրիստոս շարականներում եւ մարգարեության մեջ (Մղք. Դ 2):

Քրիստոսին ընդառաջ գնալը, Նրա պատվիրաններով ապրելը վեհացնում եւ զորացնում է անձերին ու ժողովուրդներին, արժանի դարձնում աստվածային պարգեւների եւ օրհնությունների: Խանձարուրով պարուրված Աստվածորդուն ընդունելով՝ մարդը զգեստավորվում է փրկության շնորհով, որը հավատացյալի կյանքում բխեցնում է երկնառաք բարիքների աղբյուրը: Աստվածամերժ ընթացքները, սակայն, մարդկությանը կանգնեցնում են չարիքների եւ կործանարար սպառնալիքների առջեւ:

Այսօր ամենքս ականատես ենք Աստծուց հեռացող աշխարհի դառնագին իրականությանը՝ նյութականի պաշտամունք, քաղաքական ու տնտեսական շահեր, տիրապետելու մոլուցք, որոնց զոհաբերվում են անհատի եւ ժողովուրդների իրավունքները, բարոյականության սկզբունքները, համամարդկային խաղաղ համակեցությունը, երջանկությունն ու բարիքը:

Այս արհավիրքների հետեւանքով մարդկությունը հայտնվել է աղետալի իրողությունների առջեւ՝ պատերազմներ, զոհեր ու ավերածություններ, կարիքի ու դժվարությունների մեջ հասակ առնող որբացյալ եւ անօթեւան երեխաներ, հակամարտությունների դաժան պայմաններում գոյատեւող, գաղթական դարձած ընտանիքներ: Այսպիսի տագնապալի իրավիճակները հրամայական են դարձնում աշխարհի բարեփոխումն ու ժողովուրդների համերաշխ գոյակցությունը, որը մշտապես պատգամվում է Մանուկ Աստվածորդու Սուրբ Ծննդյան՝ «յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. Բ 14) հրեշտակաձայն օրհներգությամբ:

Սիրելինե՛ր, աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց մեր ժողովուրդը՝ բռնազավթվեց եւ հայաթափվեց Արցախը, գրավված են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, տակավին գերության մեջ են եւ անհայտ կորած մեր բազում զավակներ, Ադրբեջանի կողմից շարունակում են հնչեցվել նորանոր պահանջներ ու սպառնալիքներ: Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երեւույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի եւ հանգեցնում ազգի տկարացման: Այս ամենին զուգընթաց՝ քրիստոնեական բարոյական ընկալումների եւ ազգային-հոգեւոր ավանդական արժեքների խեղաթյուրումը աղճատում է մեր ժողովրդի ինքնության դիմագիծը, թուլացնում ազգային ոգին, ներքաշում դեպի մեղքի, հուսահատության որոգայթներ:

Սուրբ Ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավերն է ուղղվում՝ ընթանալու սիրո, հաշտության, արդարության տերունավանդ ճանապարհով: Այս կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով: Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը: Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը եւ առաջնայնություն տալով սեփական շահերին: Մենք՝ որպես ազգ, հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, Նրա վարդապետությանը, ընթանանք Աստծո Խոսքի եւ աստվածային կամքի համաձայն, ձերբազատվենք մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից: Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության եւ անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն մեր ազգի ու հայրենիքի ապահով եւ բարօր հարատեւության: Լինենք միմյանց գործակից եւ ոչ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու եւ ոչ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ: Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում: Երեխաների նոր ծննդով, արժանավոր զավակների դաստիարակությամբ հզորացնենք մեր ազգն ու հայրենիքը: Յուրաքանչյուրս մեր կարողության չափով ներդրում բերենք համազգային կյանքի առաջընթացին՝ ի պայծառություն մեր պետության եւ ի շահ մեր ժողովրդի լուսավոր գալիքի:

Սուրբ Ծննդյան ուրախալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին: Մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս Մեր հոգեւոր եղբայրներին՝ քույր Եկեղեցիների պետերին եւ հավատավոր իրենց հոտին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս եւ ի սփյուռս աշխարհի:

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը միասնաբար աղոթք մատուցենք մարդեղացյալ Աստվածորդուն եւ հայցենք, որ առատ լինեն երկնահեղ օրհնությունները ազգային ու հայրենական մեր անդաստանում, հաստատուն մնան տերունավանդ հավատքը, հույսն ու սերը մեր կյանքում: Խնդրենք Երկնավոր Տիրոջ զորակցությունը մեծ կորուստներ կրած եւ հարազատ բնօրրանից զրկված արցախահայությանը: Խնդրենք Ամենակալից, որ խաղաղություն ու բարօրություն հաստատվի ողջ աշխարհում եւ հայրենի մեր երկրում: Թող Աստծո ամենախնամ Աջը եւ Սուրբ Ծննդյան կենարար շնորհները մշտապես հովանի լինեն համայն մեր ժողովրդին այսօր եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները