Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ՆՌՆՕՐՀՆԵՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Ինչպես նուռն է պահում պտուղը կեղեւի տակ, այնպես էլ պետք է ծածկել
առաքինությունները, որոնք Աստված տեսնում է եւ հայտնապես հատուցում»:
ՀԻՊՈՂԻՏՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 2015 թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատվեց նռնօրհնության կարգ, որն առաջինը կատարեց հենց ինքը՝ Հայոց 132-րդ Հայրապետը: Եվ այսպես՝ ամեն տարվա Ամանորի գիշերը՝ ժամը 00:30-ին, հայոց բոլոր եկեղեցիներում, գոհաբանական մաղթանքից հետո, կատարվում է նռնօրհնեքի արարողություն, որով ավարտվում է հին տարին եւ սկսվում նորը: Քանի որ հոգեւոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա եւ գալիք կյանքի խորհրդանիշ, ուստի եւ հենց Ամանորի սեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է ու հոգեշահ, որովհետեւ այն անուշահամ է, բժշկարար եւ միայն այդպես է «աճում Աստուծոյ ներկայութիւնը մեր մեջ» (Ս. Գր. Նարեկացի):

Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռն առաջին հերթին աշխարհի խորհրդանիշն է, որի վրա, ինչպես բացատրում է Ս. Գրիգոր Տաթեւացին, առկա է հավատի թագը: Ըստ Տաթեւացու՝ պտղի պաշտպանիչ ամուր կեղեւը հավատքի զորավոր վահանն է: Այն նաեւ մեր Տիրոջ արյան եւ Սուրբ Հարության խորհուրդն ունի: Հին եգիպտացիները մահացածներին թաղում էին նռան կեղեւով՝ հավատալով, որ նրանք պիտի կենդանանան: Արարչաստեղծ պտղաբեր ծառերից նռնենու պտուղը եւս այն խորհրդանիշներից է, որ հիշատակվում է Աստվածաշունչ Մատյանում: Հին Ուխտում նռան ծաղկաբողբոջները մաս են կազմել քահանայապետական զգեստի՝ զարդարելով ներքին պատմուճանների քղանցքները. «…Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն» (Ելք ԻԸ 33):

Նռնենին իր պտղով հանդես է գալիս տասը խորաններից իններորդում, որը ներկայացնում է Սողոմոնի տաճարը. «Իսկ իններորդ խորանն զտաճարն նշանակէ… Էն եւ աստ ծառք նռնենիք» (Ս. Ներ-սես Շնորհալի): Նուռը խորհրդանշական իմաստով նաեւ առկա է հայոց դիցարանում: Նռան հատիկներն անձի առաքինի գործերն են: Ինչպես նռան հատիկներն են անտեսանելի կեղեւի պատճառով, այնպես էլ առաքինությունները պետք է ծածկված լինեն մարդկանցից եւ տեսանելի լինեն միայն Աստծուն: Նռան եւ նռնենու պատկերազարդումները տարածված են նաեւ բուն եկեղեցական արվեստում: Օրինակ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի Աջի թեղանիքի վրա փորագրված ծաղկազարդերը նռան տեսք ունեն: Ամենեւին էլ պատահական չէ, որ դրանց թեւերն ագուցված են նռնաքարերով, թերեւս ընդգծելու համար Աջի հատուկ «իշխանություն» ունենալու հանգամանքը:

Դեկտեմբերի 31-ին՝ ճիշտ ժամը 00:00-ին, Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Ամենափրկիչ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի կարգ:

Տարեմտին Ս. Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում նռնօրհնեքի կարգ կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: Արարողակարգից հետո թեմակալ Առաջնորդը, դիմելով ներկա հավատացյալներին, ի մասնավորի կարեւորեց օրվա խորհուրդն ու օրհնության նշանակությունը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀՈՐԴՈՐ-ԽՐԱՏԸ

Շնորհավոր Նոր տարի: Ահավասիկ Տերը մեզ արժանացրեց բախելու եւ բացելու 2025 թվականի դուռը: 2024 թվականը, որքան էլ դժվար, բայց մեզ համար մխիթարական տարի եղավ, մեզ որ ասում եմ, նկատի ունեմ հայ ժողովրդին, որովհետեւ ունեցանք Մայր Տաճարի վերաբացումը, օծումը, մյուռոնօրհնությունը եւ, ի մասնավորի մեզ համար նաեւ, Ս. Ամենափրկչի վերաօծումն ու վերաբացումը: Երբ դառնություններ ու դժբախտություններ են գալիս այլ տեղերից, Աստված տալիս է նաեւ մխիթարություն, որովհետեւ Նա մխիթարության, ողորմության, շնորհի, բարության Աստված է:

Չպետք է լինենք այն չարաճճի մանկան պես, որ մնայուն կերպով ընկնում է եւ մնայուն կերպով լացելով վազում մոր մոտ…Մեր մեղքերի պատճառով են գալիս մեր գլխին փորձությունները, բայց փորձությունների մեջ Տերը մեզ չի լքում եւ պարգեւում է մխիթարություն: Ուրեմն՝ աղոթենք…: Հավաքվեցինք եկեղեցում՝ դիմավորելու համար Նոր տարին՝ 2025 թվականը: Եվ ահավասիկ նույն ոգով օրհնում ենք նաեւ նուռը՝ որպես տարվա խորհրդանիշ ու բաշխում ենք ձեզ, որպեսզի, իբրեւ նմուշ, իբրեւ նշխար տանեք ձեր տուն՝ որպես Աստվածային օրհնության գրավական: Բայց այդ Աստվածային օրհնության մանանեխի հատիկը, ինչպես Ավետարանում ասվեց, պիտի ջրեք ձեր հավատքով, աղոթքներով, բարի կամեցողությամբ, բարի գործերով, որպեսզի պտուղ տա՝ մեկի դիմաց երեսուն, մեկի դիմաց վաթսուն, մեկի դիմաց հարյուր:

Հետեւաբար՝ մեր սիրելի խաչքավորի շնորհիվ, նուռն առատ է: Թող Տերն օրհնի բոլորիդ, մեր Գյումրի քաղաքը, Շիրակ աշխարհը, Հայաստան երկիր դրախտավայրը, ժողովդրին, մեր Եկեղեցին եւ մեր ապագան: Արդեն վախենում ենք այդ խոսքն ասել, սակայն այն անհրաժեշտություն է. պետք է ասենք ու աղոթենք մեր ապագայի համար: Ահավասիկ ինքս վերցնում եմ ընդամենը մեկ նուռ եւ հեռանում: Քահանաները նույնպես թող մեկական նուռ վերցնեն եւ իջնեն խորանից:

Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք ի խաղաղութիւն եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանս. ամէն: Մեկ անգամ եւս շնորհավոր Ամանոր:

Ի ԴԵՊ

Բարեպաշտական արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին: Հավելենք նաեւ, որ նուռը եկեղեցուն նվիրել էր տարվա խաչքավոր Արմեն Տոնոյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՍԱՆԴՈՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները