Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

«ՈՐԴԻՔ ՄԱՐԴԿԱՆ, ՕՐՀՆԵՑԷՔ, ԶԻ ՎԱՍՆ ՄԵՐ ՄԱՐՄՆԱՑԱՒ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Եթե բոլորս ապրինք Քրիստոսի ծննդյան խաղաղաբեր պատգամին
հնազանդության մեջ, ուրիշ չի կրնա
ր ըլլալ մեր ճամփան, քան այն,
որ կը տանի դեպի խաղաղություն, հաճություն…»:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

րիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդն իր էությամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ երկնքի միախառնումը երկրի հետ, որպեսզի երկրավորները, երկնայինի ճանաչմամբ գոտեպինդ, միշտ անվախ ու անսայթաք շարունակեն իրենց կյանքը՝ խոստացված երկնքի արքայության տեսիլքով ու հեռանկարով: Կասկածից վեր է, որ, Քրիստոսին ճանաչելով ու ընկալելով, մարդու կյանքը լիովին այլակերպվում է՝ ներառելով սերը, խաղաղությունը, նվիրումն ու զոհողությունը, հարգանքն ու փոխադարձ հասկացողությունը:

Հայոց Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Մկրտության տոնն անվանում է նաեւ Հայտնություն, քանզի քսանհինգ դար առաջ՝ հունվարի 6-ին, Նա, Ով ծնվեց Ս. Կույսից, նույն այդ օրը եկավ Հորդանան, մկրտվեց Հովհաննեսից, վկայվեց Հորից եւ դավանվեց որպես Որդի Հոր, մշտնջենավոր Ծնունդ նույն Էությունից: Կոչվեց «Հայտնության տոն», որովհետեւ այդ օրը արարածները տեսան իրենց Արարչին: Մարդացյալ Աստվածորդին, Իր փրկչական առաքելությամբ, շրջափոխեց պատմության ընթացքը՝ հորդորելով մարդկանց իրենց կյանքը հաստատել սիրո եւ խաղաղության վրա: Մեր Եկեղեցու Սուրբ Հայրերը Սուրբ Ծնունդը կոչել են «Խորհուրդ մեծ եւ սքանչելի», քանզի անհնար է բացատրել, թե ինչպե՞ս անբավելին, հավիտենականն ու անսահմանը խանձարուրի մեջ պարուրվեց, ինչպե՞ս Աստծո Խոսքն ու Իմաստությունը ծնվեց ոչ բանական կենդանիների մսուրում:

«ՓԱՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ԾՆՆԴԵԱՆ ՔՈ ՏԷՐ»
ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 5-ին՝ երեկոյան ժամերգության ընթացքում, նախնյաց ավանդույթի համաձայն, հատուկ խորհրդակարգով վառվեցին հայոց բոլոր եկեղեցիների ջահերն ու կանթեղները՝ խորհրդանշելով մոգերին առաջնորդող Բեթղեհեմյան լուսաշող աստղը: Ս. Ծննդյան խորհուրդը Շիրակի թեմի հավատացյալ հայորդիները վերապրեցին Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագով, որ մատուցվեց Ս. Յոթվերք, Ս. Ամենափրկիչ, Ս. Հակոբ, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Հռիփսիե, Ս. Սարգիս եկեղեցիներում, եւ որն էլ սկսվեց հավարտ Դանիել մարգարեի թղթերի ընթերցման:

Ս. Յոթվերք մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդը: Մեկնելով օրվա խորհուրդը՝ Սրբազան Հայրը միաժամանակ մաղթեց, որ ներկաները, Բեթղեհեմյան երկնակամարում ճառագող աստղի առաջնորդությամբ, վերակերտեն իրենց կյանքը, հոգիները վերածեն հոգեւոր քարայրի՝ այնտեղ ընդունելով աշխարհի Փրկչին:

Ի լրումն օրվա խորհրդի՝ հավատացյալները հաղորդվեցին մեր Տիրոջ Սուրբ եւ կենարար Մարմնին ու Արյանը: Հավարտ Ս. Պատարագի ներկաները, ի նշանավորումն Բեղթեհեմյան աստղի, եկեղեցու կանթեղից վառեցին իրենց մոմերը՝ աստվածային օրհնությունը լույսի տեսքով տուն տանելով:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՔԱՐՈԶԻՑ

Այսօր, 2025-րդ անգամ հնչեց այս ավետիսը. «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ»: 2025 տարի շարունակ մարդկությունը փորձում է թափանցել այդ իրողության խորքերը, հասկանալ, ըմբռնել, եւ այդպես էլ չի հասկանում ու չի ըմբռնում ամբողջովին, որովհետեւ ի վիճակի չէ: Ոչ թե չի ուզում, այլ ի վիճակի չէ: Չի կարող ըմբռնել անըմբռնելին:

Չի կարող ըմբռնել, թե ինչպես անծայրածիր, անսկիզբ եւ անվերջ Տիեզերքի Արարիչը, Ժամանակի Հաստատիչը կարողացավ ժամանակի մեջ խոնարհվել ու ծնվել Ս. Կույսից եւ դրվել մսուրի մեջ՝ փաթաթված խանձարուրով: Մարդկային ո՞ր միտքը կարող է հասկանալ այս խորհուրդը՝ խորին, անհաս, անսկիզբ: Եվ մեր հերթն է մի պահ այսօր՝ իբրեւ 2025-ին այս երկրի վրա քայլող եւ ապրող մարդիկ, փորձել ըմբռնել անըմբռնելին: 2025 տարի առաջ Աստված մարմնացավ եւ մարդացավ մեզ՝ ապրողներիս համար: Ոչ թե Իր օրոք ապրողների, այլ ծնվեց ու մարդացավ, մարմնացավ մեզ համար: Հետեւաբար մենք՝ իբրեւ մահկանացու, որ այսօր կանք, իսկ վաղը հանձնվելու ենք հողին, պիտի մոտենանք Ծննդյան խորհրդին ոչ թե փորձելով բացատրել, թե ինչպե՞ս, այլ ինչո՞ւ տեղի ունեցավ: Ավետարանիչը շատ հստակ, գեղեցիկ ու անպաճույճ խոսքերով ասում է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհ. Գ 16)

Աստված մեզ ստեղծեց կատարյալ, որպեսզի փրկություն ունենաք: Բայց մենք մեր կատարելությունն ի չարս գործադրեցինք: Աստված մարմնացավ եւ մարդացավ մեզ սիրելով եւ մեզ սիրելու համար: Եթե փորձենք պատասխանել այդ սիրուն համարժեք սիրով, կտեսնենք՝ որքան նսեմ, խաբուսիկ, ողորմելի է մեր մարդկային սերն աստվածային անեզր սիրո համեմատ: Տերը, իբրեւ սիրո արտահայտություն, ցույց է տալիս մեզ խոնարհությունը, ինչից դարձյալ հեռու ենք: Սերը չի կարող լինել առանց խոնարհության: Եթե մարդկային սերը չունի խոնարհություն, նշանակում է, որ այն խաբկանք է…

Տերն այսօր նաեւ ցույց է տալիս Իր ինքնազոհողությունը: Ինքը չեկավ, չծնվեց տիրելու համար: Եկավ՝ զոհվելու հանուն մեզ, որպեսզի մեզ հարության շնորհին արժանացնի: Ինքնազոհությամբ եկավ. եւս մեկ անըմբռնելի իրողություն: Ինչպես կարող է անեզր Աստված Իրեն զոհել հանուն ինչ-որ արարածների: Չի կարող լինել սեր՝ առանց ինքնազոհողության, ինչի հստակ բնորոշումը տալիս է Տերը՝ ասելով. «Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար» (Հովհ. ԺԵ 3): Ահավասիկ Սուրբ Ծննդյան խորախորհուրդ գիշերվա բազմահազար դասերից մեկն էլ այս երեք կողմերի բացահայտումն էր մեզ համար՝ Աստծո սիրո, Աստծո խոնարհության եւ Աստծո ինքնազոհության, երբ անմեղը, անմահը պատրաստ է մեռնել մահկանացուի համար, որպեսզի Հարությամբ այդ մահկանացուին հարուցյալ լինելու հնարավորություն տա:

Այսօր մենք, սիրելի՛ հավատացյալներ, եղբայրներ եւ քույրեր, հավաքված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, այս երեկոյան պիտի ուրախանանք ու ցնծանք Սուրբ Ծննդյան Ավետիսով: Բայց ոչ թե պարզապես պիտի ուրախանանք, որովհետեւ մեր սիրտը ցանկանում է ուրախանալ, եւ մենք ուրախության կարոտ ենք, այլ որովհետեւ այդ ուրախության շնորհը նաեւ Տիրոջից է գալիս՝ իբրեւ Իր սիրո արտահայտություն ու պտուղ: Պիտի հասկանանք այն մեծ զոհողությունը, որ Տերն արեց, որպեսզի մենք այս ուրախությունն ապրենք 2025 տարի հետո:

Միլիարդավոր մարդիկ են ծնվել այս երկրի վրա: Ոչ մեկի ծնունդը չի ունեցել այն նշանակությունը, բովանդակությունը, տարողությունը, ինչը մեր Տեր Հիսուս Քրիստոսինը: Սա նշանակում է, որ եթե հավատանք կամ չհավատանք, Քրիստոսի Ծնունդը մնում է բացառիկ՝ իրենից առաջ եւ իրենից հետո եղած ծնունդների մեջ: Այսօր էլ Տիրոջ Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչում է իբրեւ հրավեր նաեւ նրանց, ովքեր դեռ արհամարհում են կամ փորձում են արհամարհել Նրա Ծննդյան Ավետիսը: Փառք վերառաքենք Աստծուն, որ վերստին, իբրեւ 2025-ին ապրող ու շնչող մարդիկ, տվեց մեզ հնարավորություն՝ վայելել, ուրախանալ ու ցնծալ Իր Ծննդյան Սուրբ Ավետիսով, նաեւ, իբրեւ հրավեր, քայլել Սուրբ Ծննդյան Աւետիսով բացված ճանապարհով:

Թող Տերն օրհնի մեր Հայրենիքը, ժողովրդին, Եկեղեցին եւ բոլորիս տա ապրելու կամք՝ աստվածային սերը, խոնարհությունն ու ինքնազոհողությունն ունենալով հանդեպ մեր նմանը, մեր ժողովուրդը, մեր Հայրենիքը, մեր Եկեղեցին: Թող նորածին Տիրոջ օրհնություններն անսպառորեն, այս գիշերվա խորախորհուրդ պահին, իջնեն յուրաքանչյուրիս սրտի, մտքի ու հոգու մեջ եւ դարձնեն նոր մարդ, նոր էություն, նոր սկիզբ, որ, Աստծո նայվածքի առջեւ, կարողանանք ապրել իբրեւ Իր ժողովուրդ սեփական:

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս


«ԵՒ ԲԱՆՆ ՄԱՐՄԻՆ ԵՂԵՒ ԵՒ ԲՆԱԿԵԱՑ Ի ՄԵԶ…»

6 հունվարի: Հայոց աշխարհում, եկեղեցիների զանգերի ղողանջների հետ միաձույլ, ասես Աստված Ինքն էր իջնում ձեռակերտ տաճարներ՝ սեր, խաղաղություն եւ հաճություն բերելով ամենքին: Աստվածահայտնության Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը, որով կրկին հիշատակվում էր Բեթղեհեմյան անմար աստղից ճառագող սերը, ինչը հավատացյալ հայորդուն կոչում է ինքնաճանաչման:

«ԱՅՍՕՐ ՄԵԶ ՀԱՍԱՎ ՏՈՆԻ ԼՈՒՅՍԸ»
ՋՐՕՐՀՆԵՔ

Հայ Առաքելական Ս. Եկեղեցու կանոնակարգի համաձայն՝ Ս. Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնյաց կարգ, ինչը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը: Հոգեւորականները ժողովրդի անունից Տիրոջը խնդրում են, որ Նա օրհնի ու սրբի ջուրը՝ դարձնելով օգտակար տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների փրկության համար, ապա ջրի մեջ իջեցնի Սուրբ Հոգու բժշկության եւ չար զորությունների դեմ հաղթության շնորհները: Այս աղոթքից հետո հոգեւորականը խաչն իջեցնում է ջուրը: Այնուհետեւ ջուրն օրհնվում է Ս. Խաչի նշանով, Ս. Ավետարանով եւ սրբալույս Մյուռոնով՝ հանուն Սուրբ Երրորդության: Օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդի, հանդիսավոր թափորն ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ: Ամանորի տոնածառի հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի վրա կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, որ խորհրդանշում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հորդանանում: Սրբազան Հայրը, խաչն իջեցնելով ջրի մեջ, Աստծուց հայցեց, որ ինչպես Ս. Հոգին իջավ Տիրոջ վրա, այժմ նույնպես իջնի, օրհնի ու սրբացնի ջուրը: Ապա, «Պահպանիչ» աղոթքի ուղեկցությամբ, խաչը հանձնեց Արմեն Տոնոյանին, որ արժանացել էր տարվա ջրօրհնեքի խաչի կնքահայրը լինելու պատվին: Արարողությունից հետո, ինչպես ընդունված է, հավատացյալներն օրհնված ջուրը տուն տարան, որպեսզի ընտանիքի անդամներին եւս հաղորդակից դարձնեն օրվա խորհրդին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան հաջորդ օրը, Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Ամենափրկիչ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Ս. Աստվածածին եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Մեռելոցը նախ երախտագիտության ու հարգանքի արարողություն է ողջերի կողմից մեռյալների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն, ապա նրանց վերստին նորոգման, հարության հույս է պարգեւում: Հավարտ սրբազան արարողության կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ վասն համորեն ննջեցելոց:

ԳԱՅԱՆԵ ՍԱՆԴՈՅԱՆ, ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները