Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Գյումրու դեմքն է, այցեքարտը, եւ առանց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու Գյումրին կմնար խոնարհված:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 12 (300), Դեկտեմբեր 2024 թ.  


 

       

ՎԵՐԱՕԾՎԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

եկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից, հավատացյալների երկրպագության համար, Գյումրի էր բերվել նաեւ Փրկչի Խաչափայտի մասունքը:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն սկսվել էին դեռեւս 1999 թվականից:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Շիրակի թեմի հոգեւոր սպասավորներ, մշակույթի ու հասարակական գործիչներ եւ, եկեղեցու օծման առիթով Շիրակի մարզի ու Հայաստանի տարբեր վայրերից Գյումրի ժամանած, բազում ուխտավորներ:

Վեհափառ Հայրապետը, եկեղեցականների հանդիսավոր թափորով, նախ առաջնորդվեց դեպի, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կանգնեցված, երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան, ուր, ծաղկեպսակի զետեղումից հետո, աղոթք բարձրացրեց առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների խաղաղության եւ հանգստության համար:

Ապա, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք գործեց վերանորոգված եկեղեցի, ուր սկսվեց վերաօծման սրբազան արարողությունը:

Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ուղեկցությամբ, ջրով եւ գինով լվացվեց տաճարի Սուրբ Սեղանը: Այնուհետեւ, աղոթքների ընթերցումից հետո, խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի օծումը:

Մինչ այդ՝ դեկտեմբերի 5-ին, կատարվել էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը: Արարողության ավարտին Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը շնորհակալության ու երախտիքի իր խոսքը հղեց Ամենայն Հայոց Հայրապետին Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով՝ ի մասնավորի նշելով. «Վեհափառ Տե՛ր, փառք վերընծայելով Աստծուն, երկրպագելով Կենաց փայտի մասունքը, որ, Ձեր Հայրապետական տնօրինությամբ, բերվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի՝ ի համբույր ու երկրպագություն հավատացելոց, եւ փոխանցելով Շիրակի թեմի ողջ ժողովրդի, Գյումրի քաղաքի բնակչության, այս սքանչելի եկեղեցվո բարերար Տիար Վարդան Ղուկասյանի որդիական ողջույնները, սիրո եւ հարգանքի հավաստիքը՝ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ հայրապետական բարձր ներկայության համար՝ այս ուրախալի օրվա առիթով:

Ասում եմ ուրախալի՝ այս բառի ամբողջական տարողության գիտակցությամբ:

Դեկտեմբերի 7-ը մեզ համար սեւ օր էր: Սեւ օր էր երեսունվեց տարի շարունակ: Այսօր Սուրբ Ամենափրկչի վերաբացումով, Ձեր հայրապետական ներկայությամբ եւ վերածնվող, ավելի շուտ վերածնված Գյումրիում այս կնիքը տեղադրելով՝ վերջնական եւ ամբողջական հավաստեցիք, որ քաղաքը չմեռավ, որովհետեւ հավատում էր իր Տիրոջ Հարության հրաշքին:

Ահավասիկ, Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումով, վերաօծումով եւ վերաբացումով, փակում ենք սգո էջը մեր քաղաքի՝ չմոռանալով մեր նահատակներին ու զոհերին: Այս եկեղեցին, իբրեւ բարբառող, աղոթող հուշարձան մեր բոլոր զոհերին, իր ներկայությամբ, ոգեղենությամբ, աստվածային ներկայությունը մեզ փոխանցելու իրողությամբ, փակում է սգո էջը եւ բացում հարության էջը:

Այո, Վեհափառ Տե՛ր, ահավասիկ Գյումրու հարությունը Ձեր առջեւ: Օրհնե՛ք մեզ, Վեհափառ, Ձեր Հայրապետական հեղինակությամբ՝ իբրեւ Ս. Թադեոս Առաքյալի եւ առաքելապատիվ Ս. Գրիգոր Լուսավորչի արժանավոր հաջորդ: Օրհնե՛ք մեր ժողովրդին եւ վերջնական փարատեցեք սուգն ու տրտմությունը Շիրակ աշխարհից ու Գյումրի քաղաքից: Օրհնե՛ք մեզ, Վեհափառ»:

Այնուհետեւ Հայոց Հայրապետը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով, իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ հայց վերառաքելով Երկնավոր Տիրոջը վերանորոգված պատմական աղոթավայրի հավետ պայծառության, հայրենի երկրի խաղաղության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ապահովության ու բարօրության համար:

«Հարյուր հիսունամյա այս տաճարը, որ խոնարհվել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով, աղետից երեսունվեց տարի անց վերստին իր դռներն է բացում քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր Մեր զավակների եւ ուխտավորների առջեւ: Հիշում ենք երկրաշարժն իր սարսափելի հետեւանքներով, որ հազարավոր կյանքեր խլեց, շատերին անօթեւան դարձրեց, մեր հայրենիքը եւ ժողովրդին կանգնեցրեց բազում դժվարությունների առջեւ: Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերաօծման արարողությունը: Մեր հոգիները, որ կրում են ողբալի իրադարձության տարիների վիշտն ու վերքերը, եկեղեցու վերականգման առիթով քաջալեր զգացումներով են պարուրվում՝ որպես առհավատչյա նաեւ այսօրվա մեր կյանքի նեղությունների ու խնդիրների հաղթահարման եւ Մեր ազգի խաղաղ ու բարօր հարատեւության: Տասնամյակների ընթացքում աղետահար Մեր ժողովուրդն իր աշխատանքով, բարեկամ երկրների աջակցությամբ շտկեց մեջքը եւ վերածնունդ ապրեց: Նույնպես եւ Գյումրիի սրտում խոնարհված այս եկեղեցին ավերակներից վեր հառնեց՝ Շիրակի թեմի բարեպաշտ հայորդյաց աստվածսիրության եւ զորեղ հավատքի վեմի վրա: Հիրավի, հավատքի վեմի վրա է Աստված հիմնում Եկեղեցին, ինչպես շեշտվում է մեր հայրերի աղոթքում. «Հիմնեցուցեր զեկեղեցի Քո ի վերայ վիմի հաւատոյ»,- ասաց Վեհափառ Հայրապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ, Տիրոջ ողորմությամբ, այսուհետ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարկի ներքո վերսկսվելու են աստվածպաշտական արարողությունները, եւ երկնավոր շնորհներն ու օրհնություններն են բաշխվելու հավատավոր հայորդիներին:

Իր խոսքում Նորին Սրբությունը հիշեցրեց, որ, հայորդիների եկեղեցանվիրումի ու առ Աստված մշտավառ հավատքի շնորհիվ, կառուցվող եւ վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի ու զորության աղբյուր՝ հայրենիքի հանդեպ սիրով, բարությամբ եւ ազնվությամբ զորացնելով Քրիստոսին հավատացող ազգի զավակների ոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ փաստեց, որ հայ ժողովրդի հոգեւոր կյանքը Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ծաղկում, Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ սրբազան արժեքներով ապրելու եւ դիմակայելու ապազգային ընթացքներին, պայքարելու վասն արդարության ու ճշմարտության եւ ազգային իրավունքների պաշտպանության:

«Շիրակցիների հավատավոր, աննկուն ոգու յուրօրինակ խորհրդանիշն է այս եկեղեցին: Սիրելինե՛ր, որքան անսասան պահենք ու ամուր դարձնենք մեր հավատքը, այնքան զորություն պիտի ունենանք՝ միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու, հեռու վանելու քինախնդրությունը, վախն ու խարդավանքը եւ, մեզ պատած վշտերի ու կորուստների խավարի մեջ, արշալույս բացելու: Վերականգնված Սուրբ Ամենափրկիչ տաճարն այս իրողության հոյակերտ վկան ու ապացույցն է»,- շեշտց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ամենքին լինել ոգով անկոտրում եւ հոգեւոր մեր արժեքները դարձնել ամուր հիմը միասնության, առ հայրենին աննվազ սիրո, դարձնել պատվար փորձությունների հաղթահարման եւ ազգային ինքնության անխաթար պահպանման:

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հավատացյալներին միշտ շեն ու պայծառ պահել Սուրբ Ամենափրկիչ գեղեցկակերտ եկեղեցին, բանուկ պահել ճանապարհը դեպի նվիրական տաճար՝ հաստատելով, որ Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալով, մեր վերելքը խարսխելով աստվածահաճո գործերի ու ազգանվիրումի վրա, կամրագրենք երաշխիքը բարեհույս կյանքի եւ հզոր, զարգացող հայրենիքի:

Այնուհետեւ Նորին Սրբությունն իր Հայրապետական բարձր գնահատանքի խոսքը հղեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին, թեմի հոգեւոր սպասավորներին, թեմական ու ծխական խորհրդի անդամներին, ինչպես եւ, եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը ներդրած, բոլոր անձանց՝ ի գլուխ տիար Վարդան Ղուկասյանի:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Բարձրյալն Աստված, Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո, պահի ու պահպանի հայ ժողովրդին, հոյաշեն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին եւ խաղաղություն շնորհի հայրենի մեր երկրին, բարօրություն, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հիշարժան իրադարձության կապակցությամբ Հայոց Հովվապետը եկեղեցուն ընծայեց Քրիստոսի խաչելության սրբապատկերը՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին, իր բազմամյա վաստակի ու նախանձախնդիր ծառայության գնահատանքով, շնորհեց եպիսկոպոսական պանակե:

Ընդառաջ թեմակալ Առաջնորդի միջնորդության` Վեհափառ Հայրապետը նաեւ տիար Վարդան Ղուկասյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանը:

Այնուհետեւ, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Միքայել Սրբազաանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Հավարտ Սուրբ Պատարագի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները