ԱՄԱՆՈՐՅԱ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ
ավատարիմ
մնալով ավանդությանը՝ Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժինն այս
տարի նույնպես կազմակերպեց եւ անցկացրեց ուրախ հանդիսություն՝ Ամանորի
եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով:
Դեկտեմբերի
21-ին Սուրբ Հակոբի հանդիսությունների սրահում մեկտեղված երեխաներին
Ձմեռ պապի կողմից անակնկալ էր սպասվում: Սիրված ու սպասված պապիկի
նվերն իր թոռնիկներին «Հովվուհին եւ ծխնելույզ մաքրողը» հեքիաթ-ներկայացումն
էր, որը բեմականացրին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի
Գյումրու մասնաճյուղի դերասանա-ռեժիսորական բաժնի երրորդ կուրսի
ուսանողները՝ դասղեկ Ռաֆայել Ասատրյանի գլխավորությամբ:
Ինչպես բոլոր հեքիաթներում՝ այստեղ եւս հաղթեցին սերն ու բարությունը:
Բեմադրող ռեժիսորի նորովի մոտեցումը, դերասանական փայյլուն խաղն
Անդերսենի հեքիաթը դարձրել էին առավել հետաքրքիր: Ներկայացումն անչափ
դուր եկավ թե՛ փոքրերին եւ թե՛ սրահում գտնվող ծնողներին:
Ներկայացումից
հետո երեխաներն անհամբեր սպասում էին Ձմեռ պապին, որն իրեն երկար
սպասեցնել չտվեց եւ դահլիճ մտավ ուրախ երաժշտության ներքո՝ ներկաներին
փոխանցելով ամանորյա բարեմաղթանքներ: Ձմեռ պապն իր հետ բերել էր
քաղցրավենիքի տոպրակներ, որոնք բաժանեց սիրելի թոռնիկներին:
Ուրախ տրամադրությունը ներկայացումից հետո էլ դեռ երկար էր իշխում
«Սուրբ Հակոբ» մշակութային բաժնում: Երեխաները Ձմեռ պապի եւ հեքիաթի
հերոսների հետ պարեցին, ինչպես նաեւ լուսանկարվեցին:
Ամանորյա միջոցառումն այս տարի նույնպես կազմակերպվել էր նորվեգացի
բարերար Օլա Օստվեյտի ֆինանսական աջակցությամբ:
ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
>>>
|