ՄԱՅՐ
ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ
ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԸ
ոյեմբերի
30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին
լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնը:
Դեռեւս 2014 թվականին տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք
եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, հռչակվել է Աստվածամուխ
Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության համար
դուրս է բերվում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող, համաքրիստոնեական
սրբությունը:
Բերկրառատ
տոնի առիթով՝ Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր
Տաճարում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա
ծայրագույն վրդ. Բաղումյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում
պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերի առաջնորդներ
եւ մեծաթիվ ուխտավորներ:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ եկեղեցական թափորի առաջնորդությամբ,
Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ, Մայր Տաճար բերվեց աստվածամուխ
Սուրբ Գեղարդը:
Անդրադառնալով հայոց աշխարհի առաջին լուսավորիչների տոնի խորհրդին՝
պատարագիչ Հայր Սուրբն ընդգծեց Առաքյալների դերակատարությունը մարդկության
պատմության եւ հայ իրականության մեջ, որոնց քարոզության շնորհիվ
Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը ոչ միայն սերմանվեցին հայոց
հողում, այլեւ հետագայում պտղաբերեցին եւ դարձան մեր ինքնության
անբաժանելի մասը: «Այսօր նվիրական օր է Հայոց Եկեղեցու եւ նրա անդամների
համար, քանզի եկել ենք միասնաբար հայցելու Ս. Թադեոսի եւ Ս. Բարդուղիմեոսի
բարեխոսությունը Տիրոջ մոտ՝ Հայկ Նահապետի սերնդի համար, վերանորոգելու
մեր ուխտը Հայոց Եկեղեցու եւ նրա գահակալի հանդեպ՝ առավել նախանձախնդրությամբ
եւ նվիրումով լծվելով հայոց պետականության զորացման սրբազան առաքելությանն
ու ազգային-քրիստոնեական ինքնության պահպանությանը: Երբեք չմոռանաք,
որ լինել առաքելական նշանակում է վերահաստատել հավատարմությունը
Տիրոջ, Աստծո խոսքի եւ Մայր Եկեղեցու հանդեպ՝ մեր լուսավոր նախնիների
նման անաղարտ պահելով ուղղափառ հավատքը եւ ամենուր սփռելով հարության
լույսն ու հույսը», - նշեց Հայր Զաքարիան:
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով եւ հրաշագործ
Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն
ընձեռվեց երկրպագելու եւ համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում մնաց մինչեւ Երեկոյան ժամերգության
ավարտը:
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|