Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Գյումրու դեմքն է, այցեքարտը, եւ առանց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու Գյումրին կմնար խոնարհված:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 12 (300), Դեկտեմբեր 2024 թ.  


 

       

«ԹԱԳԱՒՈՐ ԵՐԿՆԱՒՈՐ ԶԵԿԵՂԵՑԻ ՔՈ ԱՆՇԱՐԺ ՊԱՀԵԱ…»
ԿԱՏԱՐՎԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ
ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱՎԱԿԱՏԻՔԸ

«Փառք Աստծո, այս 36 տարիների ընթացքում կամաց-կամաց, քար առ քար,
քայլ առ քայլ կառուցվեց մեր քաղաքի խորհրդանիշը՝ Ս. Ամենափրկիչ Եկեղեցին»:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

ր վիթխարի, ներշնչող չափերով եւ կախարդական գեղեցկությամբ Ս. Փրկիչ կամ Ս. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է գրեթե քսան տարում՝ 1858-76 թթ. եւ իր մեծությամբ ու փառավորությամբ հանդիսացել ալեքսանդրապոլցիների ջերմեռանդության կենդանի գրավականը: Մոտ 36 մետր բարձրություն ունեցող այս գեղեցկուհին անվնաս մնաց 1926 թ. կործանարար երկրաշարժի ժամանակ: Եկեղեցին կառուցող վարպետաց վարպետը կամ, ինչպես գյումրեցին է ասում, ուստա բաշին Թադե Անտիկյանն էր՝ Անտիկենց Թաթոսը: Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը: Եկեղեցու վեց փթանոց խաչը հնարամտորեն վեր բարձրացնելու եւ մայր գմբեթին ամրացնելու համար գյումրեցիները նրան անվանել են Արդար Մանուկ:

Ամենափրկիչ եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: Այն կառուցվել է Անիի Կաթողիկե Մայր Տաճարի օրինակով, եւ ասում են, թե վարպետը, ամեն անգամ քարը դնելիս, ֆայտոնով գնացել է Անի եւ հետ եկել ու շարունակել շինարարությունը. այսպես կառուցվել է եկեղեցին քար առ քար: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ Ս. Ամենափրկչի շինարարության համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի: Եղել են նաեւ հանգանակություններ, իսկ ալեքպոլցիներն աշխատել են անվարձահատույց:

1988 թ. երկրաշարժից աղոթատունը խոնարհվեց: Վերականգնման աշխատանքները մեկնարկեցին նախ հանգանակություններով, ապա ստեղծված «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից՝ բարերարների միջոցներով՝ 1998 թ.: Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով նախկին ճարտարապետական տեսքը, օգտագործելով հին քարերը: Սակայն եկեղեցու ամրության համար ավելացվել են մետաղյա կոնստրուկցիաներ: 2002 թվականից վերականգնման աշխատանքների ֆինանսական հիմնական բեռն իրենց ուսերին են վերցրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Ղուկասյանների ընտանիքը:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ ՁԵՌԱՄԲ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ

Դեկտեմբերի 5-ի երեկոյան մարդաշատ էր Ս. Ամենափրկիչ եկեղեցու բակը: Հավատավոր գյուրեցիների ներկայությամբ, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, օգնությամբ Մայր Աթոռի Վանորեից տեսչության հոգեւոր տեսուչ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի, Գուգարաց թեի Առաջնորդ Տ. Հովնան եպս. Հակոբյանի, Արթիկի թեմի Առաջնորդ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, Սյունյաց թեմի Առաջնորդ Տ. Մակար եպս. Հակոբյանի, կատարվեց եկեղեցու լվացման եւ օծման արարողակարգը՝ հաջորդ օրվան թողնելով խորանի եւ սեղանի օծումը:

Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարած երեկոյան ժամերգությունից հետո, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հանդիսապետությամբ, եկեղեցականաց դասը հանդիսավոր թափորով ու «Հրաշափառ»-ի երգեցողությամբ առաջնորդվեց դեպի Ս. Ամենափրկիչ եկեղեցի: «Ուրախ լեր» շարականի երգեցողությամբ հանդիսավոր թափորն ուղղվեց դեպի եկեղեցու դուռը: Հենց մուտքի մոտ՝ դրսի կողմից, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթեցվեցին Սուրբգրային հատվածներ եւ համապատասխան սաղմոսներ:

Դռան մոտ Սրբազանը Հայրը, հոգեւորականաց դասը, ինչպես նաեւ ներկա մեծաթիվ հավատացյալներ, ծնրադիր, Տիրոջից հայցեցին. «Բաց մեզ, Տէր, զդուռն ողորմութեան…»: «Բաց մեզ Տեր» շարականի երգեցողությունից հետո, Տիրոջ ողորմածությամբ բացված դռնից ներս մտան բոլոր ներկաները: Սկսվեց եկեղեցու լվացումը՝ համաձայն նախնյաց սրբազան արարողակարգի: Ըստ այդմ՝ լվացվեց ողջ աղոթատունը նախ սովորական ջրով, ապա գինով: Որից հետո հանդիսավորաբար կատարվեց օծումը: Սուրբգրային ընթերցվածներով, սաղմոսասացությամբ եւ շարականների երգեցողությամբ, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի եւ օգնությամբ Սրբազան Հայրերի, Սրբալույս Մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու անկյունները, չորս ավետարանիչների, տասներկու առաքյալների եւ մեր հավատո հայր ու առաջին հայրապետ Ս. Գիգոր Լուսավորչի անունները կրող սյուները, դռները, մկրտության ավազանը: Հավարտ հանդիսավոր արարողակարգի Միքայել Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նախ շնորհավորեց ներկաներին, ապա ի խորոց սրտի խոսք ուղղեց նրանց:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՔԱՐՈԶԻՑ

Փա՛ռք Քեզ, Տէր, փա՛ռք Քեզ, յաղագս ամենայնի Տէր, փա՛ռք Քեզ»: Այս խոսքերը, պարզ անպաճույճ խոսքերն ասել է Հովհան Ոսկեբերան մեծ Հայրապետը, երբ աքսորի, զրկանքների, նեղությունների, դատապարտության մեջ էր: Եթե Ոսկեբերան Հայրապետը, իր նեղությունների բաժակը ցմրուր ըմպելիս, փառք է ընծայել Աստծուն, որքան առավել, որքան բազմապատիկ, որքան հազարապատիկ փառք պիտի տանք մենք Տիրոջը, որ մեզ արժանացրեց այս սքանչելի օրվան, ինչին արժանի չէինք: Ուստի եթե ես մեկ, դուք հազար եւ միլիոն անգամ պիտի ասեք. «Փա՛ռք Քեզ, Տէր, փա՛ռք Քեզ, յաղագս ամենայնի Տէր, փա՛ռք Քեզ»: Փառքը միայն Նրանն է:

Մենք այն սերունդն ենք, որ տեսել է Ամենափրկիչ տաճարը կանգուն երկրաշարժից առաջ, մտել այստեղ սրտի դողով՝ իբրեւ ֆիլհարմոնիայի դահլիճ: Ես աղոթելով, ցանկանալով ցանկացել եմ, որ այս տաճարը վերաբացվի, բայց երկրաշարժն այն խոնարհեց: Առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, երկու ժամ անց, երբ հասա Էջմիածնից Գյումրի եւ տեսա Ամենափրկիչը խոնարհված, սրտիցս մի ճիչ բարձրացավ վեր եւ խորհեցի՝ «արդյո՞ք կտեսնեմ իմ կյանքի ընթացքում Ամենափրկիչը վերակառուցված»: Եվ Աստված տվեց, ավելիով տվեց: Տվեց, որ մենք լինենք թեմակալ Առաջնորդն այս եկեղեցու վերակառուցման ընթացքին, եւ մեր տկար ու մեղավոր ձեռքերով կառուցենք: Ավելիով տվեց:

Այժմ եկեղեցին՝ պայծառ, լուսավոր, առավել շքեղ, քան երկրաշարժից առաջ էր, բացում է իր դռները հավատավոր ժողովրդի առջեւ՝ իբրեւ աղոթքի տուն եւ ոչ թե համերգասրահ: Գյումրի քաղաք, աչքդ լու՛յս: Աչքդ լու՛յս: Քաղաքն այլեւս վերականգնված է, վերածնված, իսկ եկեղեցին դառնում է մնայուն, աղոթող հուշարձան՝ 12000 զոհերի համար, որոնք ընկան մեր մեղքերի, մեր անփութության պատճառով…

Ամեն ինչի համար Աստծուն փառք տալուց հետո, իջնենք երկիր եւ շնորհակալություն հայտնենք պարոն Վարդան Ղուկասյանին, որ հասցրեց եկեղեցին այս օրվան: Չկարծեք՝ դա հեշտ էր: Շատ ու շատ մեծահարուստներ կան ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս, որ կարող էին, գուցե մեկ տարվա մեջ, եկեղեցին վերակառուցել: Չարեցին: Վարդան Ղուկասյանը տարեց տարի, քար առ քար, քայլ առ քայլ, ամեն ինչի լավագույնը ցանկանալով ու ջանալով, հասցրեց մեզ այս երջանիկ օրվան՝ Աստծո փառքի համար եւ Աստծո շնորհիվ:

Ես պիտի հիշեցնեմ նաեւ շատերին, որ երբ խոնարհվեց եկեղեցին, երկար տարիներ այդ տարուբերումը կար՝ վերակառուցենք, թե՝ ոչ: Գուցե թողնենք այսպես՝ հուշարձան երկրաշարժի զոհերին: Երկուսով այդ հարցում եղանք միակամ եւ որոշեցինք վերակառուցել: Նաեւ իրեն են պատկանում այն խոսքերը, թե «քաղաքը վերակառուցված չի լինի, քանի դեռ Ամենափրկիչը վերակառուցված չէ»:

Երկու ամիս առաջ, վերաբացվեց Էջմիածնի Մայր Տաճարը: Առանց մեկ լումայի օժանդակության պետական տարփողվող բյուջեից՝ Վեհափառ Հայրապետի ջանքերով բացվեց Մայր Տաճարը: Եվ այս թշվառության մեջ, այդ գերագույն սխրանքից հետո, ահա այդպիսի մի սխրանք Գյումրիում՝ Ամենափրկչի այս սքանչելի տաճարի կառուցումը, դարձյալ որեւէ մեկ լումայի օգնություն չունենալով պետական բյուջեից: Բայց փառքն Աստծունն է: Աստված կամեցավ, եւ դա արեց այն մարդկանց միջոցով, որոնց Ինքն ընտրեց: Տերն է ընտրում: Մեզ թվում է, թե մենք ենք մեզ ընծայում: Բայց այդպես չէ:

Ուրեմն՝ շնորհակալություն վերստին Ղուկասյան ընտանիքին, ճարտարապետ Ռաֆայել Եղոյանին եւ բոլոր նրանց, ովքեր դույզն-ինչ ներդրում ունեցան այս աստվածահաճ գործում:

Մեզ մնում է ահավասիկ խոստովանել, որ, այո, Տե՛ր, այս ամենը, ինչ որ եղավ, առանց Քեզ չէր: Քեզանով էր, Քո անվան, Քո փառքի, Քեզ պաշտելու, Քեզ վկայելու եւ Քեզ դավանելու համար, ինչպես դավանել են մեր հայրերը՝ արդեն 2000-ամյակ:

Տիրոջ օրհնությունը լինի ամենքիս հետ այժմ եւ հավիտյանս. ամեն: Աչքներս լույս:

ԳԱՅԱՆԵ ՍԱՆԴՈՅԱՆ ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները