Եկեղեցին արտաքին զարդարանքն ու հարդարանքը չէ, այլ՝ մեր հոգին: Երբ նրա մեջ հավատքն ու աղոթքը կենդանի են, մենք Աստծու տաճարը կլինենք:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 11 (299), նոյեմբեր 2024 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԺՈՂՈՎԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը:

ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը հղեց Գերագույն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող ու արդյունավետ ընթացքի համար:

Ամենայն Հայոց Հովվապետի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը:

Ժողովի ընթացքում քննարկվեցին հայրենական կյանքի մարտահրավերներին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեկան կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական եւ վարչական կյանքին առնչվող հարցեր:

Սեպտեմբերի 27-30-ին տեղի ուենցած Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների եւ հարակից միջոցառումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցով հադես եկավ Համակարգող հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը: Ներկայացվեց, որ սրբազան արարողություններն անցկացվեցին մեծ հանդիսավորությամբ եւ ընդգրկեցին եկեղեցական ու ժողովրդական լայն մասնակցություն՝ նոր հույս եւ հոգեւոր մխիթարություն պարգեւելով համայն հավատավոր մեր ժողովրդին: Ամփոփ տեղեկություններ փոխանցվեց արարողություններին՝ մասնակիցների, հրատարակությունների, լուսաբանման, իրականացված տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ:

Ժողովականներն իրենց որդիական երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Տաճարի հիմանանորգության համար՝ բարձր գնահատելով Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության եւ հարակից միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգավված անձանց ջանքերը, ովքեր իրենց նպաստը բերեցին արարողությունների պատշաճ իրականացմանը:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպս. Բաբայանը Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին ներկայացրեց Մայր Աթոռում կատարվող բարեկարգման եւ շինարարական աշխատանքների ընթացքը: Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին իրականացվող աշխատանքների առիթով՝ կարեւորելով համայն հայության հոգեւոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը:

Սփյուռքում ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրների մասին զեկուցեց Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ. Վազգեն արքեպս. Միրզախանյանը՝ անդրադառնալով սփյուռքի համայնքներում ազգային ինքնությանը, հայեցի կրթությանը, հայոց լեզվի ու մշակույթի անաղարտ պահպանմանն սպառնացող մարտահրավերներին, ինչպես եւ դրանց հաղթահարմանը՝ ի նպաստ Եկեղեցու եւ սփյուռքում գործող ազգային կառույցների դերակատարությանը:

Ընդգծելով հայրենիքում ու սփյուռքում, երիտասարդության ներգրավմամբ, համայնքների ամրապնդման, կրթական նոր ծրագրերի մշակման ու իրագործման, դպրոցների եւ մշակութային կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը, ազգային ինքնության պահմանման ու հոգեւոր արժեքների ամրապնդման հրամայականը՝ ԳՀԽ թելադրեց հարցի վերաբերյալ կատարել համակողմանի ուսումնասիրություն:

Հայրենական կյանքում առկա մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների եւ հուշարձանների պաշտպանության առնչությամբ ձեռնարկվող քայլերի մասին զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի Առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը, իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան տիար Գեղամ Ստեփանյանը, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) փոխտնօրեն տիար Րաֆֆի Քորթոշյանը:

ԳՀԽ անդամներն իրենց մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային ու ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ՝ կարեւորելով ազգային միասնության եւ համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման ու ինքնիշխանության պահպանման:

Ժողովականները հաստատեցին, որ մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում՝ զուգահեռ աշխատանքներ տանելով համազգային միաբանության, ազգային ներուժի կենտրոնացման, Հայաստան եւ սփյուռք գործակցության պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Գերագույն հոգեւոր խորհուրդը վերահաստատեց իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վրդ. Բաղումյանը ժողովականներին ներկայացրեց Կիրակնօրյա դպրոցների կրթական ծրագրի ճանապարհային քարտեզը, որի նպատակն է կիրակնօրյա դպրոցների գործունեության համակարգումն ու մատաղ սերնդի հոգեւոր կրթության ու դաստիարակության արդյունավետության բարձրացումը:

ԳՀԽ շնորհակալությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով մշակել եւ ներդնել միասնական կրթական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին ու կխթանեն երեխաների հոգեւոր-բարոյական նկարագրի եւ գիտակցության կերտմանն ու ազգային արժեքների պահպանմանը:

ԳՀԽ քննարկեց նաեւ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման հարցը: Անդրադարձ կատարվեց ժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ օրակարգի ձեւավորմանը, պատգամավորների ընտրությանն ու կազմակերպչական հարցերին:

Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան նաեւ թեմերի գործունեությանը, Եկեղեցու կանոնական եւ վարչական կյանքին առնչվող այլ հարցեր:

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները