«ԵՐԿՆԱՅԻՆ
ԼՈՒՍԵ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ՝
ԳԱԲՐԻԵԼ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ»
«Ի լոյս անմատոյց բնակեալ
ամենայն Երկնային դասք, գերազանց Էութիւն,
գերբնապէս գերարբուն իսկութիւն. պէտք վերնական զօրացն դասուց ըստ
որում՝
հրեշտակապետք»:
ՇԱՐԱԿՆՈՑ
այաստանյայց
Եկեղեցու տոնակարգում լուսեղեն դասին՝ հրեշտակներին նվիրված տոնը
նշվում է Խաչվերացից հետո, Ը շաբաթ օրը: Ըստ քրիստոնեական ըմբռնման՝
հրեշտակների պաշտոնն Աստծո փառաբանությունն է, ինչը հաստատված է
նաեւ Աստվածաշունչ Մատյանով: Հրեշտակ բառացի նշանակում է պատգամաբեր,
դեսպան: Հոգեղեն այդ անսեռ էակները չունեն ո՛չ ծնունդ, ո՛չ էլ մահ:
Համաձայն Եկեղեցու Սուրբ Հայրերի՝ որպես լուսեղեն էակներ, ստեղծվել
են արարչագործության առաջին օրը, լույսի հետ միասին: Աստծո հրահանգով
նրանք կոչված են սպասավորել մարդ արարածին: Հետեւաբար՝ սպասավոր
հոգիներ են, որոնք, երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն
են բերում նաեւ երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի ու
տարածության մեջ ապրող մարդու համար:
Առաքելական թղթում ասվում է. «Չէ՞, որ նրանք սպասավոր հոգիներ են,
ուղարկվում են նրանց համար, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբր.
Ա 14): Հրեշտակներն անմահ են, հրեղեն, լուսեղեն, թվով բազմաբյուր՝
«հազարք հազարաց եւ բիւրք, բիւրոց» (Դան. Է 10), բնակվում են հոգեւոր
կամ լուսեղեն կոչվող երկնքում: Ըստ Դիոնեսիոս Արեսպագացու՝ հրեշտակները
բաժանվում են ինը դասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումն
ու մասնավոր պաշտոնը: Եկեղեցու Հայրերի հավաստմամբ՝ հրեշտակապետերը
կանգնում են Աստծո առջեւ: Ասվում է, թե երբ քրիստոնյան աղոթում է,
նրա աղոթքը պահապան հրեշտակը բարձրացնում է երկինք՝ Աստծո մոտ: Պահապան
հրեշտակը մարդուն ուղեկցում է ողջ կյանքում եւ անտեսանելիորեն օգնուն
նրան: Հայոց պատմության մեջ մենք հրեշտակների մասին գեղեցիկ ավանդության
ենք հանդիպում՝ կապված Ս. Գրիգոր Լուսավորչի հետ: Խորվիրապում նրան
այցելում էր իր պահապան հրեշտակը: Հենց հրեշտակի հավաստմամբ է նաեւ
Տրդատ արքայի քույր Խոսրովիդուխտն իմանում, որ Վիրապ նետված Գրիգորը
ողջ է:
Նոյեմբերի 9-ին, Ս. Աստվածածին եկեղեցում, Ս. Հրեշտակապետաց տոնի
ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ
քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, տոնի խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ
Տեր Հայրը:
Ի դեպ՝ արարչագործության առաջին օրն ստեղծված լուսեղեն հրեշտակների
հիշատակության օրը նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի ձեռնադրության եւ անվանակոչության օրն է: Սրբազան
Հայրը կուսակրոն քահանա է ձեռնադրվել երեսունվեց տարի առաջ 1988
թ. եւ, ի պատիվ ու ի հիշատակ Ադանայի ջարդերի ընթացքում նահատակված,
Տ. Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանի, վերանվանվել Միքայել:
Պատարագիչ Տեր Հայրը, արժանապատիվ Տեր Հայրերի եւ հավատացյալ ժողովրդի
անունից, ի խորոց սրտի շնորհավորեց թեակալ Առաջնորդին՝ անվանակոչության
ու ձեռնադրության առիթով :
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|