ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ՀԵՀԵՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի օրհնությամբ ու բարձր տնօրինությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային
Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակի հերթական նախագիծը «Կամուրջ»
ծրագիրն էր՝ առկա եւ առցանց ձեւաչափով:
Ծրագիրը
մեկնարկեց հոկտեմբերի 24-ին՝ հայաստանյաց թեմերի երիտասարդաց միությունների
հետ «Zoom» հանդիպումներով:
Իսկ արդեն նոյեմբերի 8-11-ը ՀԵՀԵՄ գրասենյակում անցկացվեց աշխատաժողով`
Հայաստանյաց տասներկու թեմերից ավելի քան հիսուն երիտասարդների մասնակցությամբ:
Ծրագրի նպատակն է երիտասարդների կազմակերպչական ու թիմային աշխատանքի
կարողությունների, ինչպես նաեւ մեդիահմտությունների զարգացումը:
Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի
օրհնությամբ թեմի Երիտասարդաց միության հինգ երիտասարդներ եւս մասնակցեցին
աշխատաժողովին:
Բացման խոսքով, իչպես նաեւ «ՀԵՀԵՄ-ը կամուրջ Եկեղեցու եւ երիտասարդի
միջեւ» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ,
կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ. Թովմա վրդ. Խաչատրյանը:
Հավաքի
ծրագրում ներառված էին աշխատարաններ, գործնական առաջադրանքներ, ոչ
ֆորմալ քննարկումներ, բանախոսություններ եւ, որ ամենակարեւորն էր,
միասնական աղոթք: Սա բացառիկ հնարավորություն էր՝ ուղղված տարբեր
թեմերի երիտասարդների միջեւ առավել սերտ կապերի հաստատմանն ու միջթեմական
համագործակցության ամրապնդմանը:
Կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին, երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածին եւ ներկա գտնվեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ
մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին, հընթացս որի աղոթք բարձրացվեց
Ադրբեջանի կողմից առեւանգված, գերեվարված եւ Բաքվում ապօրինաբար
պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց եւ Արցախի Հանրապետության
ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար:
Աշխատաժողովի ավարտին ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ Տ. Թովմա վրդ. Խաչատրյանը,
Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Մեսրոպ
քհն. Աշը եւ Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգեւոր սպասավոր, թեմի
ՀԵՀԵՄ պատասխանատու Տ. Փառեն քհն. Առաքելյանը վկայականներ ու շնորհակալագրեր
հանձնեցին աշխատաժողովի մասնակիցներին:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|