«ՀԱՒԱՏԱՄՔ
ՅԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ, ԶԹՈՂՈՒԹԻՒՆ
ՄԵՂԱՑ՝ ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՄԲ ՍՐԲՈՑ»
«Ձայն արկեալ կենարարին աստուածային
բարբառովն, ասէ, եկայք օրհնեալք
Հօր իմոյ, ժառանգեցէք պատրաստեալ ձեզ զկեանսն ի հանդերձեալ երկրին»:
ՇԱՐԱԿՆՈՑ
րիստոնեական
Եկեղեցին, հետեւելով տերունավանդ պատգամներին եւ առաքելական խրատներին,
հորդորում է աղոթել ոչ միայն միմյանց համար, այլեւ դիմել Սրբերի
ու նահատակների բարեխոսությանը՝ «վասն անձանց եւ հոգւոյն ննջեցելոց»:
Ինչպես հայ, այնպես էլ բոլոր հին ավանդական Եկեղեցիները, վաղուց
ի վեր ընդունում եւ հավատում են Սրբերի բարեխոսությանը: Նրանց Աստծո
մոտ կատարած բարեխոսությունը ննջեցյալ ու ողջ հավատացյալների մեղքերի
թողության եւ այլ կարիքների համար մատուցվող աղոթքն է: Միանշանակ
սրբության ճանապարհով քայլող մարդու ողջ կյանքը պայքար է՝ մեղքից
ազատագրվելու եւ կատարյալ սրբության երանավետ հանգրվանին հասնելու
համար: Այդ պայքարում հաղթանակած անձինք էլ հենց Սրբեր են:
Ընտրելով իրենց կյանքն ապրելու նման ուղի՝ այդ ընտրյալները ֆիզիկականի
ու նյութականի վրա հոգեկանի իշխանությունը հաստատեցին, մոռացան այն
ամենը, ինչ կապում էր նրանց նյութի ու նյութականի հետ: Վերջիններիս
գերագույն վարձքն առ Աստված բարձրանալն էր, Տիրոջ Էջքին իրենց հոգու
տաճարները նախապատրաստելը, դեպ երկնայինը բարձրանալը, Աստծո հետ
հարաբերվելն ու միանալը: Նրանք իրենց ընթացքով «զչարսն պարտեցին,
նեղութեանցն համբերեցին, լուսեղէն ու երկնային անթառամ պսակացն արժանի
եղեն»: Սրբերը, աստվածային աղբյուրից առատորեն լցված, իրենց հոգու,
հավատքի ու գիտության բաժակը մատուցեցին ժողովրդին:
Անշուշտ, երկնային արքայության հանդեպ ջերմ սերն էր, որ դարերի հոլովույթում
շատ-շատերին մղեց սրբարար Եկեղեցու գիրկը: Հենց այստեղ էլ նրանք,
ինչպես ոսկին բովում, աստվածային ու երկնային շնորհներով մաքրվեցին,
սրբվեցին ամեն աղտեղությունից ու ապականությունից եւ, որպես Երկնավոր
Հոր մաքուր, անարատ, սրբազան, ողջախոհ, աստվածընտրյալ, ոչ միայն
Տիրոջ բարեհաճությանն արժանացան, այլեւ աշխարհում եղան լուսասփյուռ
ջահեր՝ իրենց մեղավոր ազգակիցների հոգիներում ու սրտերում կատարելության
ու սրբության ձգտման խայծ գցելով: Նրանք, իրենց անարատ վարքով օրինակ
ծառայելով ու կյանքի խոսքեր ավետարանելով, վերջիններիս եւս հավիտենական
փրկության առաջնորդեցին: Սուրբ Հոգու տաճար դարձած, Քրիստոսի փառաց
պսակն ընդունած, դարձան կենդանի նահատակներ՝ արժանի Եկեղեցու մշտանորոգ
աղոթքին. «Նահատակք կենդանիք, սիրողք Քրիստոսի, որք չարչարեցայք
մարմնովն վասն անուանն Տեառն: Մարտիրոսք ցանկալիք, մարդկան ըղձալիք,
հայցեցէք ի Սուրբ Հոգւոյն տալ մեզ զբարիս: Կամաւոր Սուրբ Պատարագ,
հասակաւ մանկունք հայցեցէք լինել եւ մեզ ձեզ պսակակից»:
Հին Հռումում մի տաճար կար, ուր զետեղված էին բոլոր ազգերի կուռքերը
եւ դրանց համար հատուկ տոնակատարության օր էր նշանակված: Սակայն
երբ հռոմեացիները քրիստոնյա դարձան, այն դարձրին բոլոր Սրբերի տոն:
Բացի դրանից, քրիստոնյա Սրբերը բազում են, իսկ օրերը սակավ, այդ
իսկ պատճառով մեկ օր կարգվեց՝ հին եւ նոր, հայտնի եւ անհայտ բոլոր
Սրբերի հիշատակը միասին տոնելու:
ՍՐԲՈՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, տերունի տոների կողքին,
ունի նաեւ Սրբոց հիշատակության օր՝ «Տօն ամենայն Սրբոց, հնոց եւ
նորոց, յայտից եւ անյայտից», որ այս տարի ոգեկոչվեց նոյեմբերի 2-ին:
Նույն օրը Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Հընթացս սրբազան
արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Վերջում, ներկա բարեպաշտ հավատացյալները համբուրեցին անհայտ Սրբի
մասունքակիր Աջը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|