ԵՐԵՔԱՄՅԱ
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ
ուրբ
Կույս Մարիամին նվիրված տոներից է երեքամյա տաճարընծայման հիշատակումը,
որ բոլոր Քրիստոնյա Եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին:
Ըստ
ավանդության՝ երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու
բարեպաշտ ծնողները՝ Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին
ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչեւ նշանվելը: Տոնի հաստատումն
առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի
պատվին՝ հին հրեական տաճարի տեղում, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը
տեղի է ունեցել 543 թվականի նոյեմբերի 21-ին: 638 թվականից հետո,
երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի,
տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով: Աստվածածնի
տաճարընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել 18-րդ դարում եւ
անշարժ տոներից է:
Նոյեմբերի 21-ին՝ տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց
թեմի այն եկեղեցիներում, որոնք կրում են Աստվածամոր անունը: Սուրբ
Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Գյումրիում
գտնվող Դիլիջանի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը:
«Նեղության, դժվարության պահին, երբ մենք ծնկաչոք դիմում ենք Տիրոջը,
նշանակում է, որ մեր հույսն Աստված է, մենք Նրան վստահում ենք: Բայց
սա այն սերը չէ, որ մեզ նորոգելով, մաքրելով առաջնորդում է հավիտենական
կյանք: Սա այն ճշմարիտ սերը չէ, որ ունենք Աստծո հանդեպ: Աստված
սեր է, եւ մարդը պետք է այդ սիրով անցնի: Երբ դու քեզանից «դուրս
ես գալիս»՝ օգնելու դիմացինին, դա Աստծո տեսանելի սերն է, որ գործի
ես վերածում…
Քրիստոս
սարերի հետեւում չէ, աշխարհի մի հեռավոր անկյունում չէ, Քրիստոս
նախ մեր մեջ է: Պարզապես պետք է Նրան այնքան ջերմություն տանք, որ
Ինքը բացվի մեր մեջ, եւ մեզ էլ դարձնի Սուրբ Հոգու եւ Կենդանի Աստծո
տաճար: Պողոս Առաքյալից ընթերցված այսօրվա պատգամը, որ դուք Կենդանի
Աստծո տաճարներ եք, պարզապես խոսքեր չեն կամ հիշեցում չէ մեզ, թե
ինչպիսին ենք կամ ինչպիսին պիտի լինենք, այլ այդպես պետք է ապրենք
Աստծո ներկայության մեջ ամեն օր: Աստված չի նայում մեր անցյալին,
ապագային: Աստված մեր ներկային է նայում, որովհետեւ ներկայից է կախված
գալիքի որակը, ներկայից է կախված անցյալի սրբագրումը, մեր հոգու
փրկությունը: Մեր փրկությունը վաղը կամ մյուս օրը չէ, այսօր է, այս
պահին:
Երբ մենք առավոտյան արթնացանք, եկանք այստեղ՝ միասին աղոթելու: Աստված
մեզ մայրամուտ չխոստացավ, մենք չգիտենք մայրամուտը կտեսնենք, թե
ոչ: Երբ տուն վերադառնանք, պառկենք քնելու, Աստված մեզ լուսաբաց
չի խոստանում: Դու պիտի զգաս դա ամեն օր, պիտի ապրես այն զգացողությամբ,
թե սա քո վերջին օրն է, եւ դու ինչպե՞ս ես պատրաստվում Տիրոջը տեսնել:
Վերջին «մեղա»-ն շատ դժվար է ասել, չես հասցնում: Ով ցավի, հիվանդության
մեջ է, նա քաջ գիտե, թե ի՞նչ է նշանակում վերջին «մեղա»-ն ասել սրտով:
Այն ամեն օր պետք է ի սրտե ասել, այլ ոչ թե նեղության ու ցավի մեջ:
Միայն այդ ժամանակ մենք կդառնանք Կենդանի Աստծո տաճարներ, եւ Տերը
կկամենա գալ ու բնակվել մեր մեջ»,- իր քարոզում շեշտեց պատարագիչ
Տեր Հայրը:
Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցվեց նաեւ Հովտի Ս. Աստվածածին, Ջրափիի Ս.
Աստվածածին, Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցիներում: Մարալիկի Սուրբ
Աստվածածին եկեղեցի էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքակիր
Աջը: Հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունեցավ խոնարհվել Սրբի
մասունքակիր Աջին եւ հայցել նրա բարեխոսությունը:
«Սուրբ Աստվածածինը հավատքի ջերմեռանդության ու խոնարհության օրիանակ
է քրիստոնյաններիս եւ մասնավորաբար կանանց համար: Այսօր էլ հայ կանայք
ավելի ջերմեռանդ են հավատքի մեջ, քան տղամարդիկ: Սիրելի՛ կանայք
ձեր աղոթքներում խնդրեք Սուրբ Կույսի բարեխոսությունը՝ հայ տղամարդկանց
դեպի ճշմարիտ հավատք, դեպի Աստված դառնալու համար»,- իր խոսքում
առանձնակի նշեց Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ.
Տիգրան քահանա Մխիթարյանը:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|