«ԵՐԱՆՈՒՀԻ
ԿՈՒՅՍ ՏԻՐՈՒՀԻ, ԴՈՒ ՕԹԱՐԱՆ ԵՍ ՄԻԱԾՆԻ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏԱՃԱՐԸՆԾԱՅՄԱՆ ՏՈՆԸ
«Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական Սուրբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ, Շատ պատվական Սուրբ Տիրամեր»:
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳ
այաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ բովանդակ քրիստոնյա աշխարհը Ս. Կույսին
նկատում է որպես, անմահություն պարգեւող, կենսունակ ակնաղբյուր եւ
նրան նվիրված յոթը տոն ունի, ի թիվս որոնց է «Ընծայումն Ս. Աստվածածնի
երից ամաց ի Տաճարն», որ անփոփոխ տոնախմբվում է նոյեմբերի 21-ին:
Բարեպաշտ շատ հրեաների նման, Մարիամի ծնողները՝ Հովակիմն ու Աննան,
եւս իրենց սիրասուն դստերը, հազիվ երեք տարեկան, ընծայեցին Աստծո
տաճարին, որպեսզի մեծանա խնկաբույր մթնոլորտում, Տիրոջ շնչի ներքո,
Նրա օրհնության ու լույսի մեջ եւ, ըստ մարգարեական պատգամի, դառնա
Մեսիայի մայրը: Այստեղ էին բնակվում Աստծուն ծառայության անցած կույսերը,
ինչպես նաեւ այրիներ, ովքեր ուխտել էին կյանքի վերջին օրերն անցկացնել
տաճարում՝ պահելով իրենց մաքրությունը մինչ ի գերեզման:
Տաճարում եղածներից, սակայն, միայն Մարիամն արժանացավ գերագույն
պատվին՝ աստվածային ընտրությանը, զի միայն մեկը պիտի ընտրվեր հազարավորներից,
ամենաանբիծը, ամենասուրբը, որպեսզի ինքնընծայմամբ դառնար Տիրոջ երկնային
ծրագրերի իրականացման միջոցը: Աստվածընտիր Կույս Մարիամը, որ նշանակում
է «հույս» եւ «տիրուհի», դարձավ մարդկության հրեշտակատիպ Աստվածամայրը,
ըստ Գրիգոր Նարեկացու՝ «հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ քերովբէ»:
Տիրամայրը պսակն է բոլոր սրբերի, մայրը եւ ծնողը բոլոր արդարների,
թագուհին հրեշտակների եւ մարդկանց: Նրա միջոցով կրկին տեսանելի եղավ
Կենաց Ծառը տանող ճանապարհը: Նա միջնորդ հանդիսացավ, որպեսզի բացվեն
դրախտի փակ դռները եւ արդարները վարձատրվեն Տիրոջ կողմից: Նա է ամենամեծ
բարեխոսը Միածին իր Որդու առջեւ՝ մեր մեղքերի քավության ու թողության
համար:
Անարատ Կույսը գերազանցեց բոլոր սրբերին, առաքյալներին, մարգարեներին,
ճգնավորներին, մարտիրոսներին ու կույսերին, քանզի նա բոլորից սիրված
էր իր ողջախոհ ու աստվածահաճ վարքով եւ խոնարհությամբ, որ գլուխն
է առաքինությունների: Շարակնոցում այսպես է գովերգվում Տիրամայրը.
«Զանապական կոյսն Մարիամ Աստուածածին, խոստովանի Սուրբ Եկեղեցի,
ուստի տուաւ հացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար, տուք օրհնութիւն
նմա հոգեւոր երգով»: Արդ՝ մեր Սուրբ Հայրերի օրինակով ու հետեւությամբ,
խնդրենք այնքան սիրելի Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի նրա
միջնորդությամբ իր Միածին Որդուց եւ մեր Փրկչից շնորհվեն մեզ Սուրբ
Հոգու պարգեւները, որպեսզի կարողանանք որդիաբար ու խոնարհությամբ
ծառայել Նրան՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության: Հավելենք նաեւ, որ
Ս. Կույսի ընծայումը հաստատվել է Զ դարում եւ տոնացույց մտել ԺԸ
դարում:
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
Նոյեմբերի 21-ին՝ «Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի տաճարն»
տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ
եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր, ուխտավորաբար Շիրակի թեմում
գտնվող, Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն.
Սիմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր
պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Սուրբ Պատարագի ընթացքում ներկա հավատացյալները եւ Դիլիջանի Ս. Խաչ
եկեղեցու ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|