ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ
ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԾՈՒՄ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ոյեմբերի
3-ին Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի
ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
եպիսկոապոսության աստիճանի արժանացան Արգենտինայի եւ Չիլիի հայոց
թեմի Առաջնորդ Տ. Առեն վրդ. Շահենյանը, Ֆրանսիայի հայոց թեմի Առաջնորդ
Տ. Գրիգոր վրդ. Խաչատրյանը, Արթիկի թեմի Առաջնորդ Տ. Նարեկ վրդ.
Ավագյանը, Սյունյաց թեմի Առաջնորդ Տ. Մակար վրդ. Հակոբյանը, Գեղարքունյաց
թեմի Առաջնորդ Տ. Պարթեւ վրդ. Բարսեղյանը եւ Հունաստանի հայոց թեմի
Առաջնորդ Տ. Խորեն վրդ. Առաքելյանը:
Սրբազան
արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Կ. Պոլսի Հայոց
Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ
առաջնորդներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ,
Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված
դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ,
ուխտավորներ Հայաստանից, Արգենտինայի, Ֆրանսիայի եւ Հունաստանի հայոց
թեմերից:
Նախորդ օրն առավոտյան Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջեւ,
կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները,
ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Հայրապետին հավատարմության
ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:
Սուրբ Պատարագն սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով: Ամպհովանու
ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Միածնաէջ Մայր
Տաճար: Մինչ Սրբազան Խորհուրդը՝ Մայր Տաճարի Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի
խորանին կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը:
Վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջեւ
վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից,
Հունաստանից, Արգենտինայից՝ դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ,
քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաեւ հավատավոր ժողովուրդը ներկայացնող
աշխարհականներ, որից հետո Սուրբ Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի
Ավագ Խորանին:
Վեհափառ Հայրապետին, որպես առընթերակա, սպասավորում էին Կ. Պոլսի
Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանը եւ Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի
տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպս. Հովհաննիսյանը: Ընծայացուների
խարտավիլակն էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ.
Մեսրոպ եպս. Պարսամյանը:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում, «Աստվածային եւ երկնային
շնորհ» շարականի երգեցողության ներքո, վարդապետները, ծնկի եկած վեր
բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհական
կյանքից՝ վերստին ուխտելով իրենց անձերն ընծայաբերել Առաքելական
Սուրբ Եկեղեցու սպասավորությանը:
Այնուհետեւ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հարություն
վրդ. Կիրակոսյանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս
Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը,
եպիսկոպոսության կոչելով Առեն, Գրիգոր, Նարեկ, Մակար, Պարթեւ եւ
Խորեն վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:
Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաեւ իրենց
եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան
ու մատանի: Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր
հայրապետական պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին եւ հավատավոր
ժողովրդին: Վեհափառ Հայրապետը փառք եւ գոհություն մատուցեց Ամենակարող
Աստծուն, որ, Միածնաէջ Մայր Տաճարի վերաօծման եւ Սրբալույս Մյուռոնի
օրհնության հոգենորոգ արարողություններից հետո, բարեպատեհ առիթ ընձեռվեց
եպիսկոպոսաց դասը համալրել նորաօծ սրբազաններով, ովքեր տարիների
ծառայության գովելի վաստակ ունեն ազգային-եկեղեցական անդաստանում:
«Քրիստոսի
Եկեղեցին նորընծա եպիսկոպոսներով միշտ զորանում է, քանզի նրանց նվիրյալ
ծառայությունը շինություն ու պայծառություն է հավելում եկեղեցական
կյանքին, օրհնություն եւ մխիթարություն պարգեւում հավատացյալներին՝
առաջնորդելով երկնային վարձատրության արժանի բարի գործերի: Ուստի,
այս իրադարձությունը նշանակալի է ոչ միայն նորոգ ձեռնադրյալների,
այլեւ հավատացելոց համար: Ինչպես եռամեծ վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթեւացին
է հաստատում՝ Եկեղեցին Աստծո քաղաքն է, որին խնամք տանելու է կոչված
եպիսկոպոսը:
Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին ու պատասխանատու նրա առաքելությունը:
Եպիսկոպոսի բարձր հանգամանքը ոչ թե փառքի դափնիներով զարդարուն կյանք
է ենթադրում, այլ խոնարհ եւ ժուժկալ սպասավորություն, հաճախ նաեւ
անձնազոհություն՝ մեր Տիրոջ նմանությամբ»,- ընդգծեց Նորին Սրբությունը՝
հավելելով, որ եպիսկոպոսը հայր է, ով կոչված է սիրով ու ջանադրությամբ
հոգ տանելու իր հոգեւոր զավակներին, Ավետարանի անհոգնաբեկ քարոզչությամբ
արթուն ու զորեղ պահելու նրանց հավատքն ու աստվածսիրությունը, խարսխելու
նրանց կյանքը հոգեւոր արժեքների վրա, ինչպես եւ նախազգուշացնելու
վտանգների մասին եւ զերծ պահելու մեղսալի ու կործանարար ընթացքներից:
Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադառնալով եպիսկոպոսի առաքելությանը,
ի մասնավորի ասաց. «Եպիսկոպոսը տեսուչ է՝ կոչված նախանձախնդրորեն
հետեւելու ուղղափառ հավատի անաղարտ պահպանությանը, մեր Սուրբ Եկեղեցու
կարգաց եւ կանոնաց հարգմանը, իր շնորհներն ու կարողությունները ծառայեցնելու
տերունապատվեր հոգեփրկչական առաքելությանը, հսկելու եւ կարգավորելու
իր իշխանության ներքո գործող եկեղեցականների ծառայությունը, օծելու
եկեղեցիներ, ձեռնադրելու հոգեւոր նոր սպասավորներ: Եպիսկոպոսն առաջնորդ
է, ում անդրանիկ պարտականությունն է, Կենաց Խոսքի ուսուցմամբ, քրիստոսապատվեր
շավիղներով առաջնորդել հավատացյալներին, նաեւ փորձություններով լեցուն
այս աշխարհում խիզախաբար պայքարել իր հավատավոր հոտի իրավունքների
համար»:
Հայոց Հովվապետը հաստատեց նաեւ, որ մեր պատմությունը հարուստ է բազում
վկայություններով, թե ինչպես են եպիսկոպոսները, Հայոց Հայրապետների
գլխավորությամբ, անձնդիր գործել՝ ազգի հոգեւոր խնամքի եւ փրկության,
հայորդյաց սրտերում հավատքի, հայրենասիրության ու ազգանվիրումի զորացման,
հայրենիքի եւ մեր ժողովրդի ապահով կյանքի, առաջընթացի ու բարօրության
համար: «Անշուշտ, պատմական փոթորկալի զարգացումները, աշխարհաքաղաքական
ծանր իրողությունները հաճախ մեր ազգին կանգնեցրել են երբեմն անհաղթահարելի
եւ անդառնալի թվացող կորուստների ու ծանր հիմնախնդիրների առջեւ,
որոնցից անմասն չի եղել նաեւ Հայոց Եկեղեցին: Այսօր եւս մեր ժողովուրդն
ու երկիրը գտնվում են լրջագույն մարտահրավերների հանդիման, հայրենական
անդաստանում արդարությունն ու ճշմարտասիրությունը զորացնելու, համազգային
միաբանությունը հաստատուն պահելու եւ անկախ պետականությունը անսասան
պահպանելու անհրաժեշտության առջեւ»,- նշեց Վեհափառ Հայրապետը՝ մտահոգությամբ
արձանագրելով, որ, տիրող դժվարին իրադրությանը զուգընթաց, տարատեսակ
վնասակար գաղափարախոսությունների տարածմամբ, հայ հասարակության մեջ
փորձ է արվում նսեմացնել մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության
եւ քրիստոնեական արժեքների կարեւորությունը, ընտանիքի ավանդական
ընկալումը, խարխլել ազգային համերաշխության հիմքերը:
Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ, նման տագնապալի
պայմաններում, հարկ է, Տիրոջ օգնականությամբ, բազմապատկել հոգեւորականների
եւ եկեղեցական կառույցների ջանքերը՝ ի նպաստ վիրավոր մեր հայրենիքի
եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների արժանապատիվ հաղթահարման, ազգային
ոգու զորացման ու ինքնության անխաթար պահպանման:
Այնուհետեւ Հայոց Հայրապետը, ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած
եկեղեցականներին եւ անդրադառնալով նրանց տարիների եկեղեցանվեր ու
ազգասեր ծառայությանը, պատգամեց, որ, իբրեւ Աստծո հավատարիմ մշակներ,
լինեն քաջ ու հետեւողական հավատի պաշտպանության մեջ, մշտարթուն հովվեն
ու խնամեն Տիրոջ հոտը: «Հայրական Մեր հորդորն է յուրաքանչյուրիդ՝
բոլորանվեր ծառայել մեր ժողովրդին, առաջնորդելով ապրելու աստվածադիր
պատվիրաններով եւ հավատարիմ մեր երանյալ հայրերի ավանդներին, որպեսզի
հոգեւոր արժեքների պայծառությամբ ամուր եւ աներեր մնա մեր ժողովրդի
հավատը, որով պիտի եւ իրականություն դարձնենք մեր ազգի իղձերն ու
երազները: Ձեր գործերում եւ վճիռներում միշտ առաջնորդվեք Քրիստոսի
օրինակով եւ ձեր ընթացքով բարի օրինակ ծառայեք հավատացելոց համար՝
հիշելով, որ Աստված է գործում ձեր մեջ եւ ձեր միջոցով: Ուստի, աննկուն
եւ հաստատակամ մնացեք՝ մեր զավակաց կյանքում հավատքի, հույսի եւ
սիրո առատացման պարտականության մեջ: Առ Տերն ապավինությամբ արդյունավորեք
առաջնորդական ձեր գործունեությունը՝ ի բարգավաճում տիրախնամ թեմերի,
ի պայծառացում եւ ի զորացում հայրենիքի եւ ազգային-եկեղեցական կյանքի»,-
ընդգծեց Վեհափառց Հայրապետը՝ աղոթք առաքելով առ Աստված, որ խաղաղություն
շնորհի ողջ աշխարհին ու մեր հայրենիքին եւ Իր Սուրբ Աջի հովանու
ներքո անվտանգության ու բարօրության մեջ պահի համայն հայ ժողովրդին
ի հայրենիս եւ ի սփյուռս:
Ապա «Ողջույն»-ի ժամանակ ներկա եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան
եւ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, շնորհավորեցին նորաօծներին՝
համբուրելով նրանց մյուռոնադրոշմ աջը: Սուրբ Պատարագի ավարտին նորաօծ
Սրբազաններին, եպիսկոպոսության կանչվելու առիթով, շնորհավորեց նաեւ
հավատավոր ժողովուրդը:
Առաջիկա շաբաթվա բոլոր օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում
մատուցեցին ուխտի Ս. Պատարագ:
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|