ԵՐԱՆԻ
ՀՈԳՈՎ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ...
«Եվ Հիսուս աչքերը բարձրացրեց
իր աշակերտների վրա ու ասաց.
«Երանի հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայությունը ձերն է»:
Ղուկ. Զ 20
եռան
քարոզի (գտնվում է Կափառնայում քաղաքից երեք ժամաչափ հեռու, երկու
գագաթների բաժանված, ընդարձակ տափարակ ունեցող մի լեռ է, որ քրիսնոնյաները
Երանիների լեռ են անվանում, իսկ տեղացիները՝ Ջեբել Քորուն-Հաթթի:
Ավելի մանրամասն տեղեկություն է հաղորդում Մաղաքիա արք. Օրմանյանը:
Համապատում, էջ 147) այս համարում երկու հարց կա, որ պարագծորեն
տարբեր մեկնությունների դուռ է բացել. առաջին, թե ովքե՞ր են հոգով
աղքատները, եկրորդ, թե ինչո՞ւ հենց նրանցն է լինելու երկնքի արքայությունը:
Մի հույժ կարեւոր իրողություն ընդգծենք. այս համարի եւ ընդհանրապես
Սուրբ Գրքի ընթերցումը, ուսումնասիրությունը հարկ է, որ հետապնդի
երկու հստակ նպատակ՝ նախ հասկանալով ընթերցել եւ հետո մտապահել,
մանավանդ գործով հաստատել, ինչպես լավագույնս ձեւակերպել է սաղմոսերգուն.
«Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը եւ ամբողջ սրտով պահպանեմ
այն» (Սաղմ. ՃԺԸ 118:34 ):
Նախ փորձենք հասկանալ, թե ինչի համար է մեր Տերն Իր քարոզն սկսում
«Երանիներով»: Այս հարցի սպառիչ պատասխանը գտնում ենք մեր հայրերից
Ս. Ներսես Շնորհալու մոտ, որ համոզիչ կերպով համեմատում է Դավիթ
թագավորի սաղմոսների սկիզբը Հիսուս Քրիստոսի քարոզչական գործունեության
սկզբի հետ՝ ասելով. «Ինչպես Դավիթ թագավորը երանությունից է սկսում
սաղմոսագիրքը՝ լսողին հորդորելով հետեւել երանական գործերին, այդպես
էլ Դավթի՝ ըստ մարմնի Որդին Իր վարդապետության սկզբում երանությունն
է դնում, որպեսզի այս երանությունների ինն աստիճաները, որոնք նախապատկերել
էր Հակոբի տեսիլքի սանդուղքը, մարդկանց բարձրացնեն երկինք (տե՛ս
Ս. Ներսես Շնորհալի, Մեկնություն Մատթեոսի Ավետարանի, Էջմիածին,
էջ 217):
Եվ այսպես՝ ի՞նչ ասել է հոգով աղքատ լինել: Ոմանք սխալմամբ համարում
են, որ հոգով աղքատները նրանք են, ովքեր զուրկ են հոգեկան շնորհներից:
Կամ էլ բացատրում են լոկ նյութական իմաստով, այսինքն՝ նրանք են,
ովքեր սիրահոժար կերպով ընտրել են աղքատության ճանապարհը:
Թե՛ առաջին, եւ թե՛ երկրորդ բացատրությունները թեական են, որովհետեւ
Հիսուսի ողջ վարդապետությունը համակված է հոգեվոր իմաստի գերակայությամբ,
իսկ նյութական իմաստն ընդամենը սպասարկու դերակատարություն ունի:
Այս դրվագն էլ բացառություն չէ: Իսկ ինչ վերաբերում է հոգեկան շնորհներից
աղքատ լինելու բացատրությանը, ապա կարող ենք հակադարձել այն պարզ
պատճառով, որ այստեղ մեր Տերը մեղքերից աղքատ լինելն է ակնարկում:
Այլապես կկարծվի, թե Տերը մեզանից ակնկալում է ինչ-որ բան, ինչ Ինքը
չի շնորհել:
Այսպիսով՝ Տիրոջ սպասելիքը մեզանից հետեւյալն է, որ մենք ազատվենք,
աղքատանանք մեղքերից, չարիքներից ու լցվենք, հարստանանք հոգու գանձերով՝
երանելիորեն արժանանալով երկնքի արքայությանը:
Իսկ հիմա, թե ինչո՞ւ հենց երկնքի արքայությունն է իբրեւ արդյունք
նշված: Ճիշտ հասկանալու համար պետք է ընդհանրացնելով ասենք, որ ինը
Երանիների մեջ դիմաբաժանված ձեւով մեր Տերն Իր խոստումների արդյունքներն
է նշում՝ մեզանից ակնկալելով ջանք ու ձգտում:
ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆ
>>>
|
|