ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
- ԽԱՉԵՐԹ
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
եպտեմբերի
15-ին՝ Խաչվերացի տոնին, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի օրհնությամբ եւ Ամասիա համայնքի հոգեւոր հովիվ
Տ. Գարեգին քհն. Սարգսյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց ուխտագնացություն-խաչերթ:
Ուխտավորները,
երթն սկսելով Ամասիայի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակից, աղոթքների ու
շարականների երգեցողության ներքո, շարժվեցին դեպի Բանդիվանի Սուրբ
Խաչ եկեղեցի՝ ներկա գտնվելու, Տ. Գարեգին քհն. Սարգսյանի ձեռամբ
մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին:
Սրբազան արարողակարգից հետո կատարվեց Անդաստանի կարգ, հընթացս որի
օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, իսկ ներկաներին բաժանվեցին Խաչը
զարդարող ռեհանի օրհնված ճյուղեր:
Եկեղեցական արարողության ավարտին, Կարապետյան ընտանիքի բարերարությամբ,
մատուցվեց սիրո ճաշ՝ մատաղ, որի ընթացքում ներկաներին իր օրհնության
եւ գնահատանքի խոսքը փոխանցեց Տ. Գարեգին քհն. Սարգսյանը:
Քրիստոսի կողմից բերված փրկությունն արտահայտող խորհրդանիշներից
մեկի՝ Խաչի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի մասին լավագույնս պատկերված
է Պողոս Առաքյալի՝ Գաղատացիներին ուղղված թղթում. «Իսկ ես չլինի
թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղ.
Զ 14): Խաչը, բացի նյութական խորհրդանիշ եւ հավատի դրսեւորում լինելուց,
առաջին հերթին քրիստոնյա անհատի հավատի, կյանքի, դեպի Քրիստոս ընթացքի
մարմնացումն է:
Խաչի
խորհրդի ընկալումն ու ընդունումն առհավատչյան է Քրիստոսի չարչարանքներին,
խաչելությանն ու բերած փրկությանը հաղորդ լինելուն: Ինչպես աստվածասեր
Հերակլ կայսրը կարողացավ պայքարել եւ ի վերջո հետ բերել Քրիստոսի
գերեվարված Խաչափայտը, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա չպետք
է իր «խաչը» կորցնի կամ հափշտակվելու մատնի՝ երբեմն խաչապաշտի կեղծ
արժեքներ ընդունելով, այլ մշտապես հոգածության եւ ուշադրության կենտրոնում
պահի այն՝ իբրեւ թանկագին գոհար:
Կազմակերպված խաչերթն էլ, նմանությամբ շուրջ 1400 տարի առաջ տեղի
ունեցած կարեւոր իրադարձության, հերթական առիթը եղավ ներկա հավատացյալների
համար՝ մտորելու կենարար Խաչի իրական խորհրդի մասին, եւս մեկ անգամ
փառաբանելու այն իբրեւ փրկության գործիք:
ՄԵԼՍԻԴԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
>>>
|
|