Աստծու հանդեպ սերը երբեք ուղղահայաց սեր չէ միայն, այլ նաեւ՝ հորիզոնական: Չկա Աստծու հանդեպ սեր՝ առանց մերձավորի նկատմամբ սիրո: Աստծո հանդեպ սերն անցնում է մարդկանց նկատմամբ սիրո միջով:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ  

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 9 (297), սեպտեմբեր 2024 թ.  


 

       

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՄԵՐԳ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
104-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

իրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ սեպտեմբերի 22-ին, Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շիրակի թեմի կազմավորման 104-ամյակին:

Մեկ դարից ավելի պատմություն ունեցող Շիրակի թեմը մշտապես եղել է հայոց պետականության հենասյուներից մեկը: Թեմն առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության, սովորույթների ու ավանդույթների պահպանման գործում՝ լինելով հոգեւոր անկյուն հազարավոր հավատացյալ մարդկանց համար: Այս ամենը կարեւորելով՝ երիտասարդ դաշնակահար ՀՀ նախագահի մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Պետրոսյանը ցանկություն էր հայտնել կատարել հոգեւոր երաժշտություն Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ նվիրելով այն թեմի կազմավորման 104-ամյակին:

Գյումրեցի դաշնակահարի կատարմամբ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կամարների ներքո, հնչեց սիրտ գերող հոգեւոր երաժշտություն: Եկեղեցին լեփ-լեցուն էր ոչ միայն հավատավոր ու երաժշտասեր գյումրեցիներով, Շիրակի տարբեր բնակավայրերից ժամանած ներկաներով, այլ նաեւ օտարերկրյա հյուրերով: Մոտ մեկ ժամ տեւած համերգի ընթացքում դաշնակահարի կողմից հնչեցին Կոմիտասի եւ Բախի ստեղծագործությունները:

«Մեր այս երիտասարդին մաղթենք նորանոր հաջողություններ, նոր նվաճումներ, նոր շնորհներով զարդարվելու կարողություն, քանզի այն, ինչ ինքը ներկայացնում է, Աստծո փառաբանության համար է: Աստված պահապան եւ զորավիգ լինի Տիգրանին, թող Սուրբ Խաչը նրա առջեւով գնա, լուսավոր ճամփեքով առաջնորդի, որպեսզի վերջինս հաղթանակներով նվաճի մեծ բարձունքներ՝ հայոց ազգին ավելի վեր հանելով, ավելի Աստծուն մոտեցնելով այն շնորհներով, որ իրեն Աստված տվել է»,- համերգի ավարտին ասված իր խոսքում նշեց Տ. Ավետիք աբեղա Սողոմոնյանը:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները