«ԴՈՒ
ԼՈՒՍԵՂԷՆ ՏԱՃԱՐ ԵՍ, ՈՍԿԻԱՊԱՏ ԽՈՐԱՆ ԵՍ…»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սուրբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ, Շատ պատվական, սուրբ Տիրամեր»:
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳ
այ
Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է Սուրբ Կույսին օրհնբանելու
յոթը տոներ, որոնցից մեկն էլ Աստվածամոր ծննդյան օրվա հիշատակությունն
է: Այն հաստատուն կերպով նշվում է սեպտեմբերի 8-ին եւ տոնվում 13-րդ
դարից:
«ԾՈՒՆՐ ԽՈՆԱՐՀԵՑՈ ԱՌ ԻՄ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ ԾՆՈՂԴ ԱՍՏՈՒԾՈՅ…»
Պատմական ավանդությունը վկայում է, որ Մարիամ Աստվածածնի մոր՝ Աննայի
հրաշափառ հղությունից յոթն ամիս եւ յոթն օր անց ծնվում է օրհնյալ
պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, եւ նրան անվանում են Մարիամ, որ
նշանակում է լուսավորյալ, տիրուհի: Նրանով օրհնվեցին բոլոր ազգերը:
Աստվածամոր ծննդյան լուրը տարածվում է ամբողջ Հրեաստանում, եւ բոլոր
լսողներն օրհնում են Աստծուն այնպես, ինչպես մարգարեացել էր Եսային
Սուրբ Կույսի եւ առաքյալների մասին. «Նրանց սերունդները պիտի ճանաչվեն
ազգերի մեջ, եւ նրանց երանքից ծնվածները՝ ժողովուրդների մեջ. բոլոր
նրանց տեսնողները պիտի ճանաչեն, որ նրանք Տիրոջ օրհնած սերունդն
են» (Եսայի ԿԱ 9):
Սուրբ Մարիամը եղավ կույսերից մաքրագույնը, բարեպաշտներից ամենաօրհնյալը,
սերովբեներից, քերովբեներից եւ երկնային զորություններից ավելի սուրբը,
արժանացավ Աստծո շնորհին՝ հանդիսանալով մայրը Փրկչի եւ ամբողջ մարդկության:
Տիրամայրը դարեր շարունակ եղել ու մնում է բացառիկ մի անձ, ում բարեխոսությանն
ենք դիմում մեր աղոթքներում: Սուրբ Աստվածածինը սրբերի սուրբն է,
ով իր վեհությամբ արժանի եղավ կրել այն Սուրբ Պտուղը, որ Աստված
առաքեց երկիր՝ որպես անբիծ շուշան եւ չկրեց ապականության ախտալից
հետքեր:
Արդ՝ Սուրբ Կույս, մայր Մարիամ, արմատ բարի տունկերի, շառավիղ բարունակ,
քեզանից է առավոտյան ծագում լույսի արուսյակը՝ նման լուսնի եւ պայծառ,
քան աստղերը, քան տվնջյան շողն արեգական լույսի, որ ծագում է արեւելքից,
բարեխոս եղիր մեզ համար:
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Կույս Մարիամի ծննդյան տոնի ուրախ առիթով,
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մանրամասնող քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Ի լրումն օրվա խորհրդի ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|