Աստծու հանդեպ սերը երբեք ուղղահայաց սեր չէ միայն, այլ նաեւ՝ հորիզոնական: Չկա Աստծու հանդեպ սեր՝ առանց մերձավորի նկատմամբ սիրո: Աստծո հանդեպ սերն անցնում է մարդկանց նկատմամբ սիրո միջով:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ  

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 9 (297), սեպտեմբեր 2024 թ.  


 

       

«ԱՅՍՕՐ Է, ԶՈՐ ԱՐԱՐ ՏԷՐ, ԵԿԱՅՔ
ՑՆԾԱՍՑՈՒՔ ԵՒ ՈՒՐԱԽ ԵՂԻՑՈՒՔ Ի ՍՄԱ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ

«Քանզի Քրիստոսի է հարսնացեալ սուրբ եկեղեցի, երկնաւոր փեսային պսակեալ
զսա խաչիւն, եւ յաջ եւ յահեակ թռուցեալ զհեթանոսս ժառանգելով,
բարձր արարէք զնա յաւիտեանս»:
ՇԱՐԱԿՆՈՑ

րիստոսադրոշմ Սուրբ Խաչը յուրաքանչյուր քրիստոնյայի պարծանքն ու ապավենն է: Խաչի խորհուրդը հիրավի մեծ եւ սքանչելի է՝ համաձայն աստվածային այն տնօրինության, որ Ինքը՝ մարդացյալ Բանը, Աստծո Միածին Որդին, զոհաբերեց Իր անձը՝ հանուն մարդկության փրկության: Եվ ահա խաչը եղավ այդ փրկագործության զոհասեղանը, որը, ինչպես Եկեղեցու հայրերն են վկայում, ընդունեց Աստվածորդու՝ իր վրա հեղված արյունը եւ փոխարենը քավություն ու փրկություն շնորհեց համայն մարդկությանը: Քրիստոսի այս աննախադեպ զոհաբերությունը, որով Զոհը՝ Ինքն Աստված, Իր կենսատու արյամբ սրբացրեց խաչափայտը, հիմք հանդիսացավ քրիստոնեական աշխարհում տյառնագրված խաչի տոների համար: Երբ ամեն անգամ մոտենում ենք խաչին, ասես հպվում ենք Քրիստոսի մարմնին եւ նրան մերձենալով ու նրան նայելով՝ անմիջապես մտքով երկինք ենք բարձրանում:

Քրիստոսի աստվածությունը Նրա մարդեղության մեջ գոյում է անբաժանելիորեն, անվախճան եւ հավիտենապես: Ուստի եւ մենք խաչը դիտում ենք որպես Ամենակալի ներկայության մի վայր, Տիրոջ սրբարան եւ Աստծո տնօրինական խորհուրդների շտեմարան: Փրկչական Խաչը խարիսխն ու վեմն է Եկեղեցու: Այն սեղանն է սրբության եւ «զէնն յաղթութեան ընդդէմ աներեւոյթ թշնամւոյն»: Հիսուս խաչ բարձրացավ, վերացավ ի տես, նաեւ ի հեճուկս այս աշխարհի: Եվ որպես հակակշիռ Իրեն չընդունողների՝ Աստված «ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին, եւ Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին»: Նրանք, ովքեր կվերցնեն իրենց խաչը եւ կհետեւեն Քրիստոսին, կարժանանան փառավորյալ ու լուսավոր վիճակի:

«ԵԿԱՅՔ, ՀԱՒԱՏԱՑԵԱԼՔ, ԵՐԿՐՊԱԳԵՍՑՈՒՔ
ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ Ս. ՆՇԱՆՍ» ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ

614 թվականին պարսիկները գրավում են Երուսաղեմը, մոլեռանդորեն կողոպտում թանկարժեք իրերը, տաճարի ոսկյա եւ արծաթյա սպասքը՝ այդ թվում նաեւ գերեվարելով Քրիստոսի Խաչափայտը: Տասնչորս տարի շարունակ Տերունական Սուրբ Նշանը գերության մեջ է մնում, եւ միայն 628 թ. բարեպաշտ Հերակլ կայսրը, ապաշխարությամբ ու աղոթքներով, քրիստոնեկան զորեղ բանակի գլուխ անցած, որի կազմում, ի դեպ, մարտնչում էին նաեւ հայ զորականները՝ նախարար Մժեժ Գնունու հրամանատարությամբ, հարձակվում է պարսիկների վրա, Սուրբ Խաչի զորությամբ պարտության մատնում հակառակորդին եւ ազատագրում Քրիստոսի Խաչափայտը:

Խաչը դեպի Կոնստանդնուպոլիս, ապա իր բնօրրան՝ Երուսաղեմ է վերադարձվում պատմական Հայաստանի տարածքով՝ մասնավորապես Կարին քաղաքի միջով: Կարնո լեռների ստորոտներից մեկից, ուր դիպել էր Խաչափայտը, վճիտ աղբյուր է բխում եւ, ի հիշատակ այդ իրադարձության, կառուցվում է Խաչավանքի կամ Խաչկա եկեղեցին: Ավանդությունը պատմում է, որ Խաչափայտը մխիթարում ու ոգեւորում էր բարեպաշտ հավատացյալներին, ուստի գերեդարձության ողջ ընթացքում Խաչը գրեթե ամենուր վեր է բարձրացվում եւ ցնծության ու բերկրանքի առիթ ընձեռում քրիստոնյաներին:

Եկեղեցու տասներկու սուրբ վարդապետներից Բարսեղ Կեսարացին է վկայում. «Աստված մարդուն ուղղահայաց կերպարանքով է ստեղծել, որպեսզի Նա մշտապես իր հայացքը հառի երկինք՝ դեպի իր Արարիչը: Միանշանակ, Խաչվերացի տոնի խորհուրդը, Քրիստոսի Սուրբ Խաչափայտի նմանողությամբ, մեր հոգիների վերհառնումն է՝ վեր աշխարհային ամեն տեսակի մեղքից ու խավարից դեպի աստվածային աննյութեղեն լույս, դեպի երկնային հոգեղեն խորաններ:

ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 15-ի կիրակի օրը՝ Խաչվերացի տոնին, մարդաշատ էր Ս. Նշան եկեղեցին: Արդեն քսանչորս տարի է, ինչ, Առաջնորդ Սրբազանի բարձր կարգադրությամբ, Խաչվերացի տոնը հայտարարվել է Ս. Նշան եկեղեցու ուխտի օր: Այստեղ՝ տոնի ուրախ առիթով եւ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

Սրբազան արարողակարգի ընթացքում Ս. Նշան եկեղեցում գտնվող հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն: Ի դեպ՝ ներկա էր նաեւ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը:

«ԱՆՊԱՏՈՒՄՆ ԿԱՌՔ ԱՆՔՆՆԵԼԻ ԽՈՐՀՐԴՈՅՆ
ԸՆԴՈՒՆԱՐԱՆ. ՈՎ ՍՈՒՐԲ ՔԱՌԱԹԵՒ...»

Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի, Խաչվերացի երեկոյան կատարվում է Խաչի թափոր ու անդաստան: Այս հանդիսակարգը հաստատել է Սահակ Ձորափորեցի (667-703) Կաթողիկոսը:

Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում հոգեւորականաց թափորը, շարականների երգեցողությամբ, դուրս բերեց հաղթական Սուրբ Նշանը՝ զարդարված ռեհանի թփերով ու ծաղիկներով եւ, հանդիսապետ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի առաջնորդությամբ, ուղղվեց Վարդանանց հրապարակ, ուր եւ կատարվեց անդաստան: Թափորապետ Սրբազան Հայրը, բարձրացնելով խաչը, օրհնեց աշխարհի «արեւելյան կողմն ու հայոց հայրապետությունը», «արեւմտյան կողմն ու քրիստոնյաների թագավորությունը», «հարավային կողմն ու հողը, դաշտերը, անդաստանները եւ տարվա պտղաբերությունը», «հյուսային կողմն ու վանքերը, քաղաքները, գյուղերը եւ այդտեղ բնակվող ժողովուրդներին»: Յուրաքանչյուր կողմում կանգ առնելով՝ օրհնված վարդաջուր ցողեց թափորական ժողովրդի վրա:

Անդաստանից հետո, դարձյալ թափորով, մտնելով եկեղեցի՝ երգեցին «Խաչի Քո Քրիստոս երկիրպագանեմք» շարականը: Հավարտ երեկոյան ժամերգության՝ ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Սեպտեմբերի 16-ին՝ երկուշաբթի օրը, Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները