Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ,
ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
այր
Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայրապետական օրհնությամբ, Մեր շնորհավորանքներն
ենք հղում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին,
ուսանողներին եւ աշակերտներին՝ Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա
առիթով:
Նվիրական
այս օրը վերստին բացվում են կրթական հաստատությունների դռները` իրենց
հարկից ներս ընդունելու ուսումնասեր մեր զավակներին:
Կրթօջախներում ամբարած գիտելիքներն ու իմացությունը գրավականն են
մեր զավակների ինքնության կերտման եւ մեր երկրի առաջընթացի ու զարգացման,
իսկ կրթության հետ փոխանցվող հոգեւոր-բարոյական մնայուն արժեքները`
հայրենանվիրումի, ազգասիրության եւ մեր սրբությունների հանդեպ հավատարմության:
Արդարեւ, ինչպես վկայում է սուրբգրային խոսքը, «երբ իմաստությունը
մտնի սրտիդ մեջ, եւ գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ
բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն»
(Առակ. Բ 10):
Սիրելի՛ մանկավարժներ, թող Տերն առատորեն արդյունավորի ձեր նվիրյալ
ջանքերը` հայրենյաց ավանդներով ու հոգեւոր-ազգային արժեքներով կրթելու
եւ դաստիարակելու ուսումնատենչ ու շնորհաշատ մեր զավակներին` հանուն
հայրենիքի զորացման եւ մեր ժողովրդի առաջընթաց կյանքի:
Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ, Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված
քաջարթուն միտք պարգեւի ձեզ, եւ ուսումնական նոր տարում առավել փութաջանորեն
լծվեք նորանոր գիտելիքներ ամբարելուն:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը եւ ողորմությունը լինեն
ձեզ հետ: Ամեն:
Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
>>>
|
|