ՀՈԳԵՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՇԻՐԱԿՑԻ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
գոստոսի
24-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս
Աջապահյանի առաջնորդությամբ, թեմի երիտասարդաց միությունն ուխտագնացության
մեկնեց Տավուշի թեմ: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում,
արժանապատիվ Տեր Տաթեւ, Տեր Մակար, Տեր Մխիթար քահանաների եւ բարեշնորհ
Արարատ սարկավագի գլխավորությամբ, ուխտավորներն աղոթք բարձրացրին
առ Աստված եւ ճանապարհ ընկան:
Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան հաղորդվում է անցյալի սրբազան
ժառանգությանը եւ կապ հաստատում ապագայի հետ:
Ուխտագնացների առաջին կանգառը Սրվեղի վանքն էր, ուր նրանց միացան
նաեւ Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը,
երիտասարդներից Աշոտն ու Աննան:
Սրբազան Հոր առաջնորդությամբ Սրվեղի վանքում միասնական աղոթք բարձրացրին,
կատարվեց Ճաշու ժամերգություն:
Վանքի հարակից տարածքում Տավուշի թեմի երիտասարդները, կիթառի նվագակցությամբ
ու հոգեթով մեղեդիներով, ամբողջացրին ուխտավոր երիտասարդների օրը:
Նոր Վարագավանքում նույնպես, Սրբազան Հոր առաջնորդությամբ, համատեղ
աղոթք առաքեցին առ Ամենակարող Աստված: Այստեղ Միքայել Սրբազանն իր
հայրական պատգամը հղեց ուխտավոր երիտասարդներին՝ ի մասնավորի նշելով.
«Ինչո՞վ է տարբերվում ուխտը սովորական պտույտներից, տուրիզմից: Սովորական
պտույտը նրա համար է, որ մարմինը փոփոխություն ունենա, ականջներն
ուրիշ բան լսեն, աչքերն ուրիշ բան տեսնեն, քիթն ուրիշ բան հոտոտի,
բերանը մի ուրիշ բանի մասին խոսի, որ մինչ այդ չէր տեսել, ձեռքերն
ուրիշ բան շոշափեն, որ չէին շոշափել:
Մենք
եկանք այստեղ, մարմնական փոփոխություն ապրեցինք, քայլեցինք, բարձրացանք
Սրվեղի վանք, հասանք այստեղ, վայելեցինք այս գեղեցիկ բնությունը,
որ մենք չունենք՝ ծառեր, ծաղիկներ, փարթամ բուսականություն: Սա մարմնական
փոփոխության համար է, իսկ ուխտը՝ հոգեւոր փոփոխության: Հոգին էլ
է իր իրավիճակից հոգնում՝ մնայուն, մշտապես նույնը: Ուստի մենք հոգեւոր
ճամփորդության՝ ուխտի ենք ելնում, որ հոգու աչքերը նոր բան տեսնեն,
հոգու ականջները նոր բան լսեն, հոգու շոշափելիքները մի նոր բան շոշափեն:
Բայց եթե մենք այդ հոգեւոր մասը խեղդում ենք՝ շեշտը դնելով մարմնականի
վրա, ապա ուխտը լինում է թերի…
…Ուրեմն՝ այս ամբողջ ճամփորդությունը պետք է լինի հոգեւոր՝ հոգեւոր
արժեքներով լիցքավորվելու համար: Բոլորդ հեռախոսներ ունեք չէ՞, երեկոյան
պիտի լիցքավորեք. ժամանակակից տեխնոլոգիան լավ համեմատությունների
հնարավորություն է տալիս: Այդպես հոգին էլ իր լիցքավորման անհրաժեշտությունն
ունի: Մեր պապերը, հայրերն այս սքանչելիքները կառուցել են ոչ թե
իբրեւ նյութական, այլ հոգեւոր արժեք, որովհետեւ այս ամենին նայելիս
նախ եւ առաջ հոգիդ է սնվում, հոգիդ է փառավորվում, զգում ես, որ
շնչառությունդ բացվում է՝ ներքին շնչառությունը, ոչ թե թոքերինը…»:
Թեմակալ Առադնորդի կողմից երիտասարդներին տրվեց նաեւ հյուրասիրություն,
որը ճաշակեցին Նոր Վարագավանքի հարակից տարածքում: Ուխտավորներն
այստեղ ազգային երգ ու պարի շուրջ համախմբվեցին, միասնաբար շուրջպար
բռնեցին, մասնակից դարձան նաեւ ինտելեկտուալ խաղերի:
Խորին շնորհակալություն ենք հայտնում նաեւ Տավուշի թեմին, ի մասնավորի՝
Տ. Արամ քահանա Միրզոյանին, Տ. Աբգար քահանա Կարապետյանին, Թովմաս
ուրարակիր Առաքելյանին եւ թեմի երիտասարդներին:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆԻ
>>>
|
|