Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԸ

ունիսի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը, որի ընթացքում քննարկվեցին Հայրենիքի առջեւ ծառացած արտաքին սպառնալիքներին եւ ներքաղաքական զարգացումներին, Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

Օրակարգում ընդգրկված էին նաեւ եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր:

Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգեւոր խորհրդի հոգեւորական ու աշխարհական անդամներին, հայցեց Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը ԳՀԽ-ի հերթական ժողովն արդյունավետ կերպով անցկացնելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի Առաջնորդ Տ. Հովնան արքեպս. Տերտերյանը:

Հայրենիքի առջեւ ծառացած արտաքին սպառնալիքների ու ներքաղաքական զարգացումների մասին զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպս. Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը:

Քննարկման ընթացքում Գերագույն հոգեւոր խորհուրդը խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեց ներքաղաքական խնդիրներին, անվտանգային մարտահրավերներին եւ հունիսի 12-ին Երեւանում խաղաղ ցուցարաների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման միջադեպին: Այս առնչությամբ ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ:

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի եւ վերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպս. Խաչատրյանը եւ Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպս. Բաբայանը:

Գոհունակությամբ արձանագրվեց, որ Մայր Տաճարի հիմնանորոգությունն ավարտական փուլում է: Տեղեկացվեց սեպտեմբերի 27-29-ը նախատեսվող Մայր Տաճարի վերաօծման, Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունների եւ հարակից միջոցառումների նախապատրաստման փուլում իրականացված շինարարական, հրատարակչական, ծիսաարարողակարգային աշխատանքների ընթացքի մասին: Ընդգծվեց նաեւ, որ վերոհիշյալ արարողություններին հրավիրված են մասնակցելու միջեկեղեցական պատվիրակություններ, մեծանուն, վաստակաշատ ազգայիններ:

Ժողովականները, ողջունելով կատարված աշխատանքները, կարեւորեցին պատշաճ կազմակերպումը նախանշված արարողությունների, որոնք նոր հույս եւ մխիթարություն պիտի պարգեւեն համայն հավատավոր մեր ժողովրդին:

Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան եկեղեցավարչական, թեմերի գործունեությանը, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր: Որոշվեց 2025 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով:

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ աղոթքով:

Ժողովականները, ողջունելով կատարված աշխատանքները, կարեւորեցին պատշաճ կազմակերպումը նախանշված արարողությունների, որոնք նոր հույս եւ մխիթարություն պիտի պարգեւեն համայն հավատավոր մեր ժողովրդին:

Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան եկեղեցավարչական, թեմերի գործունեությանը, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր: Որոշվեց 2025 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով:

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ աղոթքով:

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք՝ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջեւ ծառացած ներքաղաքական խնդիրներին եւ արտաքին անվտանգային մարտահրավերներին:

Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը եւ հատկապես վերջերս, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի անվան ներքո, կատարած տարածքային միակողմանի զիջումները հիմնավոր նոր անհանգստությունների ու տագնապների պատճառ են դարձել ինչպես հայրենիքում, այնպես եւ սփյուռքում, տեղիք տվել անվստահության ձեւավորման՝ հանգեցնելով նաեւ Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին:

Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերների շուրջ ժողովրդի բարձրաձայնած մտավախությունները, ազգային կառույցների եւ մասնագիտական հանրույթի կոչերն ու հորդորները, սակայն, անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից եւ կամ հակադարձվում հավանական պատերազմի սպառնալիքներով: Իսկ հանրային ստվար շրջանակներում իշխանությունների նկատմամբ ձեւավորված արդարացի դժգոհությունները, որ դրսեւորվում են բողոքի եւ անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով, փորձ է արվում լռեցնել ցուցարարների նկատմամբ, արժանապատվության նսեմացմանն ուղղված, գործողություններով եւ բռնի անհամաչափ ուժի գործադրությամբ:

Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երեւանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը եւ գործադրված միջոցները, ինչի հետեւանքով ցուցարարների ու ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով:

Մեր կոչն է ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ բռնությունից, ատելություն եւ թշնամանք սերմանելու մերժելի դրսեւորումներից: Մեր կոչն է նաեւ իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին՝ գործել ամենայն զգոնությամբ եւ օրինահարգությամբ: Ներկա վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների, առկա ճգնաժամը՝ հանդարտության եւ զգաստության մեջ քաղաքական երկխոսության:

Դատապարտելի է նաեւ, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետեւողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն եւ ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսեւորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների դեմ, հրահրված սադրանքը:

Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը եւ համազգային միաբանության ձեւավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում: Իշխանությունն ինքնին որեւէ մեկի կամ որեւէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին միջոց ժողովրդին եւ հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության եւ խաղաղ ու ապահով կյանքի կերտման:

Հավատում ենք, որ հայրենիքի հանդեպ սերը եւ պատասխանատվությունը պիտի հարթեն շավիղները՝ համազգային մեր ներուժն ու բոլոր կարողություններն ի սպաս դնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ու զորացմանը եւ իրականության կոչելու ապագայի համընդհանուր մեր տեսլականը:

Թող Ամենողորմ Տերը համերաշխ ու միասնական պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին եւ հայրենի մեր երկիրը խաղաղ ու անվտանգ ընթացքով առաջնորդի դեպի լուսավոր նոր հանգրվաններ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները