Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՄՈՐ ԱՆԵԾՔԸ

մուսիններն ունեին մի որդի: Տվեցին նրան ուսման, շատ իմաստուն մարդ դարձավ, հասավ այն գիտակցության, որ աշխարհը եւ այն ամենն ինչ կա աշխարհում, անցավոր են ու գնացական, վերջը մահն է, մեռնելն ու սիրելիներից բաժանվելը:

Ուստի նա գաղտնի լեռը բարձրացավ եւ քառասուն տարի ճգնեց այնտեղ: Քառասուն տարի մայրը, գիշեր–ցերեկ արտասվելով, փնտրեց նրան, մինչեւ գտավ: Իսկ որդին, երբ տեսավ մորը, մտավ քարայրը, դուռն ամուր փակեց ու սկսեց աղոթել:

- Ո՛վ քաղցրիկ ու անուշ մինուճար որդյակ,- բախելով դուռը, արտասվելով աղերսեց մայրը,- ո՛վ իմ ծերության նեցուկ ու գավազան, խղճա մորդ ու եկ, որ տեսնեմ դեմքդ, քանզի քառասուն տարի է՝ կարոտ եմ քեզ եւ քեզնից բացի ուրիշ սիրելի ու հարազատ չունեմ:

- Մա՛յր իմ,- պատասխանեց որդին,- այս աշխարհում իրար տեսնելու հնար չկա, գնա աստվածային օրենքներն ու պատվիրանները բարի գործով կատարիր, որ երկուսս էլ, երբ այս աշխարհից մահվամբ հեռանանք ու արժանանանք հավիտենական կյանքին, ուրախությամբ տեսնենք իրար:

Շատ աղաչեց մայրը որդուն, սրտակտուր, աղերսախառն ու ողբալի բաներ շատ ասաց, բայց որդին ականջալուր չեղավ: Այդ ժամանակ մայրը, բացելով գլուխը եւ կուրծքը ծեծելով, անիծեց որդուն.

- Որդյա՛կ, դու չլսեցիր իմ աղաչանքները, հաշվի չառար ծերությունս ու չարչարանքներս, կարոտս ու փափագներս, չխղճացիր ինձ: Խնդրում եմ Աստծուց, որ անօրեն ու դաժան մարդկանց ձեռքն ընկնես, գլուխդ բաց, աչքերդ թաց, վզիդ` շղթա ու ձեռքդ կապած, ցիցն ուսիդ, դահիճը՝ մոտդ, դատավորների ու թագավորների առջեւ հրապարակում կանգնած խայտառակվես:

Թողեց մայրը որդուն քարայրում եւ թաց աչքերով վերադարձավ տուն: Երկու օր անց քարայրի կողքի ճանապարհով վաճառականներ էին անցնում: Ավազակները հարձակվեցին նրանց վրա, բոլորին կոտորեցին եւ, թալանելով նրանց ունեցվածքը, ապրանքն ու գանձը, հեռացան: Հաջորդ օրը, տեսնելով սպանված ու կողոպտված մարդկանց, եկան բռնեցին ճգնավորին, ասելով.

- Կա՛մ դու ես արել, կա՛մ ավազակների ընկերն ես:

Ձեռքերը ետեւը կապեցին, գլուխը՝ բաց, ցիցը մեջքին, տարան նրան: Այդ ժամանակ ճգնավորը, նայելով քարայրի մոտի բազմաթիվ ծառերին, ասաց.

- Աստծու հրամանով թող երկու ծառ ելնեն իրենց տեղից, գան ինձ հետ եւ թագավորի առջեւ ճիշտ վկայություն տան:

Երկու ծառ ելան արմատներով եւ ճգնավորի հետ գնացին: Թագավորը տեսավ ծառերն ու զարմացավ: Այնժամ ծառերը լեզու առան եւ ասացին, թե ովքեր են մարդասպանները: Ճգնավորն ազատվեց:

- Եթե դու այդպիսի հրաշագործ մարդ ես,- դիմեց նրան թագավորը,- ինչո՞ւ իմ ծառաներից չազատվեցիր, որ այդպես խայտառակ կերպով բերեցին քեզ:

- Իմ մայրն ինձ այսպես անիծեց,- ասաց ճգնավորը,- Աստված լսեց մորս եւ անեծքը կատարեց:

Լսելով այս՝ թագավորը դիմեց հավաքվածներին.

- Լսե՛ք ու միտք արե՛ք: Եթե մեկ անգամ մոր անեծքով այսպիսի հրաշագործ ճգնավորը խայտառակ եղավ, ապա հազար վայ այն զավակներին, որոնք ամեն օր քրքրում են իրենց ծնողներին, կա՛մ դուրս են անում, կա՛մ անարգում են՝ ժառանգելով նրանց անեծքը:

Որդին, եթե անիծվում է ծնողից, անիծվում է նաեւ Աստծուց, օրհնվում է ծնողից` օրհնվում է եւ Աստծուց:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները