Միշտ հիշեք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով, հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը, եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

արդկային կյանքը, ցավալիորեն լեցուն է, միջանձնային հարաբերություններում արձանագրվող, մեղանչումներով, ընդհարումներով, բախումներով, իսկ շատ հաճախ էլ նենգություններով ու դավադրություններով: Այսպես է եղել երեկ, այսպես է այսօր, այսպես է լինելու վաղը, քանի որ մեր մարդկային բնությունը, ավելի ստույգ՝ բնազդական մղումները, ունենալու, տիրանալու անհագուրտ մարմաջը, մեղմաբարո ու ստեղծագործ վիճակից հեռացնելով՝ դարձնում են կռվազան ու անզիղջ, ինչն էլ երբեմն պատճառ է դառնում մի ողջ հասարակության անկման ու կործանման:

Մարդկության պատմության հենց սկզբից (Ադամի ու Եվայի գայթակղության դրվագը, Ծննդ. Գ 1-13, Աբելի ու Կայենի աստվածաշնչյան պատումը, Ծննդ. Դ 1-15) մենք տեսնում ենք, թե ինչպես է մարդ արարածի պարզամտությունը, փառատենչիկ ու ընչաքաղց բնությունը դարձել անկման պատճառ, այնուհետեւ հերյուրել բախումներ, սպանություններ, պատերազմներ, նախճիրներ:

Աստվածաշնչյան ճշմարտությունը, պատմական ահռելի փորձը պատգամում են ու սովորեցնում, ասելով՝ անխուսափելի են միջանձնային մեղանչումները, սխալներն ու բախումները:

Այսպիսով հարց է առաջանում՝ ո՞րն է ճիշտ ճանապարհը: Ի՞նչ եղանակներով ու միջոցներով կարելի է կանխել, խուսափել ու լուծել վերը հիշատակված իրողությունները: Հարցի ամենախոսուն ու ամենամարդասեր պատասխանները գտնում ենք Աստվածաշունչ մատյանում, հատկապես՝ Հիսուս Քրիստոսի ուսուցումներում ու պատգամներում:

Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Այն ժամանակ Պետրոսը մոտեցավ Հիսուսին եւ հարցրեց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան. մինչեւ յո՞թն անգամ»: Հիսուս պատասխանեց. « Ոչ թե յոթն անգամ, այլ յոթանասուն անգամ յոթը» (Մատթ. ԺԸ 21-22): Ավետարանական այս կարեւորագույն դրվագից վերջնականապես պարզ է դառնում, որ չափ կամ սահման չկա մեղանչելու, սխալվելու, ապաշխարելու եւ, ուրեմն, նաեւ ներելու, մեղքերին թողություն տալու: Իսկ ավելի որոշակիացնելով կարող ենք ասել՝ ինչպես կարող ենք անսահմանորեն սխալվել ու մեղանչել, այդպես էլ կարող ենք զղջալ ու ներվել:

Եթե մենք իսկապես գիտակցում ենք, որ հանապազ կարող ենք սխալվել ու մեղանչել, ապա ինչպե՞ս կարող ենք չներել ու անգթությամբ ապրել: Չէ՞ որ Ամենողորմ Տերը ներում է մեր գործած բոլոր մեղքերը (ասածիս ամենուսույց օրինակը Տերունական աղոթքի հետեւյալ խոսքերն են. «….Ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ….» (Մատթ. Զ 12), տալիս հնարավորություն՝ զղջալու եւ ապաշխարելու: Առավել եւս մենք պետք է ներենք մեր նմաններին, այլապես կնմանվենք «Աններող ծառայի առակի» անխիղճ պարտատեր ու ամոթապարտ հերոսին (Մատթ. ԺԸ 23-35):

Մտակառուցումս ուզում եմ ավարտել մարդկային ստեղծարար մտքի գանձարանից մի քանի մեջբերումներով՝ առանց հեղինակներին նշելու, որոնք, կարծում եմ, եւս մեկ անգամ մեզ ինքնաքննումի, խոկման առիթ կտան. «Եթե բոլորը սխալվում են, նշանակում է բոլորն իրավացի են», «Ամենամեծ սխալն է կարծել, որ դու երբեք չես սխալվում», «Սիրի՛ր ճշմարտությունը, բայց եղիր ներողամիտ սխալների հանդեպ», «Մարդը ծեր չէ, քանի դեռ զղջումները չեն փոխարինել երազանքներին», «Ներման գերագույն աստիճանն այն է, երբ կարողանում ես ինքդ քեզ ներել այն բոլոր վերքերի համար, որ պատճառել ես սեփական կյանքիդ: Ներումը սեփական անձի նկատմանբ սիրո արտահայտություն է: Երբ ներում ես ինքդ քեզ, սկսվում է ինքնաընդունումը, եւ սեփական անձի հանդեպ սերն աճում է»:

ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները